Գործատուներին պետք է հակադրել ուժեղ արհմիություններով, որ բիզնես շահի արանքում չոտնահարվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահը․ Հերիքնազ Տիգրանյան
18:57 - 13 հունվարի, 2021

Գործատուներին պետք է հակադրել ուժեղ արհմիություններով, որ բիզնես շահի արանքում չոտնահարվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահը․ Հերիքնազ Տիգրանյան

2020 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ փորձագետներն առաջարկել են նաեւ լրացուցիչ հայեցակարգային կետեր։ Փորձագիտական շրջանների առաջարկած լրացուցիչ կետերից մեկն էր այն, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրվի աշխատանքի իրավունքը։ 

Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, սակայն, Infocom.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման փոփոխություն իրականացնելու դեպքում Սահմանադրության հետ ուղիղ հակասություն կունենանք:

Թեեւ մեր զրուցակիցն ամբողջությամբ համաձայն է, որ օրենսդրորեն ամրագրվի աշխաանքի իրավունքը, բայց, նրա խոսքով, դա պետք է ոչ թե ընթացիկ օրենսդրությամբ, տվյալ դեպքում Աշխատանքային օրենսգրքում ձեւակերպվի, այլ պետք է ամրագրվի նաեւ ՀՀ Սահմանադրությամբ։ Իսկ գործող սահմանադրական կարգավորումներն աշխատանքի իրավունքի մասով ամրագրում են ոչ թե յուրաքանչյուր ոքի աշխատանք ունենալու կամ աշխատանքի իրավունքը, այլ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը։ Ստացվում է՝ առաջարկը հակասում է Սահմանդրությանը։ Պատգամավորն ընդգծեց, որ հարցը պետք է լուծել Սահմանադրական փոփոխությունների շրջանակում։

Վերջինս լիովին համաձայն է փորձագետների այն առաջարկի հետ, որ Աշխատանքային օրենսգրքում պետք է հստակ ամրագրվի աշխատողների ֆիզիկական, հոգեկան, սեռական անձեռնամխելիությունը։ 

«Սա ենթակա է ամրագրման՝ որպես արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովման մեխանիզմ։ Նաեւ Սահմանադրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ աշխատանքի իրավունք, իսկ արժանապատիվ աշխատանք ասվածը ոչ միայն աշխատանքի ֆիզիկական պայմաններն են, այլ նաեւ հոգեբանական, սեռական անձեռնմխելիությունը երաշխավորված աշխատատեղի հնարավորությունը»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով, որ հրապարակված կոնցեպտը վերաբերում է ոչ թե աշխատանքային իրավահավասարության ամբողջ դաշտը կարգավորելուն, այլ գործող Աշխատանքային օրենսգրքում կոնկրետ ինստիտուտների փոփոխություններին։

Անդրադառնալով պետական ոլորտում աշխատողների իրավունքներին, ուժային կառույցներում արհեստակցական միությունների բացակայությանը՝ պատգամավորը նկատեց, որ պետությունը չի սահմանափակում պետական ծառայողներին, եւ որ նրանք ունեն արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունք։ Սակայն այստեղ կա բացառություն․ արհեստակցական միության անդամ չեն կարող լինել Ոստիկանության, Զինված ուժերի, ԱԱԾ-ի, Դատախազության ծառայողները, դատավորները՝ այդ թվում Սահմանադրական դատարանի։ Սա պայմանավորված է այդ կառույցների ու իրենց առջեւ դրված օրենսդրական լիազորությունների շրջանակի կարեւորությունից։ Բանն այն է, որ արհեստակցական միությունը գործադուլ հայտարարելու իրավունք ունի, իսկ այս կառույցների համար սահմնափակված է նաեւ գործադուլ հայտարարելու իրավունքը․

«Հետեւաբար ամեն իրավունք չէ, որ բացարձակ իրավունք է, եւ որոշ դեպքերում իրավունքը կարող է սահմնափակվել՝ ելնելով օրենքով հետապնդվող նպատակից եւ շահից։ Կարծում եմ՝ այնքան էլ ողջամիտ չէ նման իրավունքի թույլատրումը։ Ես արդարացված եմ համարում տվյալ մարմինների՝ արհմիություններ ունենալու սահմանափակումը»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ պետական համակարգի մյուս բոլոր օղակներում կան արհմիություններ եւ այսօր էլ կան պետական հիմնարկների ճյուղային հանրապետական արհմիություններ։ 

«Հնարավոր է՝ քաղծառայողները տեղյակ չեն, բայց վստահաբար արհմիության անդամ են։ Վատ է, որ տեղյակ չլինեն։ Դա հիմնականում արհմիության բացն է․ արհմիություն ստեղծելու նախաձեռնությունը ներքեւից չի գալիս, երբեմն իներցիոն գործընթացներով է ձեւավորվում, ինչը շատ վատ է»։

Խոսելով իրազեկման նմանօրինակ բացերից՝ պատգամավորն այն կապեց արհեստակցական միության աշխատանքի եւ գործառույթների հետ․ 

«Արհմիությունները, որպես հասարակական միավորումներ, պետք է իրենց գովազդն անեն եւ իրենց աշխատանքների մասին տեղեկացնեն։ Ամեն արհմիություն, որպեսզի նաեւ անդամների թիվն ավելացնի, պետք է գովազդի ե՛ւ իր կատարած աշխատանքները, ե՛ւ հետապնդող այն նպատակները, որոնց համար ինքն ստեղծվել է՝ գրավելով ավելի ու ավելի շատ ոլորտի աշխատողների։ Բայց քանի որ իրենք իրենց շատ քիչ են գովազդում, իրենց կատարած աշխատանքի մասին շատ քիչ են խոսում, կա տպավորություն, որ մեր երկրում ընդհանրապես չկան արհմիություններ, իսկ իրականությունն այլ է։ Երբեմն կատարած աշխատանքների մասին իրազեկման դասընթացներ արվում են, բայց դա շատ քիչ է, տեղեկությունը չի հասնում վերջնական շահառուին՝ աշխատողին»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։

Հերիքնազ Տիգրանյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է արհմիություններին նոր իրավական լծակներով օժտել, որ ավելի իրավազոր լինեն աշխատողի իրավունքը պաշտպանել․

«Գործատուները, որպես աշխատատեղ ստեղծողներ, արտոնյալ են դիտվում, հետեւաբար գործատուներին պետք է հակադրել ուժեղ արհմիություններով, որ բիզնես շահի արանքում չոտնահարվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահը»։ 

Հայաստանյան աշխատողների հանդեպ գործատուների խտրական վերաբերմունքի դրսեւորումները քիչ չեն․ «Իմ քայլի» պատգամավորը Հայաստանում խտրականության դեմ պայքարող պետական մարմին ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում․

«Միանշանակ պետք է խտրականության դեմ պայքարող պետական մարմին։ Դրան կնպաստի նաեւ իրավահավասարության մասին օրենքի ընդունումը, որը նախագծային վիճակում է, եւ որով նախատեսվում է նմանատիպ մարմնի ստեղծումը։ Այս պահին գործող Աշխատանքային օրենսգրքում սահմանված է, որ աշխատանքի ընդունվելիս եւ աշխատանքային հարբերություններ իրացնելիս օրենքով պաշտպանվող որեւէ հիմքով՝ կլինի սեռ, տարիք, ռասա, դավանանք, քաղաքական հայացք եւ այլն, խտրականությունն արգելվում է, իհարկե, եթե աշխատանքի բնույթով այն պայմանավորված չէ. օրինակ՝ մոդելային բիզնեսի դեպքում խտրականությունը տրամաբանված է։ Այս արգելքի նկատմամբ հսկողությունը կսկսվի 2021 թվականի հուլիս 1-ից, երբ Աշխատանքի տեսչության համար նախատեսված դրույթը կմտնի ուժի մեջ»,- ասաց Տիգրանյանը։

Իսկ երկրորդ գործիքը կլինի, երբ իրավահավասարության մասին օրինագիծը կդառնա օրենք։ Պատգամավորի վստահեցմամբ՝ ցանկացած դեպքում հանգելու են ապացուցողական բազային․

«Հասկանում ենք, որ սա հեշտ, ամենապարզ ապացուցելի դեպքերից չէ, բայց նաեւ խրախուսում ենք, որ քաղաքացիները ցանկացած դեպքում հետամուտ լինեն իրենց իրավունքը պաշտպանելու, եթե, օրինակ, աշխատանքից ազատումը պայմանավորված է Սահմանադրության 29-րդ հոդվածով պաշտպանվող հատկանիշներով՝ այն է՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»։

 

Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել