«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման ծրագիր, որն իրականացվում է հիմնադրամի գործընկերների և նվիրատուների միջոցով: Այս մասին հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հիմնադրամը ծրագրի շրջանակում համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ: Վերջինս մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժման արդյունավետ կազմակերպման գործում, որն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից:
Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, ծրագրի այս փուլում արդեն Հայաստան է բերվել նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ: Այժմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հնարավորություն կունենա ընդունել և սպասարկել ավելի շատ զինծառայողի:
Հունվարի 23-ին ևս տեղի կունենա դրամահավաք-միջոցառում, որը նախաձեռնել է System of A Down մետալ-ռոք խումբը: Հավաքագրված միջոցների մի մասն ուղղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ 30 պրոթեզի ձեռքբերմանը:
Ըստ հաղորդագրության՝ ծրագրի իրականացմանն իր մեծ աջակցությունն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմինը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի վիրավոր զինվորների պրոթեզավորման և վերականգնողական բուժում ստանալու համար ծրագրի այս փուլում հատկացրել է 1.5 միլիոն դոլար:
comment.count (0)