Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին |aysor.am|
12:08 - 30 մարտի, 2019

Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին |aysor.am|

aysor.am: Մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:

Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի առանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի, քաղաքական ուժերի ու ոլորտայինհանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նման այցերը լրացուցիչ խթան են՝ խորհրդարանականհարաբերությունների ձևաչափում շփումներն ամրապնդելու և փոխըմբռնումը խորացնելու համար:

«Իմ Քայլը» դաշինքի հանդեպ ժողովրդի ունեցած վստահության բարձր մակարդակն ու նորընտիր խորհրդարանականների ակտիվգործունեությունը ամուր հիմք են՝ համահայկական կարևորության հարցերն առաջ մղելու և մարտահրավերները հնարավորություններիփոխակերպելու համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր ԱԺ-ը և ՀՀ նոր կառավարությունը ջանք չենք խնայելու, որպեսզի Արցախի ժողովրդի շահերը լինեն պաշտպանված, քանի որ այդ հարցը վերկուսակցական է: Լենա Նազարյանը կարևորել է երկու պետությունների միջև ոլորտային կապերի սերտացումը և համագործակցությունը:

«Գործընկերությունն ու մտերմությունը չպետք է լինեն միայն քաղաքական կամ պետական մարմինների մակարդակով: Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ», - նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իր ելույթում անդրադարձել է խմբակցության գործունեության հիմնական ուղղություններին՝ շեշտելով, որ այդ աշխատանքում իրենց համար գերնպատակ է Արցախի անվտանգության հարցը, որը սերտ կապակցված է Հայաստանի անվտանգությանը: Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին՝ Լիլիթ Մակունցը խմբակցության անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցել հատկապես օրինաստեղծ դաշտում, մասնավորապես՝ հաշվի առնելով 2020 թվականին Արցախում սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ՝ առանցքային նշանակություն ունեցող օրենքների ընդունումը: Խմբակցության ղեկավարը առաջարկել է օժանդակել նաև ընտրական գործընթացներում ներգրավված համապատասխան մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընտրությունները լուսաբանող լրագրողների, դիտորդական առաքելություն իրականացնողների և կուսակցությունների վերապատրաստման հարցում:

«Բոլորիս համար չափազանց կարևոր է, որ Արցախի Հանրապետությունում առաջիկա ընտրությունները լինեն ժողովրդավարության չափանիշ՝ թե տարածաշրջանի և թե ամբողջ աշխարհի մակարդակով»,-ընդգծել է Լիլիթ Մակունցը:


Հանդիպմանը ելույթներ են ունեցել նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Երկու խորհրդարանների պատգամավորների հանդիպումները այնուհետև շարունակվել են մշտական հանձնաժողովներում՝ աշխատանքային քննարկումների ձևաչափով:

Օրվա երկրորդ կեսին «Իմ քայլը» խմբակցության անդամները ոլորտային հանդիպումներ են ունենալու Արցախի Հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուների՝ Կառավարության անդամների հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել