«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին
18:51 - 09 փետրվարի, 2023

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։

Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, որի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն։  «Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային  ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը, ուստի հատկացված ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի այդ հաստատությունների վերանորոգմանը։

Այս հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայում գործող  եկեղեցական և համայնքային այլ կառույցների ներգրավվածությամբ:

Նշենք, որ սիրիահայությանը նախորդ  օժանդակության ծրագիրն իրականացվել էր 2020 թվականին, երբ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Սիրիայում էլ ավելի բարդացավ   առողջապահական և սոցիալ–տնտեսական իրավիճակը: Հիմնադրամը 70 հազար ԱՄՆ դոլար տրամադրեց  Սիրիայում գործող  մի շարք հայկական կրթօջախների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող սիրիահայությանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում երկրաշարժից տուժածներին և հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է սիրիահայության կողքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել