Նախատեսվում է ստեղծել զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող կայք
19:04 - 15 մարտի, 2021

Նախատեսվում է ստեղծել զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող կայք

Պաշտպանության նախարարության հետ համատեղ ցանկանում ենք ստեղծել կայք, որի նպատակը պետք է լինի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակի հավերժացումը՝ անկախ կարգավիճակից, զինվորական կոչումից, գործած սխրանքից, ինչպես նաև պատերազմի պատմության փաստական հիմքի ստեղծումը: Կայքում կընդգրկվեն նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի հուլիսյան (Տավուշյան) և այլ մարտական գործողությունների ժամանակ անմահացած մեր հերոսների մասին տեղեկությունները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: 
 
«Կայքի կազմակերպման համար հրավիրում ենք մասնագետների, ովքեր որպես կամավոր կներգրավվեն կայքի պատրաստման աշխատանքային խմբում։ Ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլփոստի միջոցով։
 
Կայքը ունենալու է որոնման պատուհան՝ ընդլայնված որոնման հնարավորություններով այբբենական կարգով՝ անուն-ազգանուն-հայրանունով, ծննդյան տարեթվով, ծննդավայրով, հուղարկավորության վայրով, զինվորականների դեպքում՝ կոչումներով, զորամասերի համարներով, պարգևներով և այլ տվյալներով:
 
Կայքն ունենալու է պատմությունների բաժին, որտեղ կտեղադրվեն մարտական ընկերների կողմից ներկայացված պատմությունները զոհված կամ անհետ կորած հերոսների մասին։
 
Կայքը ունենալու է նաև տեղեկությունների համալրման հնարավորություն, ինչը օգտատերերին հնարավորություն կտա հավելյալ տվյալներ/լուսանկարներ ներբեռնել կայք: Օրինակ՝ ծնողները, հարազատները կամ ընկերները կարող են ավելացնել լուսանկարներ կամ այլ, այդ թվում՝ ճշգրտող տվյալներ:
 
Ըստ էության, կայքը հնարավորություն կտա անուն առ անուն ճանաչել մեր հերոսներին՝ կարդալ նրանց կենսագրությունները, անցած ուղին, տեսնել նրանց լուսանկարներն ու դիտել նրանց մասին տեսանյութերը։
 
Փառք մեր բոլոր հերոս եղբայրներին և քույրերին։
 
Նկարում կայքի նախնական էսքիզային տարբերակներից մեկն է, մոտավոր պատկերացում կազմելու համար»,- գրել է պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել