Կառավարությունը ոչ մի կերպ չի հերքում համացանցում հայտնված զիջողական հուշագրի իրական լինելը |hetq.am|
10:38 - 21 փետրվարի, 2021

Կառավարությունը ոչ մի կերպ չի հերքում համացանցում հայտնված զիջողական հուշագրի իրական լինելը |hetq.am|

hetq.am: Կառավարությունը խուսափում է հստակ պատասխան տալ՝ համացանցում հայտնված հուշագիրը Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին իրակա՞ն է, թե՞ կեղծ: Հարցն այն է, որ գործադիր իշխանությունը չի հերքում դրա իրական լինելը:

Չնայած փաստաթղթում չի երեւում ստորագրություն, փաստ է, որ դրանում ամրագրված բոլոր կետերն իրականություն են դարձել: «Հուշագիր Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին». այսպես է կոչվում այն փաստաթուղթը, որը մեծ աղմուկ հանեց վերջերս:

Ըստ էության, հենց սա է այն փաստաթուղթը, որով ամրագրվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո հայկական ուժերի դուրսբերումը վերջիններիս վերահսկողության տակ մնացած Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մի մասից: Դրանում ամրագրվել է նաեւ Սյունիքի որոշ ճանապարհների վերահսկողության կարգը:

Հասկանալու համար իրադարձությունների ընթացքը ճիշտ կլինի դիմել ժամանակագրության օգնությանը:


Տարածքների հանձնումը. բանավոր պայմանավորվածությունից բացի՝ դրույթ է եղել թղթի վրա

Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանից» Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից բացի՝ կա արդյոք հավելված, ինչին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Որեւէ հավելվածայլ փաստաթուղթ եւ այլնէդպիսի բան գոյություն չունի»:

Սրանից 4 օր անց՝ դեկտեմբերի 13-ին, անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարեց. «...Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Ղուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնումոր այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»:

Դեկտեմբերի 17-ին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն ահազանգեց, որ նույն օրն առավոտյան ՊՆ-ից հրահանգել են մինչեւ ամսի 18-ի ժամը 17-ը թողնել Կապան քաղաքի ու հարակից 13 գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ) անվտանգությունն ապահովող դիրքերը, որոնք, ըստ խորհրդային սահմանների, գտնվում էին Զանգելանի տարածքում:

 

 

Վերոնշյալ հուշագրում, որի իսկությունը իշխանությունը չի հերքում, առաջին իսկ կետով սահմանվել է. «Հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջաններից հանում է իր զինված խմբավորումները»: Այսինքն՝ կարող ենք ասել, որ փաստաթուղթը կազմվել է մինչեւ դեկտեմբերի 18-ը, եւ դրանում նշվածն իրականություն է դարձել:

Վերջին տարածքները հանձնելուց հետո՝ դեկտեմբերի 25-ին, ԱԺ-ում Կապանի համայնքապետ Փարսյանը պատգամավորներին պատմել է. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք (դեկտեմբերի 17-ին - «Հետք»), ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել: Եթե եղել է, ինչի՞ մենք տեղյակ չենք եղել, ինչի՞ ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»:

Դեկտեմբերի 27-ին վերջին պաշտպանական բնագծերը թշնամուն հանձնելու վերաբերյալ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը ասել է. «Քանի որ Ղուբաթլուի եւ Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»:

Փաշինյանը, սակայն, հարցազրույցում չի նշել, որ նոյեմբերին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը հետագայում ամրագրվել է թղթի վրա:

Տարածված հուշագիրն ու պաշտպանության նախարարի հարցազրույցը համընկնում են

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Ըստ ՊՆ-ի՝

  1. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթեւեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։

  2. Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։

  3. Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

ՊՆ-ի այս հայտարարությունը համընկնում է հուշագրում սահմանվածին:

 

 

Ըստ այդմ՝ Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների կոնկրետ հատվածներով (կոորդինատները նշված են - «Հետք») մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը կազմակերպելու նպատակով ճանապարհներից հեռավորության վրա (հեռավորությունը չի հստակեցվում - «Հետք») վիզուալ եւ տեխնիկական դիտարկում են կատարում ՀՀ-ի կողմից ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ ԱՀ-ի կողմից՝ պետական սահմանապահ ծառայությունը, որոնք տեղակայում են սահմանապահ վերակարգեր:

Ահա եւս 3 կետ նշված հուշագրից:

Հայկական եւ ադրբեջանական կողմերը երաշխավորում են նշված ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը, իսկ ճանապարհների եւ սահմանապահ վերակարգերի միջակայքում՝ կողմերի այլ զինված խմբավորումների բացակայությունը, իրենց տարածքներում՝ տեղի բնակչության եւ սահմանային ենթակառուցվածքների անվտանգությունը:

ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմիններն ապահովում են ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխման վերահսկողությունը, իրականացնում են ակտուալ ինֆորմացիայի փոխանակում եւ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու համար կողմերին իրազեկում են անհրաժեշտ պահանջների մասին:

Ադրբեջանական կողմը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով եւ իրականացնում է ճանապարհի տվյալ հատվածից (կոորդինատները նշված են) օգտվելու իր իրավունքը նախնական իրազեկումից հետո:    

Հուշագրի գործողության ժամկետը 5 տարի է, որը հետագայում ավտոմատ կերպով երկարաձգվելու է եւս 5 տարով, եթե դրա ավարտից 6 ամիս առաջ կողմերից մեկը չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այսինքն՝ գործում է նույն մոտեցումը, ինչ 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության պարագայում:

Դեկտեմբերի 20-ին «Զինուժ մեդիային» տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գրեթե ամբողջությամբ կրկնել է այն, ինչ նշված է հուշագրում. «Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կմ-ը իրենց հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը: Իրենք վերահսկում են ճանապարհը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը: Մեր սահմանապահ զորքերի հետեւում կանգնած է մեր բանակը: Եվ ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի ու ճանապարհի միջեւ որեւէ զորք չի լինելու: Նույնը վերաբերում է Ադրբեջանին: Վիզուալ հսկողություն կատարում են ադրբեջանական սահմանապահ զորքերը, հետեւում՝ իրենց զորքը: Այնտեղ նույնպես սահմանապահ զորքերի եւ ճանապարհի արանքում չպետք է լինի որեւէ զինված ստորաբաժանում: Ռուսաստանը մեր եւ ադրբեջանցի սահմանապահների հետ միասին որոշում է, թե ինչ հեռավորության վրա կանգնի իրենց դիտակետը կամ որեւէ այլ միջոց, որն ապահովում է ճանապարհի վերահսկողությունը: Ռուսաստանն ունի անցակետ Գորիսի հատվածում եւ Դավիթ Բեկում: Հիմա գնում է այդ գործընթացը, երբ սահմանապահ զորքերը որոշում են իրենց դիրքերը, ինչ գծով են կանգնելու, եւ դա արվում է ռուս սահմանապահների կոորդինացման ներքո: Նույն ձեւով ապահովվում է Կապան-Ճակատեն ճանապարհի անվտանգությունը»:

Նույն օրը՝ դեկտեմբերի 20-ին, ԱԱԾ-ն հայտարարեց, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ եւ ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Հատկանշական է, որ ԱԱԾ-ն Կապան-Ճակատեն հատվածը չի հիշատակել: Իսկ սահմանային իրավիճակի մասին իր պարբերական հաղորդագրություններում ՊՆ-ն իբրեւ ԱԱԾ-ի վերահսկողության գոտի է նշում միայն Որոտան-Դավիթ Բեկ հատվածը:  

Կոորդինատները. 21, թե՞ 31 կիլոմետր

Եթե հուշագրում առկա կոորդինատներն անցկացնում ենք «Google»-ի քարտեզի վրա, որով սահմանների սիրողական ճշգրտում է արվել պատերազմական գործողություններից հետո, ստացվում է մի պատկեր, որի մասին արդեն գրվել է:

Ըստ այդ կոորդինատների՝ հայ, ռուս եւ ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության տակ է անցնում Հայաստանի Մ-2 մայրուղու Գորիս-Էյվազլի (Ադրբեջան) սահմանագծից գրեթե մինչեւ Կարմրաքար ընկած հատվածը, որի երկարությունը 31 կմ է, ոչ թե 21:

 

 

Ինչպես արդեն գրել ենք, 21 կմ է ստացվում Որոտանի կիրճից՝ ժողովրդի շրջանում հայտնի «թասի» ոլորաններից վերեւ ընկած տարածքից (ոլորանների վերջնամասից) մոտավորապես մինչեւ Կարմրաքար ընկած հատվածը: Այսինքն՝ այդ դեպքում հաշվի չեն առնվում Գորիս-Էյվազլի սահմանագծից մինչեւ Որոտան ձգվող 3,6 կմ-ը, որը սիրողական ճշգրտումներից հետո անցել է Ադրբեջանին, ինչպես նաեւ Որոտանի «թասի» ոլորանները, որոնք գրեթե ամբողջությամբ ՀՀ սուվերեն տարածքում են:

Այդուհանդերձ, փաստ է, որ Գորիս-Կապան ճանապարհին ռուս սահմանապահները վերահսկողություն են իրականացնում Գորիս-Էյվազլի սահմանագծից մինչեւ Կարմրաքարի կանգառ (Մ-2 մայրուղուց դեպի Դավիթ Բեկ տանող ճանապարհի մոտ): Այս երկու կետերում ռուսները դիտակետեր ունեն (մենք անցել ենք այդ ճանապարհով ու ֆիքսել ենք ռուսների դիտակետերը): Ըստ այդմ՝ նրանց վերահսկողության տակ գտնվող մայրուղին փաստացի 35 կմ է:  

Կապան-Ճակատեն վերահսկվող հատվածի երկարությունն էլ, ըստ հուշագրում առկա կոորդինատների, 12,2 կմ է, չնայած պետք է նշել, որ կոորդինատները ներկայացված են ոչ թե սահմանային կետերի, այլ բնակավայրերի կենտրոնների միջեւ: 

 

 

Ինչի՞ց է խուսափում կառավարությունը, եթե թղթին գրվածն արդեն իրականություն է

Փետրվարի 10-ին ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, ինչը նոր հարցեր առաջացրեց, սակայն «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա, ըստ էության, կրկնել է դեկտեմբերի 19-ին ՊՆ-ի հայտարարությունը վիճարկելի տարածքներով անցնող ճանապարհի մասին: Ավինյանի հայտարարության հաջորդ օրը՝ ամսի 11-ին, ՊՆ-ն հիշեցրեց, որ ինքը ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարել է դեռ դեկտեմբերի 19-ին:

Այդուհանդերձ, այս անգամ գերատեսչությունը նշեց, որ պայմանավորվածությունը եղել է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ, ինչը, սակայն, քիչ հավանական է, քանի որ շոշափվում են նաեւ Ադրբեջանի շահերը, հետեւաբար երկկողմանի պայմանավորվածություն չէր կարող լինել: Նախարարությունը, կարծես, փորձում է մեղմել կառավարության հանդեպ ձեւավորված անվստահության մթնոլորտը, քանի որ ցանկացած պայմանավորվածություն ադրբեջանցիների հետ անհանգստությամբ, զայրույթով եւ դժգոհությամբ է ընդունվում:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել