hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր սկսվեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, վերջինիս կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, եղբորորդու՝ Արա Կոստանյանի և ընկերոջ՝ Արման Գալստյանի դեմ գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:
Դատարանը, նախագահությամբ Լիլի Դրմեյանի (վերջինս օրեր առաջ թոշակի անցած Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի դուստրն է), արգելեց տեսալուսանկարահանումը, քանի որ դեմ էր պատասխանողներից Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը: Վերջինս նշեց, որ տեխնիկական միձոցների առկայությունը կաշկանդում են իրեն: Դատավորն այն հիմնավոր համարեց: Սակայն, Վարազդատ Ասատրյանն ասաց, որ հաջորդ նիստերի ժամանակ չի առարկի:
Այդ պատճառով լրատվամիջոցներից մեկը լքեց նիստերի դահլիճը, քանի որ այդ պայմաններում հնարավոր չէր տեսանյութ պատրաստել: Մենք նույնպես չենք կարող նիստերի դահլիճից լուսանկար հրապարակել, քանի որ այդ հնարավորությունից զրկել է դատարանը, թեև դրան դեմ չէին ոչ դատախազ Նելլի Տեր-Թովմասյանը, ոչ էլ մյուս պատասխանողների ներկայացուցիչը:
Այլ դատարաններում և Հակակոռուպցիոն դատարանի որոշ դատավորներ նմանատիպ դեպքերում թույլ են տալիս մասնակի նկարահանում՝ ագելելով լրատվամիջոցի ներկայացուցիչներին տեսալուսանկարել միայն դեմ հանդես եկող կողմին: Սակայն, Լիլի Դրմեյանը որոշեց խաթարել նիստի հրապարակայնությունը:
Այս նիստով լրատվամիջոցների ներկայացուցիչները բախվեցին այլ խոչընդոտի ևս: Դատավորը որոշեց, որ չպետք է հրապարակվեն բանկային առևտրային գաղտնիք պարունակող տվյալներ: Հենց այդ հիմնավորմամբ չհրապարակվեցին Կոստանյաննրերի բանկային ավանդների, դրամական փոխանցումների, անկանխիկ գործարքների վերաբերյալ տեղեկություններ:
Դատավորը պարբերաբար հիշեցնում էր դատախազին, որ հայցի հիմքն ու առարկան ներկայացնելուց գաղտնիք պարունակվող տեղեկատվությունը պետք է զատվի և նոր միայն չներկայացվի: Հակառակ դեպքում պետք է դրանք հրապարակվեն դռնփակ նիստի ժամանակ: Հենց այդ պատճառով Նելլի Տեր-Թովմասյանը, ով դատավոր Դրմեյանի դասընկերուհին է, ամեն անգամ դատարանից հարցնում էր՝ այդ տվյալը հրապարակի, թե ոչ:
Հարկ է նշել, որ դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը, Գևորգ Կոստանյանի անձո պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով հանրային շահը, կողմ էր, որ տվյալներն ամբողջությամբ հրապարակվեն, ինչին դեմ էր դատարանը:
Գաղտնիության հետ կապված դատարանը մոտ 10 րոպե դռնփակ նիստ անցկացրեց, որից հետո ներս հրավիրեցին լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Դատավորի համար այնքան կարևոր չէր լրատվամիջոցների ներկայությունը, որ լրագրողներին ներս էին հրավիրել արդեն դռնբաց նիստի կեսից, երբ դատախազը թվարկում էր բռնագանձման ենթակա գույքերի ցանկը:
Մոտ մեկ ժամ էլ քննարկվում էր, թե արդյոք դատախազն ամբողջթւայմբ հրապարակի հայցադիմոըմը, թե ոչ: Երբ դատախազը ընթերցելով հասնում էր ավանդների կամ բանկային փոխանցումների տողին, ասում էր՝ «ավանդներ են, անցանք»:
Ինչ հիմքով է սկսվել գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը
2020թ. հոկտեմբերի 8-ին Գևորգ Կոստանյանին պատկանող գույքի առնչությամբ, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում, սկսվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել է Կոստանյանին պատկանող գույքը՝ 1996թ. հուլիսից: Հենց այդ տարեթվին է Կոստանյանը ձեռք բերել իր առաջին գույքը:
Ըստ դատախազության՝ Գևորգ Կոստանյանի և վերջինիս ընտանիքի անդամների օրինական եկամուտները ուսումնասիրվող ժամանակահատվածում կազմել են 123 մլն դրամ: Մինչդեռ վարկի մարման, տարբեր հաշիվներին փոխանցումների, անկանխիկ գնումների, սպառողական զամբյուղին առնչվող ծախսերը կազմել են 632 մլն դրամ: Նշված ծախսերի մեջ ներառված չեն ձեռքբերված գույքեր և դրանց վերաբերյալ կատարված ներդրումները:
Գևորգ Կոստանյանին պատկանող միայն ապօրինի ծագում ունեցող գույքերի շուկայական նվազագույն արժեքի հանրագումարը կազմում է 327 մլն դրամ:
Դատախազն ըստ տարիների և գույքերի հերթով թվարկեց, թե Կոստանյանները որքան օրինական եկամուտ են ունեցել, ինչ գույքեր են ձեռք բերել կամ վաճառել:
Որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր բռնագանձման ենթակա են Երևան քաղաքում բնակարաններ, Ծաղկաձոր համայնքում բնակելի տուն: Բռնագանձման ենթակա է նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույք, որի ձեռքբերման, ինչպես նաև կատարված շինարարական աշխատանքների արժեքը կազմել է մոտ 169 մլն դրամ: Մինչդեռ այդ ժամանակ, ըստ դատախազի, օրինական եկամուտները կազմել է 1 մլն դրամ:
Ընդ որում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող առանձնատան նկատմամբ գրանցված է Գևորգ Կոստանյանի եղբոր որդու, իսկ Ջրվեժ համայնքում գտնվող առանձնատան նկատմամբ՝ ընկերոջ սեփականության իրավունքը: Նշված գույքերն ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա դիտարկվել են որպես Գևորգ Կոստանյանին պատկանող:
1996թ. Գ. Կոստանյանը 60 հազար դրամով Ծաղկաձոր քաղաքում ձեռք է բերել հողամաս, որի վրա 1999թ․ն կառուցվել է առանձնատուն՝ 308քմ մակերեսով: 2003թ․ 243 հազ. դրամով ձեռք է բերել նաև հարևանությամբ գտնվող հողամասը:
Փորձագետի կողմից տրված եզարակացության համաձայն, միայն տան շինարարության արժեքը կազմում է մոտ 92 մլն դրամ:
Սա այն դեպքում, երբ Գևորգ Կոստանյանը 1999թ․-ից մինչև 2003թ. ստացել է ընդհանուրը մոտ 2 մլն 324 հազ. դրամ աշխատավարձ, որն էլ եղել է նրա միակ օրինական եկամուտը:
2007թ․ նշված անշարժ գույքը Գևորգ Կոստանյանը նվիրել է եղբոր որդուն՝ Արա Կոստանյանին:
2010թ․ Գևորգ Կոստանյանի և կնոջ օրինական եկամուտների հանրագումարը կազմել է մոտ 5 մլն դրամ: Նույնքան օրինական եկամուտ էլ ստացել են 2011թ․: Սակայն, 2011թ․ Գ. Կոստանյանը ձեռք է բերել Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի 55/5 հասցեում գտնվող ավտոկայանատեղին՝ 2 մլն 630 հազ. դրամով և նույն հասցեում բնակարան 17 մլն 765 հազ. դրամ արժեքով:
2012թ. Կոստանյան ամուսինների օրինական եկամուտները կազմել են մոտ 5 մլն 239 հազ. դրամ: Նշված տարում Կոստանյանի անվամբ հաշվառվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի միայն մաքսային արժեքը կազմել է 4 մլն դրամից ավելի:
Ուշագրավն այն է, որ նշված ավտոմեքենան նույն տարում Կոստանյանը վաճառել է 10 դրամով: Սա այն դեպքում, երբ, ըստ փորձագետի, մեքենայի շուկայական արժեքը կազմել է մոտ 10 մլն դրամ:
Նույն տարում Գ. Կոստանյանի կողմից 12 մլն դրամով ձեռք է բերվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, որը նույն տարում վաճառվել է 1 մլն դրամով: Գույքի շուկայական արժեքը կազմել է 14 մլն դրամ:
Լիլիթ Կոստանյանը 6 մլն դրամով ձեռք է բերել «Լեքսուս» մակնիշի մեկ այլ ավտոմեքենա և նվիրատվության կարգով փոխանցել ամուսնուն: Մեքենան ապօրինի է, քանի որ, դատախազության դիտարկմամբ՝ Լիլիթ Կոստանյանը օրինական եկամուտներ չի ունեցել:
Բացի այդ, Լ. Կոստանյանը մոտ 26 մլն դրամով ձեռք է բերել «Տոյատա Լենդ Կրուզեր» մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ ապօրինի է:
2013թ-ի Լիլիթ և Գևորգ Կոստանյանների օրինական եկամուտների հանրագումարը կազմել է 7 մլն դրամ: Նշված տարում 2 մլն 835 հազ դրամով Գ. Կոստանյանը վաճառել է Ծարավ աղբյուրի 55/5 հասցեում գտնվող ավտոկայանատեղին, իսկ 35 մլն դրամով՝ նույն հասցեի բնակարանը: Այդ եկամուտները ևս ապօրինի են դիտարկվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց ձեռքբերումը ևս ապօրինի է եղել:
Նույն տարում Կոստանյանի կինը 27 մլն դրամով վաճառել է նաև «Տոյատա Լենդ Կրուզեր» մակնիշի ավտոմեքենան, ինչը նույնպես դիտարկվել է ապօրինի եկամուտ:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Հարություն Մանուչարյանը, ով Գևորգ Կոստանյանի համակուրսեցին է և նախկին օգնականը, 2013թ. 18 մլն 500 հազ. դրամով գնել է «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա, որը հաջորդ օրը նվիրել է Լիլիթ Կոստանյանին: Նույն տարում Լիլիթ Կոստանյանը դարձյալ նվիրատվության պայմանագրով ավտոմեքենան վերադարձրել է Հարություն Մանուչարյանին: Դրանից հետո Մանուչարյանը ավտոմեենան 15 մլն դրամով վաճառել է Տիգրան Խեչոյանին, ով հանդիսացել է Գևորգ Կոստանյանի ավագ օգնականը: 2014թ. Խեչոյանը նույն ավտոմեքենան նվիրատվության կարգով փոխանցել է Գևորգ Կոստանյանի որդուն: Վերջինս էլ ավտոմեքենան վաճառել է 30 մլն դրամով:
Դատախազության ներկայացուցչի փոխանցմամբ՝ նշված փաստերը ցույց են տալիս, որ այդ ավտոմեքենայի իրական շահառուն եղել է Գևորգ Կոստանյանը: Իսկ ձեռքբերման գինը՝ 18 մլն 500 հազ դրամը, չի հիմնավորվել օրինական եկամուտներով:
2014թ․ Գևորգ և Լիլիթ Կոստանյանների եկամուտների հանրագումարը կազմել է 16 մլն 159 դրամ: Նույն տարում Կոստանյանը 3 մլն դրամով վաճառել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Քանի որ գույքը դիտարկվել է ապօրինի, հետևաբար վաճառքից ստացված եկամուտը ևս դիտարկվել է ապօրինի:
2015թ․ Կոստանյանների եկամուտը կազմել է մոտ 20 մլն դրամ: Նույն տարում մոտ 18 մլն դրամով որդու՝ Սամվել Կոստանյանի կողմից Երևան քաղաքի Պարույ Սևակ փողոցում ձեռք է բերվել անշարժ գույք: Քանի որ տղն անչափահաս է եղել, նրա անունից հանդես են եկել ծնողները՝ Լիլիթ և Գևորգ Կոստանյանները: Այդ ժամանակ օրինական եկամուտները եղել են մոտ 6 մլն դրամ, գույքի արժեքի մնացած մասը համարվում է ապօրինի:
2015թ. Գ. Կոստանյանի կողմից 22 մլն ձեռք է բերվել Կոմիտաս պողոտայի 30/2 շենքում բնակարան, որն ամբողջությամբ դիտարկվել է ապօրինի:
2016թ-ին Կոստանյաննրերի օրինական եկամուտները կազմել են 15 մլն դրամ: Նույն տարում Գ. Կոստանյանն իր վարորդին՝ Մարտին Բադալյանին, 1մլն դրամով վաճառել է Զաքյան փողոցի անշարժ գույքի հողի վարձակալության իրավունքը: Հետագայում քաղաքապետարանի կողմից ուղղակի վաճառքի ձևով 2 մլն 400 հազ. դրամով հողամասը վաճառվել է Մարտին Բադալյանին, վերջինս էլ մոտ 38 դրամով վաճառել է այլ անձի: Դատախազությունը դիտարկում է, որ այդ գույքը իրականում պատկանել է Գևորգ Կոստանյանին:
2017թ. Կոստանյանների օրինական եկամուտը կազմել է 11 մլն դրամ, իսկ 2018-ին՝ մոտ 8 մլն դրամ:
Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ 2018թ. Գևորգ Կոստանյանն ու Լիլիթ Կոստանյանն ՔԿԱԳ մարմնում գրանցել են ամուսնալուծություն: Սակայն ուսումնասիրության ընթացքում ձեռքբերված տվյալները վկայում են, որ նրանց ամուսնալուծությունը կրում է ձևական բնույթ: Մասնավորապես, պարզվել է, որ Գևորգ և Լիլիթ Կոստանյանները ամուսնալուծությունից հետո բազմիցս հատել են պետական սահմանը միաժամանակ և նույն ուղղությամբ: Բացի այդ, մինչ օրս շարունակում են հաշվառված մնալ նույն բնակարանում:
Ամուսնալուծության գրանցումից հետո Լիլիթ Կոստանյանը արտասահմանյանյան մի շարք փոխանցումներ է կատարել, մասնավորապես՝ Հունաստանի Հանրապետություն:
Դատախազությունը ամուսնալուծությունը դիտարկում է ձևական՝ նպատակ ունենալով քողարկել գույքերի շարժը, միմյանց հետ փոխկապվածությունը:
2019թ․ Գևորգ և Լիլիթ Կոստանյանների օրինական եկամուտները կազմել են մոտ 7 մլն դրամ: Սամվել Կոստանյանի կողմից այդ տարվա ընթացքում վաճառվել է Պարույր Սևակի հասցեում գտնվող անշարժ գույքը 50 մլն դրամ, որից միայն մոտ 16 մլն դրամն է դիտարկվել օրինական: Նույն տարում Սամվել Կոստանյանը վաճառել է նաև նվեր ստացած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը ևս օրինական եկամուտ չի դիտարկվում:
2020թ. ամուսինների օրինական եկամուտը կազմել է 3 մլն 326 հազար դրամ:
Գևորգ Կոստանյանից պահանջում են բռնագանձել նաև մոտ 174 մլն դրամ, որը ապօրինի եկամուտների մնացորդն է: Այն իրենից ներկայացնում է ավանդների տոկոսները, որոնք ապօրինի են գնահատվել, գույքի օտարումները:
Ինչպես նաև պահանջում են բռնագանձել 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)