ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք
16:40 - 11 մայիսի, 2021

ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանն անդրադարձել է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների շրջանակին, ինչպես նաև տնտեսական մրցակցությանն պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Այս մասին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:

«Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունք և միևնույն ժամանակ դրա ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալ է: Այնուամենայնիվ, ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է սահմանափակման` ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով: Նշված երկու հիմնադրույթների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի կայացմանը:

Այս համատեքստում բարենպաստ մրցակցային միջավայրի կառուցումն այն հիմնական ուղիներից մեկն է, որով պետությունը կարող է բարձրացնել ընդհանուր տնտեսական բարեկեցությունը։ Ընդ որում, այս խնդրի լուծումը պահանջում է տարաբնույթ նախադրյալների, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների կանխարգելման և խափանման գործուն համակարգի առկայություն։

Մրցակցային միջավայրը խաթարող հակաիրավական արարքների առնչությամբ արգելքներ ամրագրված են ինչպես սահմանադրական, այնպես էլ օրենսդրական մակարդակում։ Մասնավորապես՝ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասը արգելում է շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, ընդլայնելով հիշատակված արարքների շրջանակը, սահմանել է նաև մի շարք այլ իրավախախտումներ։ Ընդ որում, դրանք կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հիմքում ունենալով իրավախախտման հետևանքով մրցակցային միջավայրի վրա անմիջական ազդեցության կամ դրա հնարավորության առկայության կամ բացակայության չափանիշը։

Շարադրվածի հաշվառմամբ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների առաջին խմբին կարելի է դասել.

  • հակամրցակցային համաձայնությունները.
  • մենաշնորհ և գերիշխող դիրքի չարաշահումը.
  • բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը.
  • անբարեխիղճ մրցակցությունը.
  • պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը.
  • տնտեսական գործունեության համակարգումը.
  • համակենտրոնացումը չհայտարարագրելը.
  • արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը։

Ի տարբերություն հիշատակված իրավախախտումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը նախատեսում է որոշակի հակաիրավական արարքներ, որոնք ինքին չեն հանգեցնում տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը: 

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների այս խումբը դրսևորվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող վարչարարության կամ դրա արդյունքների իրականացմանը տարբեր ձևերով խոչընդոտելու միջոցով։ Ըստ այդմ, այդպիսի  իրավախախտումներն են՝

  • Հանձնաժողովի կողմից պահանջված կամ օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը.
  • Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը.
  • Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները չկատարելը։

Հարկ է նշել, որ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ մրցակցային իրավունքի, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ թե՛ տնտեսավարող սուբյեկտների, թե՛ պետական մարմինների և թե՛ ընդհանրապես հասարակության շրջանում առկա է իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն։

Մյուս կողմից, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ենթարկվելով զգալի փոփոխությունների: Այս օրենքն ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսի 31-ին։ Ընդ որում, այդ օրվանից Հանձնաժողովը կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այսինքն՝ տեղի կունենա նաև Հանձնաժողովի անվանման փոփոխություն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը, ի լրումն պարբերաբար իրականացվող  իրազեկման տարբեր միջոցառումների, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ այսուհետ հանդես կգա նաև հրապարակումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Siranush 08:07 05.սեպտեմբերի.2024

Ete sigareti pachkayi gin@ chi hamapatasxanum pachkayi gnin apa um petq e dimenq. Vacharum en aveli tank qan nshvac e pachkayi vra!

Մեկնաբանել