Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն ու մեղավորը, եթե կուզեք՝ գլխավոր ճարտարապետը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը։ Այս մասին այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում իր ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Միևնույն ժամանակ ես հեռու եմ ամբողջ մեղքը բացառապես Փաշինյանի վրա բարդելու մտադրությունից։ Ինչ-որ իմաստով նա ինքը զոհ է հայոց աշխարհը պատած առավելապաշտական «ոչմիթիզականության»։ Իսկապես, հուշեք ինձ, նշեք, թե քաղաքական քանի՞ ուժ գիտեք Հայաստանում, որ Ղարաբաղի հարցը համարել է չլուծված, զգուշացրել է գալիք պատերազմի վտանգի մասին, խոսել՝ փոխզիջման հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ՝ եղել է միայն մեկ այդպիսի ուժ, և այդ մեկ ուժը հենց այն մարդիկ են, որոնք այսօր նստած են այս դահլիճում։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը լծված էին երկրում «ոչմիթիզական» վակխանալիա ստեղծելու գործին։ Եվ Փաշինյանն ընդամենը համազգային այդ անմտության խրախճանքի արգասիքն է»,- հայտարարեց Զուրաբյանը։
Նա նաև նշեց, որ, օգտվելով առիթից, ցանկանում է անդրադառնալ, իր բառերով ասված, հայկական քաղաքական դաշտում խոր արմատներ թողած մի ցնդաբանությանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և իբր իրականացնում է Տեր-Պետրոսյանի պլանը։ «Պարզ վերլուծությունը ցույց է տալիս սակայն, որ իրականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և Արցախում իրականացրեց ուղիղ այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել։ Նիկոլ Փաշինյանն իրականացրեց հենց «ոչմիթիզականների» պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող․ այդ հողը Հայաստանից գրավեցին ուժով՝ մեր հազարավոր զինվորների արյան գնով։ Եվ ճիշտ կլիներ նրան համարել Քոչարյանի, «Դաշնակցության», «Սասնա Ծռերի» հոգեզավակը»,- ասաց Լևոն Զուրաբյանը։
Ըստ նրա, արդարության համար պետք է նշել, որ 2008-ին Փաշինյանը կիսում էր հակամարտության կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի մոտեցումները, սակայն 2012-ին ՀԱԿ-ի ցուցակով խորհրդարանում հայտնվելուն պես խզեց կապերը Կոնգրեսի հետ, իսկ 2017 թվականին սկսեց բացահայտ քննադատել Տեր-Պետրոսյանին՝ «ոչմիթիզականության» դիրքերից։
comment.count (0)