Գեւորգ Կոստանյան

Գեւորգ Սուրիկի Կոստանյանը 1999 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2006 թ. ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոթինհեմի համալսարանում։ Նախկին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է։ Եղել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոններում։ 

2019 թվականի նոյեմբերի ներգրավվել է որպես Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Նույն թվականի դեկտեմբերի 4-ին Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Գևորգ Կոստանյանը 10 մլն դրամանոց ավտոմեքենան վաճառել է 10 դրամով
 |hetq.am|

Գևորգ Կոստանյանը 10 մլն դրամանոց ավտոմեքենան վաճառել է 10 դրամով |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր սկսվեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, վերջինիս կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, եղբորորդու՝ Արա Կոստանյանի և ընկերոջ՝ Արման Գալստյանի դեմ գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Դատարանը, նախագահությամբ Լիլի Դրմեյանի (վերջինս օրեր առաջ թոշակի անցած Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի դուստրն է), արգելեց տեսալուսանկարահանումը, քանի որ դեմ էր պատասխանողներից Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը: Վերջինս նշեց, որ տեխնիկական միձոցների առկայությունը կաշկանդում են իրեն: Դատավորն այն հիմնավոր համարեց: Սակայն, Վարազդատ Ասատրյանն ասաց, որ հաջորդ նիստերի ժամանակ չի առարկի: Այդ պատճառով լրատվամիջոցներից մեկը լքեց նիստերի դահլիճը, քանի որ այդ պայմաններում հնարավոր չէր տեսանյութ պատրաստել: Մենք նույնպես չենք կարող նիստերի դահլիճից լուսանկար հրապարակել, քանի որ այդ հնարավորությունից զրկել է դատարանը, թեև դրան դեմ չէին ոչ դատախազ Նելլի Տեր-Թովմասյանը, ոչ էլ մյուս պատասխանողների ներկայացուցիչը: Այլ դատարաններում և Հակակոռուպցիոն դատարանի որոշ դատավորներ նմանատիպ դեպքերում թույլ են տալիս մասնակի նկարահանում՝ ագելելով լրատվամիջոցի ներկայացուցիչներին տեսալուսանկարել միայն դեմ հանդես եկող կողմին: Սակայն, Լիլի Դրմեյանը որոշեց խաթարել նիստի հրապարակայնությունը: Այս նիստով լրատվամիջոցների ներկայացուցիչները բախվեցին այլ խոչընդոտի ևս: Դատավորը որոշեց, որ չպետք է հրապարակվեն բանկային առևտրային գաղտնիք պարունակող տվյալներ: Հենց այդ հիմնավորմամբ չհրապարակվեցին Կոստանյաննրերի բանկային ավանդների, դրամական փոխանցումների, անկանխիկ գործարքների վերաբերյալ տեղեկություններ: Դատավորը պարբերաբար հիշեցնում էր դատախազին, որ հայցի հիմքն ու առարկան ներկայացնելուց գաղտնիք պարունակվող տեղեկատվությունը պետք է զատվի և նոր միայն չներկայացվի: Հակառակ դեպքում պետք է դրանք հրապարակվեն դռնփակ նիստի ժամանակ: Հենց այդ պատճառով Նելլի Տեր-Թովմասյանը, ով դատավոր Դրմեյանի դասընկերուհին է, ամեն անգամ դատարանից հարցնում էր՝ այդ տվյալը հրապարակի, թե ոչ: Հարկ է նշել, որ դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը, Գևորգ Կոստանյանի անձո պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով հանրային շահը, կողմ էր, որ տվյալներն ամբողջությամբ հրապարակվեն, ինչին դեմ էր դատարանը: Գաղտնիության հետ կապված դատարանը մոտ 10 րոպե դռնփակ նիստ անցկացրեց, որից հետո ներս հրավիրեցին լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Դատավորի համար այնքան կարևոր չէր լրատվամիջոցների ներկայությունը, որ լրագրողներին ներս էին հրավիրել արդեն դռնբաց նիստի կեսից, երբ դատախազը թվարկում էր բռնագանձման ենթակա գույքերի ցանկը: Մոտ մեկ ժամ էլ քննարկվում էր, թե արդյոք դատախազն ամբողջթւայմբ հրապարակի հայցադիմոըմը, թե ոչ: Երբ դատախազը ընթերցելով հասնում էր ավանդների կամ բանկային փոխանցումների տողին, ասում էր՝ «ավանդներ են, անցանք»: Ինչ հիմքով է սկսվել գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը 2020թ. հոկտեմբերի 8-ին Գևորգ Կոստանյանին պատկանող գույքի առնչությամբ,  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում, սկսվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել է Կոստանյանին պատկանող գույքը՝ 1996թ. հուլիսից: Հենց այդ տարեթվին է Կոստանյանը ձեռք բերել իր առաջին գույքը: Ըստ դատախազության՝ Գևորգ Կոստանյանի և վերջինիս ընտանիքի անդամների օրինական եկամուտները ուսումնասիրվող ժամանակահատվածում կազմել են 123 մլն դրամ: Մինչդեռ վարկի մարման, տարբեր հաշիվներին փոխանցումների, անկանխիկ գնումների, սպառողական զամբյուղին առնչվող ծախսերը կազմել են 632 մլն դրամ: Նշված ծախսերի մեջ ներառված չեն ձեռքբերված գույքեր և դրանց վերաբերյալ կատարված ներդրումները: Գևորգ Կոստանյանին պատկանող միայն ապօրինի ծագում ունեցող գույքերի շուկայական նվազագույն արժեքի հանրագումարը կազմում է 327 մլն դրամ: Դատախազն ըստ տարիների և գույքերի հերթով թվարկեց, թե Կոստանյանները որքան օրինական եկամուտ են ունեցել, ինչ գույքեր են ձեռք բերել կամ վաճառել: Որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր բռնագանձման  ենթակա են Երևան քաղաքում բնակարաններ, Ծաղկաձոր համայնքում բնակելի տուն: Բռնագանձման ենթակա է նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույք, որի ձեռքբերման, ինչպես նաև կատարված շինարարական աշխատանքների արժեքը կազմել է մոտ 169 մլն դրամ: Մինչդեռ այդ ժամանակ, ըստ դատախազի, օրինական եկամուտները կազմել է 1 մլն դրամ: Ընդ որում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող առանձնատան նկատմամբ գրանցված է Գևորգ Կոստանյանի եղբոր որդու, իսկ Ջրվեժ համայնքում գտնվող առանձնատան նկատմամբ՝ ընկերոջ սեփականության իրավունքը: Նշված գույքերն ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա դիտարկվել են որպես Գևորգ Կոստանյանին պատկանող: 1996թ. Գ. Կոստանյանը 60 հազար դրամով Ծաղկաձոր քաղաքում ձեռք է բերել հողամաս, որի վրա 1999թ․ն կառուցվել է առանձնատուն՝ 308քմ մակերեսով: 2003թ․ 243 հազ. դրամով ձեռք է բերել նաև հարևանությամբ գտնվող  հողամասը: Փորձագետի կողմից տրված եզարակացության համաձայն, միայն տան շինարարության արժեքը կազմում է մոտ 92 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ Գևորգ Կոստանյանը 1999թ․-ից մինչև 2003թ. ստացել է ընդհանուրը մոտ 2 մլն 324 հազ. դրամ աշխատավարձ, որն էլ եղել է նրա միակ օրինական եկամուտը: 2007թ․ նշված անշարժ գույքը Գևորգ Կոստանյանը նվիրել է եղբոր որդուն՝ Արա Կոստանյանին: 2010թ․ Գևորգ Կոստանյանի և կնոջ օրինական եկամուտների հանրագումարը կազմել է մոտ 5 մլն դրամ: Նույնքան օրինական եկամուտ էլ ստացել են 2011թ․: Սակայն, 2011թ․ Գ. Կոստանյանը ձեռք է բերել Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի 55/5 հասցեում գտնվող ավտոկայանատեղին՝ 2 մլն 630 հազ. դրամով և նույն հասցեում բնակարան 17 մլն 765 հազ. դրամ արժեքով: 2012թ. Կոստանյան ամուսինների օրինական եկամուտները կազմել են մոտ 5 մլն 239 հազ. դրամ: Նշված տարում Կոստանյանի անվամբ հաշվառվել է «Տոյոտա» մակնիշի  ավտոմեքենա, որի միայն մաքսային արժեքը  կազմել է 4 մլն դրամից ավելի: Ուշագրավն այն է, որ նշված ավտոմեքենան նույն տարում Կոստանյանը վաճառել է 10 դրամով: Սա այն դեպքում, երբ, ըստ փորձագետի, մեքենայի շուկայական արժեքը կազմել է մոտ 10 մլն դրամ: Նույն տարում Գ. Կոստանյանի կողմից 12 մլն դրամով ձեռք է բերվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, որը նույն տարում վաճառվել է 1 մլն դրամով: Գույքի շուկայական արժեքը կազմել է 14 մլն դրամ: Լիլիթ Կոստանյանը 6 մլն դրամով ձեռք է բերել «Լեքսուս» մակնիշի մեկ այլ ավտոմեքենա և նվիրատվության կարգով փոխանցել ամուսնուն: Մեքենան ապօրինի է, քանի որ, դատախազության դիտարկմամբ՝ Լիլիթ Կոստանյանը օրինական եկամուտներ չի ունեցել: Բացի այդ, Լ. Կոստանյանը մոտ 26 մլն դրամով ձեռք է բերել  «Տոյատա Լենդ Կրուզեր» մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ ապօրինի է: 2013թ-ի Լիլիթ և Գևորգ Կոստանյանների օրինական եկամուտների հանրագումարը կազմել է 7 մլն դրամ:  Նշված տարում 2 մլն 835 հազ դրամով Գ. Կոստանյանը վաճառել է Ծարավ աղբյուրի 55/5 հասցեում գտնվող ավտոկայանատեղին, իսկ 35 մլն դրամով՝  նույն հասցեի բնակարանը: Այդ եկամուտները ևս ապօրինի են դիտարկվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց ձեռքբերումը ևս ապօրինի է եղել:  Նույն տարում Կոստանյանի կինը 27 մլն դրամով վաճառել է նաև «Տոյատա Լենդ Կրուզեր» մակնիշի ավտոմեքենան, ինչը նույնպես դիտարկվել է ապօրինի եկամուտ: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Հարություն Մանուչարյանը, ով Գևորգ Կոստանյանի համակուրսեցին է և նախկին օգնականը, 2013թ.  18 մլն 500 հազ. դրամով գնել է «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա, որը հաջորդ օրը նվիրել է Լիլիթ Կոստանյանին: Նույն տարում Լիլիթ Կոստանյանը դարձյալ նվիրատվության պայմանագրով ավտոմեքենան վերադարձրել է Հարություն Մանուչարյանին: Դրանից հետո Մանուչարյանը ավտոմեենան 15 մլն դրամով վաճառել է Տիգրան Խեչոյանին, ով  հանդիսացել է Գևորգ Կոստանյանի ավագ օգնականը: 2014թ. Խեչոյանը նույն ավտոմեքենան նվիրատվության կարգով փոխանցել է Գևորգ Կոստանյանի որդուն: Վերջինս էլ ավտոմեքենան վաճառել է 30 մլն դրամով: Դատախազության ներկայացուցչի փոխանցմամբ՝ նշված փաստերը ցույց են տալիս, որ այդ ավտոմեքենայի իրական շահառուն եղել է Գևորգ Կոստանյանը: Իսկ ձեռքբերման գինը՝ 18 մլն 500 հազ դրամը, չի հիմնավորվել օրինական եկամուտներով: 2014թ․ Գևորգ և Լիլիթ Կոստանյանների եկամուտների հանրագումարը կազմել է 16 մլն  159 դրամ:  Նույն տարում Կոստանյանը 3 մլն դրամով վաճառել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Քանի որ գույքը դիտարկվել է ապօրինի, հետևաբար վաճառքից ստացված եկամուտը ևս դիտարկվել է ապօրինի: 2015թ․ Կոստանյանների եկամուտը կազմել է մոտ 20 մլն դրամ:  Նույն տարում մոտ 18 մլն դրամով որդու՝ Սամվել Կոստանյանի կողմից Երևան քաղաքի Պարույ Սևակ փողոցում ձեռք է բերվել անշարժ գույք: Քանի որ տղն անչափահաս է եղել, նրա անունից հանդես են եկել ծնողները՝ Լիլիթ և Գևորգ Կոստանյանները: Այդ ժամանակ օրինական եկամուտները եղել են  մոտ 6 մլն դրամ, գույքի արժեքի  մնացած մասը համարվում է ապօրինի: 2015թ. Գ. Կոստանյանի կողմից 22 մլն ձեռք է բերվել Կոմիտաս պողոտայի 30/2 շենքում բնակարան, որն ամբողջությամբ դիտարկվել է ապօրինի: 2016թ-ին Կոստանյաննրերի օրինական եկամուտները կազմել են 15 մլն դրամ: Նույն տարում Գ. Կոստանյանն իր վարորդին՝ Մարտին Բադալյանին, 1մլն դրամով վաճառել է Զաքյան փողոցի անշարժ գույքի հողի վարձակալության իրավունքը: Հետագայում քաղաքապետարանի կողմից ուղղակի վաճառքի ձևով 2 մլն 400 հազ. դրամով հողամասը վաճառվել է Մարտին Բադալյանին, վերջինս էլ մոտ 38 դրամով վաճառել է այլ անձի: Դատախազությունը դիտարկում է, որ այդ գույքը իրականում պատկանել է Գևորգ Կոստանյանին: 2017թ. Կոստանյանների օրինական եկամուտը կազմել է 11 մլն դրամ, իսկ 2018-ին՝ մոտ 8 մլն դրամ: Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ 2018թ. Գևորգ Կոստանյանն ու Լիլիթ Կոստանյանն ՔԿԱԳ մարմնում գրանցել են ամուսնալուծություն: Սակայն ուսումնասիրության ընթացքում ձեռքբերված տվյալները վկայում են, որ նրանց ամուսնալուծությունը կրում է ձևական բնույթ: Մասնավորապես, պարզվել է, որ Գևորգ և Լիլիթ Կոստանյանները ամուսնալուծությունից հետո բազմիցս հատել են պետական սահմանը միաժամանակ և նույն ուղղությամբ: Բացի այդ, մինչ օրս շարունակում են հաշվառված մնալ նույն բնակարանում: Ամուսնալուծության գրանցումից հետո Լիլիթ Կոստանյանը արտասահմանյանյան մի շարք փոխանցումներ է կատարել, մասնավորապես՝ Հունաստանի Հանրապետություն: Դատախազությունը ամուսնալուծությունը դիտարկում է ձևական՝ նպատակ ունենալով քողարկել գույքերի շարժը, միմյանց հետ փոխկապվածությունը: 2019թ․ Գևորգ և Լիլիթ Կոստանյանների օրինական եկամուտները կազմել են մոտ 7 մլն դրամ: Սամվել Կոստանյանի կողմից այդ տարվա ընթացքում վաճառվել է Պարույր Սևակի հասցեում գտնվող անշարժ գույքը 50 մլն դրամ, որից միայն մոտ 16 մլն դրամն է դիտարկվել օրինական: Նույն տարում Սամվել Կոստանյանը վաճառել է նաև նվեր ստացած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը ևս օրինական եկամուտ  չի դիտարկվում: 2020թ. ամուսինների օրինական եկամուտը կազմել է 3 մլն 326 հազար դրամ: Գևորգ Կոստանյանից պահանջում են բռնագանձել նաև մոտ 174 մլն դրամ, որը ապօրինի եկամուտների մնացորդն է: Այն իրենից ներկայացնում է ավանդների տոկոսները, որոնք ապօրինի են գնահատվել, գույքի օտարումները: Ինչպես նաև պահանջում են բռնագանձել 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:38 - 06 ապրիլի, 2023
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վարույթ է ընդունվել

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վարույթ է ընդունվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսաներեքերորդ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 3-ին վարույթ է ընդունել: Հայցադիմումը Դատախազության կողմից դատարան էր ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գ.Կ.-ից և նրա հետ փոխկապակցված երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան քաղաքում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363 մլն 565 հազար դրամ. 173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ. 276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
18:24 - 10 հունվարի, 2023
Տարոն Մարգարյանը և Գևորգ Կոստանյանը դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով

Տարոն Մարգարյանը և Գևորգ Կոստանյանը դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավիրվել են ՀՀ դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով։ «Azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Տարոն Մարգարյանին ծանուցումն ուղարկվել է հուլիսի 7-ին, Գեւորգ Կոստանայնին՝ հուլիսի 6-ին։ Միաժամանակ, նշվում է, որ Տարոն Մարգարյանը Դատախազություն պետք է ներկայանա հուլիսի 14-ին, իսկ Գևորգ Կոստանյանը՝ հուլիսի 19-ին։ Ծանուցման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման»: Միաժամանակ ասվում է, որ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։ Առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև նրանց հետ կապակցված անձինք, այդ թվում` ընտանիքի անդամներ։
16:43 - 11 հուլիսի, 2022
Գեւորգ Կոստանյանը ծանո՞թ է եղել ՍԴ-ի՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված որոշման բովանդակությանը

Գեւորգ Կոստանյանը ծանո՞թ է եղել ՍԴ-ի՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված որոշման բովանդակությանը

Սահմանադրական դատարանն օրեր առաջ որոշել էր կարճել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա քննվող գործի վարույթը։ Այս մասին հայտնել էր ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ նշելով, որ որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։ Այն երկու օր առաջ արդեն հրապարակվել է։ Կոստանյանը, մասնավորապես, վիճարկել էր խափանման միջոց կիրառելու, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերին եւ կարգին, մեղադրյալի հետախուզմանը եւ Վերաքննիչ դատարանի լիազորություններին վերաբերող հոդվածները, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, 202-րդ հոդվածի 1-ին մասը, 259-րդ հոդվածի 2-րդ մասը, 394-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 75-րդ հոդվածի 3-րդ մասը։ 168.am կայքն որոշման հրապարակման օրը դրա վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել Կոստանյանից, որի խոսքով, ըստ լրատվամիջոցի, Սահմանադրական դատարանն ըստ էության արձանագրել է, որ Կոստանյանի բարձրացրած հարցերը ոչ թե ՍԴ-ն պետք է քննի, այլ Վճռաբեկ դատարանը: Ստորեւ ներկայացնում ենք ՍԴ-ի որոշման պատճառաբանությունը, որից հետո կանդրադառնանք Կոստանյանի՝ 168-ին տված մեկնաբանությանը։ Այսպես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ այս գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համապատասխան հոդվածների համաձայն։ ՍԴ-ի որոշման պատճառաբանության համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 202-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկող Դիմողի հիմնավորումները կապված են վերջինիս նկատմամբ նշված դրույթի ենթադրյալ սխալ կիրառության հետ:  ՍԴ-ն, ուսումնասիրելով Դիմումը, եկել է եզրահանգման, որ Դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանությունը, իրականում փորձ է անում բարձրացնել իր նկատմամբկայացված դատական ակտերի իրավաչափության հարց: Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ ՔԴՕ 259-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությանը, ապա ՍԴ-ն փաստում է, որ այս մասով ընդհանրապես բացակայում են բավարար հիմնավորումներն առ այն, թե որն է Դիմողի կողմից վիճարկվող հոդվածի անհամապատասխանությունը Սահմանադրությանը, ինչպես նաեւ՝ թե ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի եւ իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջեւ:  ՍԴ-ի համոզմամբ՝ դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողը, նույն կերպ ձեւականորեն բարձրացնելով ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանն անհամապատասխանության հարց, ըստ էության բարձրացնում է քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշմամբ՝ Գ. Կոստանյանին մեղսագրվող արարքին ենթադրյալ սխալ քրեաիրավական գնահատական տալու հարց: Սահմանադրական դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում հենց վերաքննիչ դատարանն ինքն է գնահատել քննիչի՝ դիմողին մեղսագրվող արարքին տրված որակման «սխալ» լինելը։  Սահմանադրական դատարանը հարկ է համարել փաստել, որ վերաքննիչ դատարանն իր դատական ակտով կալանքի իրավաչափության դատական ստուգումն իրականացնելիս Դիմողին վերագրվող ենթադրյալ արարքին չի տվել այնպիսի ենթադրյալ «սխալ» քրեաիրավվական գնահատական, որի պարագայում հնարավոր լիներ գնահատել դրույթի սահմանադրականությունը: ՍԴ-ն արձանագրել է, որ այս մասով «վերջնական դատական ակտով» ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառված չլինելու պարագայում Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: ՍԴ որոշման համաձայն՝ Դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ ՔՕ 75-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, այդպիսով բարձրացնում է կոնկրետ գործով տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:  Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ եւ հետագա մի շարք այլ որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, եւ ի՞նչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթների եւ իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջեւ։  Դիմողի՝ Սահմանադրական դատարանին ուղղված խնդրանքին՝ բացահայտելու ՔՕ 308-րդ հոդվածի իմաստով «պաշտոնատար անձի» բովանդակությունը եւ պատասխանելու՝ թե արդյոք ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը 2012-2017թթ. «...քրեաիրավական իմաստով հանդիսացել է պաշտոնատար անձ, թե ոչ», Սահմանադրական դատարանը գտնում է, որ «պաշտոնատար անձ» եզրույթի բովանդակությունը ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 3-րդ մասում ինքնին բացահայտված է, ավելին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով ավելի է հստակեցրել դրա բովանդակությունը, իսկ թե կոնկրետ դեպքում անձը հանդիսացել է «պաշտոնատար անձ», թե ոչ, դա ոչ թե Սահմանադրական դատարանի գնահատման առարկա է, այլ գնահատման է ենթակա քրեական վարույթի շրջանակներում կոնկրետ գործով դատարանի կողմից` գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում: Ի վերջո, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որեւէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման եւ միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, եւ դիմողի կողմից բարձրացված՝ վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձեւավորմամբ։ Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանը որոշել է Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը կարճել։ Այժմ, վերադառնալով Կոստանյանի՝ լրատվական կայքին տված մեկնաբանությանը, փաստերի համադրությամբ կարող ենք եզրակացնել, որ վերջինս նախքան որոշման պատճառաբանության պաշտոնական հրապարակումը՝ արդեն որոշակիորեն ծանոթ է եղել դրան, եւ սա այն դեպքում, երբ ՍԴ-ի խորհրդակցական սենյակում կայացված որոշման պատճառաբանության պաշտոնական հրապարակումից առաջ, բացի խորհրդակցական սենյակում եղած դատավորներից, որոշման բովանդակությանը որեւէ այլ անձ ծանոթ լինել չի կարող։ Մինչեւ որոշման պատճառաբանական մասի հրապարակումը՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից՝ հետաքրքրվելով՝ ՍԴ-ի՝ Կոստանյանի գործի կարճման որոշման պատճառն իսկապե՞ս այն է, որ գործի քննությունը պետք է իրականացվի ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ Վճռաբեկ դատարանո՞ւմ, եւ եթե այո, ապա Կոստանյանն ինչպե՞ս կարող էր ծանոթ լինել դեռեւս չհրապարակված որոշման բովդանդակությունը։ Թովմասյանի մեկնաբանության համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված են գործի վարույթը կարճելու մի շարք հիմքեր, սակայն ինքն այդ պահի դրությամբ չգիտեր՝ որ հիմքով կամ հիմքերով է կարճվել գործը, քանի որ նախքան ՍԴ-ի՝ խորհրդակցական սենյակում կայացվող որեւիցե որոշման պաշտոնական հրապարակումը՝ որոշման բովանդակության մասին տեղյակ են միայն խորհրդակցական սենյակում գտնվող դատավորները․ «Իսկ թե ինչու է Գեւորգ Կոստանյանը հայտարարել այն, ինչ Դուք մեջբերեցիք, ճիշտ կլինի, որ հենց ինքը պատասխանի»,- եզրափակել էր մեր զրուցակիցը։ Փաստորեն, չնայած Գեւորգ Կոստանյանը, որը չէր կարող մասնակցել գործի քննությանը եւ ներկա լինել որոշման կայացմանը, ըստ էության ծանոթ է եղել որոշման՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված բովանդակությանը, ինչն ակնհայտ է դառնում արդեն հրապարակված պատճառաբանությունը կարդալիս, որտեղ նշված է, որ վիճարկվող հարցերը եղել են ոչ թե ՍԴ-ի, այլ եռաստիճան դատական համակարգի քննարկման տիրույթում։ Նշենք, որ Կոստանյանից ու նրա պաշտպանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Հայարփի Բաղդասարյան
14:58 - 23 ապրիլի, 2021
Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ |hetq.am|

Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով մերժել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտպանների բողոքը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել անփոփոխ։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերաքննիչ դատարանը դեռևս կողմերին չի տրամադրել որոշումը, Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշման հիմնավորումներին դեռ ծանոթ չէ։ Գևորգ Կոստանյանը դեռևս 2019 թվականի նոյեմբեր ամսին որպես մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1-ի գործով»: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասին է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց ընտրվել կալանավորումը։ Քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել։ Կոստանյանի պաշտպաններն այս հոդվածին հղում կատարելով՝ դիմել են առաջին ատյանի դատարան՝ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությամբ, որը քննել և մերժել է դատավոր Աննա Դանիբեկյանը, և պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որտեղ, փաստորեն, նույնպես մերժվել է բողոքը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:43 - 09 ապրիլի, 2021
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու |hetq.am|

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Այս մասին ասաց Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը։ Կոստանյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 9-ին։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Կոստանյանի խափանման միջոցի գործի քննության օրերին պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ և մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով։ Թագուհի Թովմասյանի հայտարարությունից անմիջապես հետո դրանում նշված փաստարկները Կոստանյանի պաշտպանները ներկայացրել են դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերցնելու պահանջը քննարկելիս՝ դրանք որպես նոր հանգամանք հաշվի առնելու նպատակով: Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը «Հետք»-ի հետ զրույցում դիրքորոշում է հայտնել, որ փաստորեն, Գևորգ Կոստանյանի նկատամբ միջազգային հետախուզումն Ինտերպոլի կանոնագրության 3-րդ հոդվածի պահանջներին հակասող՝ քաղաքական ու ապօրինի է, և դա հաստատվել է համաշխարհային մակարդակով՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության կողմից։ Թագուհի Թովմասյանի հայտարարությանն անդրադարձել է նաև Գլխավոր դատախազությունը՝ հայտնելով, որ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է, Ինտերպոլը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլև չի ստուգում մանրամասները։
21:18 - 08 ապրիլի, 2021
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է. Գլխավոր դատախազության պարզաբանումը

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է. Գլխավոր դատախազության պարզաբանումը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: «Այսօր, պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ակնհայտ խեղաթյուրելով միջազգային կառույցի, նրա լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները, օգտվելով դրանց վերաբերյալ լայն հանրության չիրազեկվածությունից, «սկանդալայինի» անվան տակ փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ, որոնք անհիմն շահարկման առարկա են դարձել նաև այլ շրջանակների կողմից։ Այդ պատճառով հարկ ենք համարում հանրությանն իրազեկել հետևյալի մասին. 1․Համաձայն Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (այսուհետև՝ Ինտերպոլ) կանոնադրության՝ այն քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ, ինչպես շեշտադրում է, հավանաբար, դրանից անտեղյակ պատգամավորը։ Այդ կառույցը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլ չի էլ ստուգում մանրամասները։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ Ինտերպոլի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ նրա նպատակն է ապահովել և զարգացնել փոխհամագործակցությունը քրեական ոստիկանության բոլոր մարմինների, (hաստատությունների) միջև …, որոնք արդյունավետորեն կնպաստեն քրեական հանցավորության կանխարգելմանը և դրա դեմ ուղղված պայքարի իրականացմանը: Այլ կերպ ասած, Ինտերպոլի գործունեությունը հիմնվում է հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների համապատասխան մարմինների փոխհամագործակցության զարգացման սկզբունքի վրա։ Նշվածն աներկբա կերպով վկայում է այն մասին, որ Ինտերպոլը չի հանդիսանում նման փոխհամագործակցության շրջանակում ընդունված առանձին որոշումները, դրանց օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող, մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն, քաղաքական կամ այլ կերպ անհիմն որակող մարմին։ Ընդ որում, նման դիրքորոշում Ինտերպոլի կողմից դրսևորվում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն առնչվող դեպքերով, որպես կանոն՝ նպատակ ունենալով ի ցույց դնել այդ կառույցի բացարձակ չեզոքությունը առանձին երկրներում նախկին կամ ներկա պաշտոնյաների կողմից պաշտոնեական հանցագործությունների մեջ մեղադրվելու կամ պետությունների միջև կոնֆլիկտների արդյունքում անձանց հետախուզման կապակցությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, քաղաքական գործունեություն իրականացրած անձի կամ ազգային հողի վրա կատարված առանձին հանցագործությունների դեպքերով համագործակցությունն Ինտերպոլի համապատասխան ստորաբաժանման փաստաթղթի հիման վրա սահմանափակվել է: Սակայն Ինտերպոլի կողմից մշտապես ընդգծվել է, որ Կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նմանատիպ գործերով իրականացվող քրեական վարույթի վավերականության (validity) առնչությամբ որևէ դիրքորոշում չի հայտնում և նման որոշումները հիմնված են Ինտերպոլի կանոնադրությամբ և կանոններով նախատեսված պահանջների վրա միայն և դրանց միակ հետևանքը կայանում է նրանում, որ անձի վերաբերյալ միջազգային ոստիկանական համագործակցություն իրականացնելու վերաբերյալ ներկայացված հարցումը չի կարող շրջանառության մեջ դրվել Ինտերպոլի ուղիներով: Հետևաբար՝ նման դիրքորոշումը առաջին կամ եզակի դեպքը չէ, ինչպես հատուկ շեշտում էր պատգամավորը՝ թերևս փորձելով արժեք հաղորդել իր հայտնած «սենսացիային»։ Վերը նշված բաղադրիչ ունեցող բազում դեպքերով ևս Ինտերպոլը նման դիրքորոշում հայտնել է: Այսպիսով՝ Ինտերպոլը քրեական արդարադատության պատասխանատու կառույց չէ և Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի մեջբերմամբ նկարագրված գործի «քաղաքական հետապնդում» որակումն ակնհայտ ոչ իրավաչափ, անհիմն և խիստ սուբյեկտիվ է, ինչն ակնհայտ է կոնկրետ դեպքում՝ ցանկալին իրականության փոխարեն հրամցնելու տրամաբանությամբ: Հարկ ենք համարում նշել, որ մեղադրյալ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմնավորվածությունը՝ (առնվազն հիմնավոր կասկածի մակարդակում) երեք անգամ գնահատականի է արժանացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախ՝ նախաքննական մարմնի, ապա ևս երկու անգամ պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա), իսկ կայացված որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգվել և հաստատվել է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերով: Ընդ որում, մեղադրյալ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ տարածքում հետախուզում չհայտարարելու վերաբերյալ փաստարկը բազմիցս նրա պաշտպանի կողմից ներկայացվել է ՀՀ դատարաններին, սակայն օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերով հաստատվել է ՀՀ դատախազության դիրքորոշումն այն մասին, որ սույն փաստարկը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի օրինականությունը և հիմնավորվածությունը գնահատելու հետ: Ելնելով վերոգրյալից՝ հարգելի պատգամավորին հորդորում ենք պետական հաստատությունների վերաբերյալ գնահատականներում լինել կոռեկտ, կոնկրետ գործերով և անձանց նկատմամբ շարունակաբար ցուցաբերվող սուբյեկիտվ շահագրգիռ մոտեցումները չհանրայնացնել անաչառության քողածածկույթի տակ, միջագային հեղինակավոր կառույցների գործունեությունը, նրանց ձևավորած պրակտիկան դիտավորյալ կամ սեփական անտեղյակության պատճառով չենթարկել խիստ յուրովի, մակերեսային մեկնաբանությունների:  Հաշվի առնելով, սակայն, նման մեթոդներով, այսպես կոչված «սենսացիաներով» պետական մարմինների գործունեությունը, կոնկրետ գործով քննության օբյեկտիվությունը հանիրավի ստվերելու փորձերը՝ հանրության պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով հայտնում ենք նաև հետևյալը: Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել այն արարքների կատարման համար, որ նա, ի պաշտոնե տեղեկանալով 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ պետական իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մանրամասների՝ ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված հանցավոր գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողների ակտիվ հանցավոր մասնակցության, նշված ստորաբաժանումների զինծառայողների կողմից ապօրինի հրազեն գործադրելու մասին, 2008 թ. մայիսից մինչև 2009 թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դրդել է ՀՀ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց և վարույթն իրականացնող մարմնին՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, կատարել վերը նշած հանցագործության գործիքների ու միջոցների, ինչպես նաև հանցագործության հետքերի, պարտակում, պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցներ: Բացի այդ, նշված կեղծ տեղեկությունները եվրոպական կառույցների հետ ի պաշտոնե շփումների ընթացքում վերջիններիս տրամադրելու դիտավորությամբ՝ Գևորգ Կոստանյանը, զբաղեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը, 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, սահմանադրական կարգի տապալման առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու խմբային շահից ելնելով, 2012 թ. նոյեմբերից մինչև 2017 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում օգտագործել է վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իր դրդմամբ կազմված և սույն քրեական գործում առկա կեղծ պաշտոնեական փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ կառավարության դիրքորոշում և դրանք հանձնել Եվրոպական դատարանին: Նշված հանգամանքները հիմնավորվել են մեղադրյալ Գ.Կոստանյանի հանցակիցների, ինչպես նաև ականատես այլ վկաների ցուցմունքներով, փաստաթղթերով: Ընդ որում, այդ արարքներին առնչվող առերևույթ հանցանք կատարելու համար, որպես Գ.Կոստանյանի հանցակիցներ, մեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, որոնցից երկուսը չեն վիճարկել իրենց մեղսագրված արարքները և համաձայնություն են տվել նախաքննական մարմնին ոչ արդարացնող հիմքով՝ վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ, իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Գ. Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
19:19 - 16 մարտի, 2021
ԱԺ պատգամավորը հայտարարում է՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ |armenpress.am|

ԱԺ պատգամավորը հայտարարում է՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության փաստաթղթերը, ըստ որոնց, այդ կառույցը մերժել է հետախուզում իրականացնել նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանի նկատմամբ:  Թովմասյանը փաստաթղթերը հրապարակեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը փաստաթուղթ է ուղղել Հայաստանի Ինտերպոլի ազգային բյուրոյին, որում ասված է. «Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո Գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության երրորդ հոդվածին»: Երրորդ հոդվածն ասում է. «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասսայական բնույթի որևէ միջամտություն»: Այսինքն՝ Կոստանյանի գործը համարվել է քաղաքական, և այդ անձի վերաբերյալ տեղեկությունը հանվել է ինտերպոլի տվյալների բազայից»,- ասաց Թովմասյանը: Թագուհի Թովմասյանն ընդգծեց՝ պարզվում է, որ դեռ 2020թ. ապրիլի 10-ին մերժել է ՀՀ իրավապահներին՝ հետախուզել Գևորգ Կոստանյանին, այն հիմնավորմամբ, որ տվյալ դեպքը քաղաքական է:
14:38 - 16 մարտի, 2021
Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել

Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել

Հայկական որոշ լրատվականներ տարածում են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է, թե նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրինք, այլեւ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա: Սակայն նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի, Արդրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հայտարարության մեջ նման պարտավորության մասին խոսք չկա: Կոստանյանն առաջին անգամը չէ, որ խոսել է Ադրբեջանի` Հայաստանի դեմ հայց նախապատրաստելու մասին: Ինչպես նշել է իր հայտարարության մեջ՝ հայցը վերաբերում է Արցախում եւ 7 շրջաններում Ադրբեջանի կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցմանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը դեռ երկու տարի առաջ չէր կարողանում հայց ներկայացնել, քանի որ չուներ բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանն է պատասխանատու սուբյեկտը․ «Նրանք վարձել էին վնասների հաշվարկման միջազզգային կազմակերպություն, որն Ադրբեջանին հասցված վնասները գնահատել էր ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար»,- շեշտել է Կոստանյանը։  Եւ, չնայած Կոստանյանն իր հայտարարության սկզբում ասում է, որ 50 մլրդի պարտավորությունը դրվել է Հայաստանի վրա, այնուհանդերձ հայտարարության մեջ միայն վստահություն է հայտնում, թե նախապատրաստական աշխատանքներն ակտիվացել են. «Վստահ եմ՝ նման հայցի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են, քանի որ Հայաստանի վարչապետը, նոյեմբերի 10-ին ստորագրելով հայտնի փաստաթուղթը, ըստ էության հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում պարտավորության սուբյեկտ, եւ դրանով իսկ ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն ցանկացած պատճառված վնասի համար»: Սակայն լրատվամիջոցների վերնագրերից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը հենց փաստաթղթով է ստանձնել այդ պարտավորությունը։ ՌԻԱ Նովոստին էլ նախօրեին փոխանցել էր, որ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը եւ փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Անդրադառնալով այս հայտարարությանը եւ դրա հնարավորություններին` Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ այդ խոսակցությունները հստակ չեն, եւ Ալիեւը չի նշում, թե մասնավորապես միջազգային որ դատարան է դիմելու, որ քաղաքական մարմնին եւ ինչ ընթացակարգով: Արա Ղազարյանի խոսքով՝ չկա նման ընփացակարգ եւ դժվար էլ լինի: Իսկ եթե նույնիսկ լինի, միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, Հայաստանն էլ կներկայացնի հենց միայն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Infocom-ը կապ հաստատեց նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դմեյանի հետ, որը հայտնեց՝ այս պահին մենք միջազգային դատական որեւէ ատյանից նման ծանուցում չենք ստացել․ «Նման հայցի մասին միայն կարող ենք խոսել, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ծանուցվի դրա ներկայացված լինելու վերաբերյալ: Քանի դեռ չկա, չենք կարող ասել` նախապատրասվո՞ւմ է հայցը, թե՞ ոչ, կներկայացվի՞, թե՞ ոչ: Դրանք ընդամենը ենթադրություններ են»,- ասաց Դրմեյանը` հավելելով, որ հայց ներկայացնելու հավանականություն միշտ կարող է լինել, քանի որ ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ Ադրբեջանը անդամակցում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:  Այսպիսով՝ ոչ միայն նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, այլեւ Հայաստանի Հանրապետությունը նման որեւէ հայցի մասին պաշտական ծանուցում դեռևս չի ստացել։ Զարա Խաչատրյան
15:21 - 14 նոյեմբերի, 2020
Դատարանը կքննի Գևորգ Կոստանյանի խափանման միջոցը և հետախուզումը վերացնելու միջնորդությունը |factor.am|

Դատարանը կքննի Գևորգ Կոստանյանի խափանման միջոցը և հետախուզումը վերացնելու միջնորդությունը |factor.am|

factor.am: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, պատերազմի մեկնարկից հետո ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել էր Դատախազություն՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և հայտարարված հետախուզումը վերացնելու միջնորդությամբ՝ իրեն հնարավորություն ընձեռնելով հայրենիք վերադառնալ։ Կոստանյանի պաշտպանական թիմից, հայտնում են, որ այս միջնորդությունը մերժվել է․ «ՀՀ դատախազությունը ներկայացված միջնորդություններն անհիմն և բացարձակ ապօրինի մերժել է: Եթե անգամ հետախուզումը և կալանավորումը վերացնելուց հետո, ենթադրաբար, Գ.Կոստանյանը կարող է թաքնվել և Մոսկվա-Երևան առաջին իսկ չվերթով չվերադառնալ Հայաստան, ապա ՀՀ դատախազությունը և նախաքննության մարմինն անմիջապես հաջորդ օրը կրկին կարող են և´ հետախուզում հայտարարել, և´ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան»,- ասվում է հայտարարության մեջ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Գևորգ Կոստանյանի պաշտպանները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն են ներկայացրել, որով դատարանից խնդրել են թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցի կիրառմամբ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու հնարավորությունը՝ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը: Ի հիմնավորումն դատարան ներկայացված միջնորդության՝ պաշտպանական կողմը, ի թիվս այլի, նշել է նաև այն, որ երկրում առկա պատերազմական վիճակից ելնելով Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ պարտավորվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան միջոցով առաջին իսկ չվերթով ժամանել Հայաստանի Հանրապետություն և մասնակցել մարտական գործողություններին։ Այս միջնորդության քննարկումը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մարինե Մելքոնյանի, 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին:
14:54 - 13 հոկտեմբերի, 2020
Միջնորդում ենք Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին հրավիրել դատարան. Յուրի Խաչատուրովի փաստաբան |factor.am|

Միջնորդում ենք Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին հրավիրել դատարան. Յուրի Խաչատուրովի փաստաբան |factor.am|

factor.am: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր դատարանում միջնորդեց դատակոչի ցուցակում ընդգրկել Մանվել Գրիգորյանին, Գևորգ Կոստանյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին, Արմեն Հակոբյանին: Այդ անձանց հասցեներն առկա են գործում, քանի որ քննիչը համարել է, որ իրենք ներգրավված են գործում, բայց ինչ-ինչ պատճառներով նրանց չի ներառել դատարան հրավիրվածների ցուցակում: Դատավորի այն հարցին, թե ինչ հիմքերով է դա պահանջում, փաստաբանը բողոք արտահայտեց դատավորի դեմ, ով ժամանակին ցուցակը անփոփոխ է թողել: «Ցուցակում կա 800 մարդ, սակայն ձեր մտքով երբեք չի անցել, թե ով և ինչու է ընդգրկվել այս ցուցակում: Այժմ դուք խախտում եք մրցունակության սկզբունքը և մեզնից պահանջում եք պատասխան, թե ինչու ենք մենք ուզում հրավիրել նրանց»,- ասաց փաստաբանը:
20:45 - 14 հուլիսի, 2020
ՀՔԾ-ն միակողմանի է հրապարակել գործի ապացույցները․ Կոստանյանի փաստաբանները պահանջում են մեղադրանքի հիմքերը |news.am|

ՀՔԾ-ն միակողմանի է հրապարակել գործի ապացույցները․ Կոստանյանի փաստաբանները պահանջում են մեղադրանքի հիմքերը |news.am|

news.am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտպանները դատական կարգով բողոքարկել են ՀՔԾ-ի եւ Դատախազության որոշումները, որով փաստաբաններին մերժել են տրամադրել Կոստանյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները։ Այս մասին հայտնեց Գեւորգ Կոստանյանի պաշտպանական խմբի անդամ Գեւորգ Գեւորգյանը։ «Հաշվի առնելով, որ նախաքննական մարմինը որեւէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր պարոն Կոստանյանի մեղադրանքի որոշումը կամ հիմնավոր կասկածը, ուստի միջնորդել ենք մեր ծանոթացմանը ներկայացնել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Ընդ որում՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է նաեւ պաշտպանության իրավունքի իրականացումը: Բացի այդ, մրցակցային դատավարության ապահովումն անհնար է, եթե մեղադրյալը տեղյակ չէ, թե ինչ անօրինական արարքի կատարման մեջ է մեղադրվում եւ ինչ ապացույցների հիման վրա, իսկ քննարկվող դեպքում պաշտպանական կողմը տեղեկացված չէ Գեւորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքի մասին, հետեւաբար, յուրաքանչյուր անձ, տեղեկացված չլինելով իրեն մեղսագրված արարքն ապացուցող տվյալների մասին, արդյունավետ չի կարող պաշտպանվել»: Փաստաբանն ընդգծեց, որ պահանջվող տեղեկությունները նախաքննության գաղտնիք չեն կարող համարվել․ «Քանի որ ՀՀ ՀՔԾ-ն արդեն իսկ միակողմանի հրապարակել է այս գործում առկա որոշ ապացույցներ: Ավելին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ըստ էության թաքցնում է Գեւորգ Կոստանյանի օգտին տրված ցուցմունքները եւ նրա մեղավորությունը բացառող այլ ապացույցներ, այդ իսկ պատճառով պարոն Կոստանյանի պաշտպանական թիմը, ղեկավարվելով մի շարք միջազգային նորմերով եւ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետով, Գ.Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ներկայացնելուց հրաժարվելու մասին վարույթն իրականացնող մարմնի անհիմն ու ապօրինի որոշումը բողոքարկել է դատական կարգով»: Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:
19:09 - 12 փետրվարի, 2020
«Մարտի 1»-ի գործի` հատկապես կարևոր հանգամանքները նախաքննության գաղտնիքի անվան տակ հանրությունից թաքցվում են, դրանք պետք է պարզաբանվեն. Գևորգ Կոստանյանը վերադառնում է |pastinfo.am|

«Մարտի 1»-ի գործի` հատկապես կարևոր հանգամանքները նախաքննության գաղտնիքի անվան տակ հանրությունից թաքցվում են, դրանք պետք է պարզաբանվեն. Գևորգ Կոստանյանը վերադառնում է |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:  Գ.Կոստանյանի հայտարարությունն ամբողջությամբ ստորև․ «Հայտարարություն Հարգելի քաղաքացիներ. Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդորում, որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հերառձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով Մարտի 1-ի գործի մասշտաբայնություը, այդ թվում՝ հենց իշխանությունների կողմից տարբեր միջազգային հարթակներում այդ հարցի միակողմանի ներկայացվածությունը, գտնում և պնդում եմ նաև, որ այդ հրապարակային քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ (Եթե իշխանությունները դժվարություն կունենան Հայաստանում ԵԽ և ԵՄ և այլ դեպաններին կամ միջազգային իրավաբանների ներկայությունը այդ խորհրդակցությանը հրավիրելու հարցում, ես կապահովեն վերջիններիս ներկայությունը:) Քննարկմանը մասնակցողների թիվն ու անձանց ընտրությունը թողնում եմ ՀՀ վարչապետի հայեցողությանը: Թեև ես կողմնակից չեմ քրեական գործերը հրապարակայնորեն քննարկելուն, այնուամենայնիվ, հարցերին հրապարակային պատասխանելու իմ պահանջը պայմանավորված է երկու հիմնական պատճառով՝ 1. Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումը ընդգծված և միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրրների դեսպանների մակարդակով, 2. իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով առանց որևէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչն եղավ նաև իմ դեպքում: Ի հարկե, ես կարող եմ այն ամենը, ինչը ցանկանում եմ հայտնել, գտնվելով Հայաստանից դուրս՝ հրապարակել որևէ հայտարարությամբ: Սակայն իմ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ես անգամ պատրաստ եմ վերադառնալ լավ գիտակցելով, որ այդ խորհրդակցությունից հետո ինձ կալանավորելու են, բայց մեր հասարակությանը պետք է հարց և պատասխանի միջոցով տեղեկացնել ոչ միայն ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերի և պատճառների, այլև՝ Մարտի 1-ի գործի հատկապես կարևոր այն հանգամանքները, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ:Հետևաբար, ես առաջարկում և պնդում եմ, որ իրենց իսկ որդեգրած սկզբունքով (բաց և թափանցիկ) Ձեզ պետք է հիմնավորեն իրենց հրապարակած փաստաթղթերի բովանդակությունը, քանի որ առանց որևէ ապացույցի կարելի է անել ցանկացած հայտարարություն և մեղադրել ցանկացածին և ամեն ինչում: Ընդորում, այս իմաստով, իրավապահ մարմինների նախկին «բաց, թափանցիկ, ժողովրդական և հրապարակային» գործելաոճը փոխվեց «նախաքննական գաղտնիք»-ի անվատ տակ: Սակայն այս հարցով նախաքննության գաղտնիք այլևս չկա, քանի որ ՀՔԾ հաղորդագրությամբ հրապարակվել են ոչ միայն գործի հանգամանքները, այլև՝ անգամ վկաների անունները և իրենց ցուցմունքներն ըստ էության: Իսկ թե ինչ ցուցմունքներ են տվել այդ վկաները և ինչի դիմաց, ես կհայտնեմ հրապարակային խորհրդակցության ընթացքում: Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի վարչապետը պետք է հատկապես շահագրգռված լինի նման հրապարակային քննարկումով` երկու պատճառով. նախ քանի որ, թափանցիկությունը և ժողովրդի հետ բաց քննարկումն իր կողմից հայտարարվել է, որպես առաջնահերթություն, և երկրորդ` քանի որ նման քննարկումը հնարավորություն կտա նրան գնահատելու իր ենթակայության ներքո գործող իրավապահ մարմինների աշխատանքի պրոֆեսիոնալիզմի մակարդակն ու առանձնասենյակում իրեն զեկուցվող իրավական նրբությունների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը: Այսինքն, վարչապետն առնվազն հնարավորություն կունենա համոզվելու, թե իր աշխատասենյակում զեկուցված գործը որևէ կերպ հիմնավորված է, թե՝ ընդամենը հայտարարություններ են:Պատասխանատու ձևով հայտարարում եմ.Եթե նշված հրապարակային քննարկման ընթացքում ՀՀ իրավապահ մարմիններին կհաջողվի ներկայացնել ինձ առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ապա պատրաստ եմ կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ: Ավելին, հայտարարում եմ նաև. եթե այդ հրապարակային քննարկման ընթացքում ես չկարողանամ իմ ասած ամեն մի բառը հիմնավորել ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային քրեական իրավունքի դրույթներով և ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, այլև՝ առնվազն քրեական իրավունքի հայրենական և այլ երկրների դասագրքերով, ապա, անգամ եթե իրավապահ մարմինները չներկայացնեն որևէ ապացույց իմ մեղավորությունը հիմնավորելու համար, այդ պայմաններում ևս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն: Քննարկման օրը, ժամը, վայրն ու ձևաչափը հստակեցնելուց հետո պարտավորվում եմ մեկ օր առաջ լինել Հայաստանում: Հ.Գ. Այս առաջարկիս հիմքում ընկած է մի խորքային պատճառ, որի համար ցանկանում եմ հատուկ դիմել նաև Մարտի 1-ի բոլոր տուժողներին և նրանց հարազատներին, ինչպես նաև այս գործի բացահայտմամբ իսկապես մտահոգ մեր քաղաքացիներին. Հարգելիներս. Մի՞թե պարզ չէ, որ ճանապարհը, որով այս պահին գնում է մեր իրավապահ համակարգը, չի պատասխանում այն կարևորագույն հարցին, թե ի վերջո ինչ հանգամանքներում զոհվեցին և վիրավորվեցին Ձեր հարազատները, ովքեր էին իրականում մեղավոր նրանց մահվան մեջ: Սահմանադրական կարգի տապալման համար 12 տարի առաջ մեղադրվում էին այլ անձինք, հիմա՝ բոլորովին այլ անձինք, վաղը, վստահ եմ, պարզվելու է, որ 2008թ սահմանադրական կարգը տապալել են ուրիշները: Սակայն անկախ նրանից, թե ով է տապալել սահմանադրական կարգը և այն տապալվել է, թե՝ ոչ, դա որևէ կերպ չի վերաբերում 10 անձանց մահվան և դրանց մեղավոր անձանց բացահայտման հարցին քանի որ մինչ այժմ որևէ անձի սպանության հանցակազմով որևէ մեկին անգամ մեղադրանք առաջադրված չէ: Ի դեպ չնայած դեռևս նախկինում պարզվել և մեղադրանք է առաջադրվել չորս անձի «Չերյոմուխայից» զոհված 3 անձի մահվան փաստի կապակցությամբ, ներկայիս իրավապահ մարմինները չեն կարողանում անգամ հստակեցնեն այդ մեղադրանքները: Ես վստահ եմ, որ պետական բյուջեի հաշվին զոհերի հարազատներին տրված փոխհատուցումը չի կարող չեզոքացնել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու Ձեր մղումը: Մի՞թե չեք տեսնում, որ քրեական գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով ուղղակի փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել Մարտի-1-ի սպանությունների իրական մեղավորներին գտնելու իրենց անկարողությունից կամ ցանկության բացակայությունից: Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում: Պատճառները շատ խորն են, և դրա համար է Մարտի 1-ի գործը հատուկ գերքաղաքականացվում: Առաջին պլան են մղվել, ոչ թե մահվան բացահայտման հանգամանքների մասնագիտական քննությունը, այլ տվյալ գործը քաղաքական նպատակներով օգտագործելու և PR-էֆեկտ ապահովելու մարտավարությունը:Ասածս հետևյալն է, եթե իսկապես կա ցանկություն Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարել իրական քայլեր, և բացահայտել իրական մեղավորներին, ապա, հաշվի առնելով գործի վերաբերյալ բազմաթիվ նոր հանգամանքներ, որոնք առկա չեն եղել իմ պաշտոնավարման ժամանակ, ես պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով և ունեցած տեղեկատվությամբ աջակցել 10 անձանց մահվան փաստերի և դրանց մեղավորների բացահայտմանը, սակայն հրաժարվել և այսուհետ նույնպես հրաժարվելու եմ մասնակից լինել անբովանդակ բացառապես քաղաքական շոուներին: Ի դեպ, նման շոու մասնակից երբեք չեմ դարձել և չեմ դառնալու ինչպես որպես իրավապահ համակարգի պաշտոնյա, այնպես էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, իսկ նման առաջարկներ, պետք է խոստովանեմ, ստացել եմ, սակայն բոլորից հրաժարվել եմ: Անձի մեղավորությունը որոշվում է ոչ թե հեռուստատեսությամբ արված հայտարարությամբ, այլ ապացույցներով: Ես մեր հասարակությունից թաքցնելու ոչինչ չունեմ և եթե իշխանությունները Մարտի 1-ի գործով նույնպես չունեն թաքցնելու որևէ բան և վստահ են, որ իմ նկատմամբ գործով կներկայացնեն իրենց արված հայտարարությունը հիմնավորող գոնե մեկ ողջամիտ ապացույց (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ուրեմն իմ առաջարկը, անկասկած, ընդունելու են: Տեսնենք... Հ.Գ. Ես երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, և ցանկանում եմ ուղղակի բացառապես իրավական հարթության մեջ մեր հասարակությանը տեղեկացնել Մարտի 1-ի 10 զոհերի և իմ անձի վերաբերյալ հայտարարություններին և դրանց հիմնավորումներին: Հարգանքով՝ Գևորգ Կոստանյան»
15:40 - 03 փետրվարի, 2020