1lurer.am: Հաղթանակ ու պարտություն ասվածը կախված է կողմերի պլան մաքսիմումից և պլան մինիմումից: Այսինքն՝ այստեղ կարևոր է հասկանալ՝ ինչ էր ուզում ադրբեջանական կողմը և ինչ ստացավ: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ էր ուզում, բայց կարող եմ ասել, որ ստացավ ոչ ավելին, քան ստացանք մենք: Այդ մասին ասաց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Այսինքն՝ ապաշրջափակումը, ըստ ստորագրված փաստաթղթի, պետք է իրականացվի պարիտետային սկզբունքի հիման վրա, այսինքն՝ նույն այն իրավունքները, որ մենք ենք ունենալու իրենց ճանապարհներից օգտվելուց, նույն այդ իրավունքները իրենք են ունենալու: Եվ երկրորդ՝ Հայաստանի տարածքում որևէ ճանապարհ, միջանցք որևէ հատուկ կարգավիճակ չի ունենալու, որը տարբերվելու է Հայաստանի տարածքի որևէ այլ կտորից»,- ընդգծեց նա:
Եղոյանի խոսքով՝ բեռնափոխադրումների առումով ճանապարհներին անվտանգային խնդիրներ չեն առաջանա, իսկ եթե, այնուամենայնիվ, խնդիրներ լինեն, ապա դրանք կլինեն երկու կողմի համար էլ: Նա նշեց, որ նշված ճանապարհներով քաղաքացիների երթևեկության մասով հստակեցում դեռևս չկա, եթե նման հարց բարձրացվի, հասկանալի է՝ գործելու են անվտանգային բոլորովին այլ նորմեր:
ԱԺ պատգամավորն ասաց, որ ապաշրջափակումից Հայաստանը շահելու է, այլ հարց է՝ որքանով է շահելու Ադրբեջանը, և տնտեսական շահը որքանով է փոխարինվելու քաղաքականի: «Բնականաբար, ապաշրջափակումը չի կարող միակողմանի լինել: Իսկ դրա տնտեսական արդյունավետության մասին կխոսեն տնտեսագետները»,- ընդգծեց Եղոյանը:
Անդրադառնալով Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներին գերիների վերադարձի մասով՝ նա նշեց, որ այդ հարցը պետք է լուծվի քաղաքական օրակարգից անկախ: «Գերիների հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի համաձայն, դա քաղաքական քննարկման հարց չէ, և վստահ եմ՝ միջազգային ճնշման միջոցով մեզ կհաջողվի այդ հարցը լուծել: Մենք չհասանք գերիների վերադարձի հարցի լուծմանը, բայց եռակողմ բանակցությունները 3.5 ժամ են տևել, և ակնհայտ է, որ քննարկվել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ գերիների հարցը: ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կարևորեցին հումանիտար հարցերը, անդրադարձան նաև Արցախի կարգավիճակի հարցին: Կարծում եմ՝ գերիների վերադարձի հարցը օրակարգում է, կողմերի միջև այդ հարցի շուրջ կա փոխըմբռնում»,- ասաց ԱԺ պատգամավորը:
comment.count (0)