armtimes.com: «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին ազատել անշարժ եւ շարժական գույքի հարկից:
Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, Լիլիթ Մակունցն ու Հրաչյա Հակոբյանը շրջանառության մեջ են դրել 2 նախագիծ, որոնցից մեկով առաջարկվում է անշարժ եւ շարժական գույքի հարկից ազատել մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքը: Փոխադրամիջոցի գույքահարկից ազատելու համար անձը պետք է նաեւ վարորդական վկայական ունենա:
Մյուս նախագծով նախատեսվում է, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները օգտվեն ՀՀ տարածքում քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից: Նշենք, որ տրանսպորտից անվճար երթեւեկելու կարգն այս պահին գործում է գործող զինծառայողների եւ ԵԿՄ վարչության անդամների համար:
Առաջարկվում է նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում սահմանել, որ վերոնշյալ անձինք կարող են օգտվել այդ հանգստյան տներում իրենց հանգիստն անցկացնելու իրավունքից:
Վերջին փոփոխությունն այս նախագծով կրթության եւ մշակույթի ոլորտի մասին է: Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները՝
ա) դպրոցական դասագրքերը ստանում են անվճար.
բ) անվճար հաճախում են համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ), Երեւան քաղաքում ընդունելության հերթացանկում օգտվում են առաջնահերթությունից.
գ) անվճար հաճախում են համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն).
դ ) անվճար այցելում են պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ եւ մշակութային այլ հաստատություններ:
Նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում հայտնեց, որ այս նախագիծը վերաբերում է ե՛ւ քառօրյա, ե՛ւ արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին:
Գաբրիելյանի խոսքով՝ հաշվարկներ չկան, թե քանի մարդ է օգտվելու այդ արտոնություններից. «Հաշվարկներն, իհարկե, անհրաժեշտ են նախագծերի համար, բայց սա այն հարցն է, որ անկախ քանակից՝ նրանք միանշանակ պետք է օգտվեն այս արտոնություններից»:
Նրա խոսքով՝ այս նախագիծը բխում է նաեւ վարչապետի՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկից, ըստ որի՝ պետք է ապահովվեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական երաշխիքները:
Գաբրիելյանն ասաց, որ անշարժ գույքի հետ կապված կարգավորում գործում է պատերազմում զոհվածների ընտանիքների համար: Եթե ունեն գույք, մինչեւ այդ գույքի օտարվելը նրանց ընտանիքի անդամներն ազատված են լինում գույքահարկից: Ըստ նրա՝ հիմա փաստացի նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձինք էլ կազատվեն գույքահարկից. «Այստեղ փաստացի ժամանակագրություն չկա, կապ չունի՝ 2020 թվականի պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած կլինի, թե 2016-ի ապրիլյան պատերազմում»:
Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ զոհվածների ընտանիքի անդամներին կամ հաշմանդամություն ստացած անձանց կտրվի 1 միասնական վկայական, որը հիմք կլինի, որ նշված անձինք կարողանան օգտվել լրացուցիչ սոցիալական երաշխիքներից:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)