ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին |amerikayidzayn.com|
21:27 - 06 փետրվարի, 2021

ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Բաքվում ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման շուրջ տարածված հաղորդումների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունը հղում է անում ամերիկյան կողմի պաշտոնական թվիթերյան գրառմանը:

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Ամերիկայի ձայնի հարցմանը՝ կապված ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության, համաձայն որի՝ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ և հայտնել ամերիկյան ընկերությունների պատրաստակամության մասին՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանը:

ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում, մասնավորապես, ասված է.

«Մենք շարունակում ենք մնալ խորապես մտահոգված անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք, որ տարածաշրջանում առկա են մարդասիրական կարիքներ: ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

Պետքարտուղարությունը նաև հավելել է. «ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վստահորեն ներկայացնում են մեր դիրքորոշումները որոշակի հարցերի շուրջ: Օտար կողմերի և աղբյուրներիբնութագրումները՝ ոչ: Հետևաբար, մենք հղում ենք անում դեսպան Լիցենբերգերի թվիթերյան գրառմանն այս հանդիպման մասին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հունվարի 30-ին թվիթերյան գրառում է կատարել ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման մասին, որտեղ մասնավորպես ասված է.

«Չորեքշաբթի օրը դեսպան Լիցենբերգերը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը: Նա նշել է, որ տնտեսական վերակառուցումն ու հաշտեցումը, որը կաջակցի ԼՂ-ում խաղաղ բանակցային կարգավորմանը, օգուտ կտա տարածաշրջանի բոլոր երկրներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել