ermenihaber.am: Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) մակարդակը կարող է ոչ միայն չնվազել, այլև ընդհանրապես դուրս գալ վերահսկողությունից։ Այս մասին ահազանգել է թուրք պրոֆեսոր և լրագրող Էմրե Ալքինը։
Անդրադառնալով մարտին երկրում գրանցված ինֆլյացիայի մակարդակին՝ Ալքինը արձանագրել է, որ նախորդ ամիս ամենաբարձր գնաճը գրանցվել է առողջապահության, սննդի և կրթության ոլորտներում, որոնք բնակչության հիմնական պահանջմունքների ոլորտներն են։
Պրոֆեսորը համոզված է, որ միայն որոշակի ապրանքների գների ժամանակավոր զեղչերով հնարավոր չէ պայքարել գնաճի դեմ․ անհրաժեշտ են ավելի համակարգված և կայուն լուծումներ։ Ալքինի խոսքով՝ մինչ օրս Թուրքիայում ինֆլյացիայի աճի դեմ կիրառված միջոցներն իրականում արտակարգ դրություններում օգտագործվող մեթոդներ են, որոնք երկարատև ժամկետում որևէ շոշափելի արդյունք չեն տալիս։
Մասնագետի կարծիքով՝ գների իրական իջեցումը հնարավոր է միայն ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի նվազեցման միջոցով, որպեսզի արտադրողներն ու ծառայություններ մատուցողները կարողանան հանրությանն իրապես ավելի էժան ապրանքներ ու ծառայություններ մատուցել։ «Եթե դա չարվի, գնաճը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - պնդում է Ալքինը։
comment.count (0)