hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Այս մասին ասաց Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը։ Կոստանյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 9-ին։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Կոստանյանի խափանման միջոցի գործի քննության օրերին պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ և մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով։
Թագուհի Թովմասյանի հայտարարությունից անմիջապես հետո դրանում նշված փաստարկները Կոստանյանի պաշտպանները ներկայացրել են դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերցնելու պահանջը քննարկելիս՝ դրանք որպես նոր հանգամանք հաշվի առնելու նպատակով:
Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը «Հետք»-ի հետ զրույցում դիրքորոշում է հայտնել, որ փաստորեն, Գևորգ Կոստանյանի նկատամբ միջազգային հետախուզումն Ինտերպոլի կանոնագրության 3-րդ հոդվածի պահանջներին հակասող՝ քաղաքական ու ապօրինի է, և դա հաստատվել է համաշխարհային մակարդակով՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության կողմից։
Թագուհի Թովմասյանի հայտարարությանն անդրադարձել է նաև Գլխավոր դատախազությունը՝ հայտնելով, որ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է, Ինտերպոլը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլև չի ստուգում մանրամասները։
comment.count (0)