Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր 2 խմբակցության աջակցությունը․ «Իմ քայլի» պատգամավոր |hetq.am|
13:25 - 22 մարտի, 2021

Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր 2 խմբակցության աջակցությունը․ «Իմ քայլի» պատգամավոր |hetq.am|

hetq.am: «Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը: Ենթադրում եմ, որ առնվազն անկախ պատգամավորների մի կարևոր մաս պետք է աջակցի այս նախաձեռնությանը»,- այս մասին ասյօր՝ մարտի 22-ին, Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Ըստ պատգամավորի՝ ցանկացած երկրում ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները փոխելն՝ առանց ընդդիմադիր շրջանակների աջակցության, կարող է մեկնաբանվել և ներկայացվել որպես իշխանության քայլ՝ միտված իր հնարավորություններն ավելացնելուն:

Համազասպ Դանիելյանը նշեց՝ երբ նախագիծը կդրվի քվեարկության Ազգային ժողովում, քննարկման մաս պետք է լինի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը:

«Դա վերաբերելու է առնվազն տասնյակ կուսակցություններին, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին: Այս տեսակի կարևորագույն ռեֆորմները պետք է անել՝ հնարավորինս մեծ կոնսենսուս ապահովելով: Լիահույս եմ, որ երբ հասնենք բովանդակային քննարկումների, կոնսեսուսն ապահովելու հնարավորություն, այդուհանդերձ, կլինի»,- ասաց նա:

«Իմ քայլի» պատգամավորի խոսքով՝ այն պարագայում, երբ ընդդիմադիր խմբակցությունները որոշեն դեմ քվեարկել նախագծին, իրենք իրենց անհարմար վիճակի մեջ են դնելու հենց այն պատճառով, որ ցանկացած փաստարկ, որ այսօր բերվում է այս նախագծի դեմ, գոյություն է ունեցել 2018-ի աշնանը, և 2 խմբակցությունների ներկայացուցիչներն էլ 2018-ին կողմ են եղել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

«Հետևաբար, այս դիրքորոշումը, որն ընդդիմությունը որդեգրել է, կարծում եմ, որ նախ հակասում է 2018-ի իրենց դիրքորոշմանը, հակասում է հանրային շահին, որովհետև հանրությունը նույնպես ակնկալում է խաղի կանոնների փոփոխություն»:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Հայ Ազգային Կոնգրես»-ի հայտարարությանը՝ ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանը նշեց, որ իրենք չեն հայտարարել, որ չեն մասնակցելու ընտրություններին, այլ տվել են Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված իրավիճակի իրենց գնահատականը:

Նրա խոսքով՝ կուսակցության գլխավոր մտահոգությունը համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է:

«Քաղաքական կոռուպցիայի միջոցով ձևավորվել էր իշխանություն, և քաղաքական կոռուպցիայի գլխավոր գործիքը, որը կիրառվել է, ռեյտինգային համակարգն էր: Այլ բան, քան կոռուպցիոն սիստեմ, դա իրենից չի ներկայացնում: Այդ իսկ պատճառով արմատական խնդիր էր դրված, որ եթե մենք ուզում ենք պետությունը ձերբազատել կոռուպցիայից ընդհանրապես, նախևառաջ պետք է վերացնել քաղաքական կոռուպցիան: Հետևաբար, ռեյտինգային համակարգի, նաև ընտրությունների ընթացքում ապօրինի տարբեր ֆինանսական լծակների կիրառման հնարավորությունների վերացումը, պետք է դառնա գերխնդիր այս օրենքի ընդունման ժամանակ»,- հայտնեց ՀԱԿ անդամը:

Ըստ Աբրահամյանի՝ եթե խորհրդարանական քաղաքական ուժերը գնան ռեյտինգային ընթացակարգով ընտրությունների, ապա իրենց համոզմամբ, ոչ միայն չի հաղթահարվի քաղաքական ճգնաժամը, այլև կստեղծվեն նախադրյալներ մի նոր ճգնաժամի ձևավորման համար.

«Այս ճանապարհով ընտրված խորհրդարանը, ինչպիսի քվեարկություններ էլ որ լինեն, շատ արագ կորցնելու է իր լեգիտիմությունը: Դա նշանակում է, որ հեռանալուց առաջ այս խորհրդարանը մի նոր ական է դնում ամբողջ պետական համակարգի հիմքում, ստեղծում է ապագա ճգնաժամերի հիմքեր և հեռանում: Սա կլինի շատ անփառունակ հրաժեշտ»:

Սուրեն Աբրահամյանի կարծիքով՝ իրական կոնսենսուս ձևավորված է շատ վաղուց: Բացառությամբ «Հանրապետական» կուսակցության՝ Հայաստանի բոլոր քաղաքական մյուս ուժերը, այդ թվում՝ խորհրդարանում ներկայացված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կառույցները, կողմ են նոր օրենսգրքի ընդունմանը:

«Ստացվում է մի զավեշտալի իրավիճակ: Բոլորը կողմ են ինչ-որ բանի, բայց ստացվում է, որ կա մի տեխնիկական պատճառ, որը խոչընդոտում է բոլորի կամքի իրականացմանը: Եթե դա տեղի է ունենում, նշանակում է, որ այդ համաձայնությունը, որ տվել են կուսակցությունները, իրականում կեղծ է, նրանք չեն ցանկանում այդ փոփոխությունները: Կարծում եմ, որ չեն ցանկանում գլխավորապես այն պատճառով, որ տիրապետում են ֆինանսական, վարչական ռեսուրսների, որոնք նրանց տալիս են շատ մեծ առավելություն այդ ընտրություններում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանում աղքատության աստիճանը շատ բարձր է, այդ պայմաններում ֆինանսական ցանկացած լծակ ազդելու է ընտրողի վրա:

ՀԱԿ-ը կարծում է, որ 2018 թվականին բոլոր 3 խմբակցությունների միջև եղել է «կուլիսային» պայմանավորվածություն: Դա հերքելու միակ ճանապարհը օրենսգրքի ընդունումն է:

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել