tert.am: «Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես, համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն, դեռ քննարկումներ են ընթանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Դիտարկմանը, թե ըստ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության՝ Ընտրական օրենսգրքի փոփոխման դեպքում կփոխեն արտահերթին գնալու իրենց մտադրությունը, Մակունցն արձագանքեց՝ վերջնական պատասխան չի կարող ասել, քանի որ չգիտի, թե ինչ նկատի ունի Մարուքյանը:
Մակունցը չմանրամասնեց, թե ում հետ են լինելու քննարկումները և արդյոք այլ փոփոխություններ չեն սպասվում: «Այս պահին որևէ դրվագի մասով մեկնաբանություն չտամ: Ես հասկանում եմ՝ արտահերթ ընտրությունները շատ մոտ են և նաև ամբողջ դաշտը պետք է պատրաստ լինի դրան: Ես հույս եմ հայտնում, որ առաջիկայում որոշում կկայացվի նաև քննարկումների վերջնական ամփոփումը ստանալով: Փոփոխությունները պետք է առաջին հերթին ենթադրեն պարզեցում, որպեսզի ո՛չ ԿԸՀ-ի, ո՛չ դերակատարների համար դա խնդիր չլինի»:
Հարցին, թե ո՞վ է գլխավորելու «Իմ քայլը» խմբակցության ցուցակը և արդյոք թեկնածուների մասով արդեն քննարկումներ եղել են, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն Նիկոլ Փաշինյանն է»:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում Փաշինյանը վարկաբեկված անձ է համարվում և գուցե նրա գլխավորությամբ ընտրությունների գնալու սխալ է, Մակունցը պատասխանեց. «Ես խնդրում եմ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել ինձ և կոռեկտության սահմաններում մնալ»,-ասաց նա և լրագրողների մնացյալ հարցերին չպատասխանելով նշեց, որ դադարեցնում է ճեպազրույցը:
comment.count (0)