ԶԼՄ-ները խեղաթյուրել են Լավրովի` ԵՄ-ի հետ հարաբերությունը խզելու մասին հայտարարության իմաստը. Կրեմլ |tert.am|
16:12 - 12 փետրվարի, 2021

ԶԼՄ-ները խեղաթյուրել են Լավրովի` ԵՄ-ի հետ հարաբերությունը խզելու մասին հայտարարության իմաստը. Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստանը երբեք չի լինի Եվրամիության հետ հարաբերությունների խզման նախաձեռնող, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության իմաստը խեղաթյուրել են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

«Այնուամենայնիվ, ԶԼՄ-ներն առանց համատեքստի ներկայացնում են այս սենսացիոն վերնագիրը, և դա ԶԼՄ-ների կողմից մեծ սխալ է, որը փոխում է խոսքերի իմաստը։ Իմաստն այն է, որ մենք դա չենք ուզում, մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց եթե Եվրամիությունը գնա այդ ճանապարհով, ապա այո, մենք պատրաստ կլինենք։ Քանի որ պետք է պատրաստ լինել վատագույնին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ հենց այդ մասին է խոսել նախարարը։

«Իսկ նրա խոսքերի իմաստը խեղաթյուրվել է, խեղաթյուրվել և ներկայացվել է սենսացիոն վերնագրով, որով, թվում է՝ Ռուսաստանն ինքն է նախաձեռնում Եվրամիության հետ հարաբերությունների խզումը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ խզել իր հարաբերությունները, եթե վերջինս ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ կիրառի։

«Դա տեղի կունենա, եթե ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ կիրառվեն, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,-ասել է Լավրովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել