Լևոն Զուրաբյան

Լեւոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ։

Ծնվել է  1964 թ-ի մարտի 9-ին Երեւանում։ ՀՀ քաղաքական գործիչ է, հինգերորդ գումարման ՀՀ Ազգային Ժողովում եղել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգողն է։ 

Սովորել է Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ 1985 թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետեւ եղել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում ասպիրանտ։ 1989-1991 թթ. նույն ինստիտուտում անցել է աշխատանքի։ 1988-ին սկիզբ առած շարժման ակտիվիստներից է, ներգրավված է եղել սահմանադրական խմբերում։ 1998-2000 թթ. ուսանել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 1991-1998 թթ աշխատել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակում՝ որպես նախագահի օգնական, ներքին՝ Հայաստանի տարբեր պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ արտաքին՝ ԱՊՀ ուղղությամբ քաղաքական կապերի հարցերով։ 1994 թվականից` զբաղեցրել է նաեւ մամլո խոսնակի պաշտոնը։ 2008-ի նախագահական ընտրություններին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի ինը անդամներից մեկը եւ զբաղվել է հիմնականում արտաքին հարաբերությունների, նաեւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցերով։ 

«Ժողովրդի ընդվզումն արդարացված է». ՀԱԿ-ը հանդիպեց Բագրատ սրբազանին
 |azatutyun.am|

«Ժողովրդի ընդվզումն արդարացված է». ՀԱԿ-ը հանդիպեց Բագրատ սրբազանին |azatutyun.am|

azatutyun.am: Կաջակցի՞ արդյոք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ Արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է ՀԱԿ խորհրդի 4 անդամներին, այդ թվում՝ կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին, քննարկելով, ինչպես սրբազանն է նշում, թե ինչ ճանապարհով շարժումը կարող է հասնել արդյունքի։ Առաջին նախագահը հանդիպմանը չի մասնակցել։ «Իրենք արդեն այս կամ այն կերպով այդ շարժման հետ են, մեջ են, հիմա զուտ, այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ ունեն, մտահոգություններ ունեն, գաղափարների առաջարկներ ունեն, ձևեր ունեն, կքննարկենք՝ լայն, պարզ, այն գաղափարները, որոնք իրենք հրապարակային հայտնել են, մենք ունեցել ենք առաջարկներ ու գաղափարներ, հիմա իրենք խորհուրդով էլ կքննեն», - «Ազատությանն» ասաց Բագրատ սրբազանը: Հանդիպմանը մասնակցած ՀԱԿ փոխնախագահն «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեց՝ կուսակցության քաղաքական խորհրդի 4 անդամներով այսօր հանդիպել են Բագրատ սրբազանին։ «Այո, տեղի է ունեցել հանդիպում Բագրատ սրբազանի հետ և կարծիքների փոխանակում Հայաստանում ստեղծված իրավիճակի և անվտանգության բնագավառում ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ», - ասաց Լևոն Զուրաբյանը: Արդյոք առաջին նախագահի ղեկավարած ուժն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդած շարժմանը, ՀԱԿ փոխնախագահն ուղիղ պատասխան չտվեց։ «Մենք գտնում ենք, որ ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է: Այդ կապակցությամբ մենք էլ ենք բարձրաձայնել մեր քննադատությունը և շարունակելու ենք ներկայացնել մեր տեսակետները: Մենք հետևում ենք զարգացումներին: Ակնկալում ենք, որ քաղաքական բոլոր գործընթացները լիովին կընթանան Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Պահանջում ենք իշխանություններից՝ զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից», - հայտարարեց Զուրաբյանը: Հայ ազգային կոնգրեսից բացի, Փաշինյանի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսը տեղեկացրեց, որ հանդիպել է նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ի անդամներին։ Չբացառեց, որ հանդիպում կունենա նաև հենց Գագիկ Ծառուկյանի հետ. - «Կունենանք, հավանաբար»: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
19:59 - 17 մայիսի, 2024
Ամեն ինչ կախված է շարժման կազմակերպիչներից, եթե ճիշտ ուղերձներ դնեն՝ կհաջողեն. Զուրաբյան |news.am|

Ամեն ինչ կախված է շարժման կազմակերպիչներից, եթե ճիշտ ուղերձներ դնեն՝ կհաջողեն. Զուրաբյան |news.am|

news.am: Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, չի կարող շարժումը չունենալ քաղաքական պահանջներ: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանը: «Ինչ-որ պահից պետք է ձեւակերպվի քաղաքական օրակարգը, գործողությունների ծրագիրը: Բայց մենք այդ ձեւավորողների, ձեւակերպողների մեջ չենք, եւ չենք էլ կարող հավակնել ուրիշի փոխարեն որոշումներ ընդունել: Չի կարող լինել այնպես, որ մեծ զանգվածներ հավաքվեն եւ չլինի գործողությունների ծրագիր, չլինի քաղաքական օրակարգ»,-ասաց նա: Զուրաբյանի խոսքով, բնականաբար, այս բողոքը հասունացել է ժողովրդի մեջ, այլ հարց է, թե այս բողոքը ճիշտ կտանեն կազմակերպիչները, թե սխալ. դա վճռվելու է այս օրերին: Հարցին՝ կհաջողվի՞ մեծ զանգվածներ հանել պայքարի, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատը մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա կազմակերպիչներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից: Եթե ճիշտ ուղերձներ ներկայացնեն, կհաջողեն»: Նա կարեւորեց, թե ինչ հարցերում են քննադատում իշխանություններին. «Կարող է մեկը գա ասի՝ եկեք վիլսոնյան Հայաստանը վերականգնենք, ու եթե դու այդ հարցը չես դնում, դրա համար քեզ քննադատում ենք: Կամ այն, ինչ արեց խորհրդարանական ընդդիմությունը, որ ասաց՝ եկեք 1993 թվականի շփման գծով սահմանազատում անենք: Դա հիմարություն է: Եթե այդ տեսակետից պետք է քննադատեն Նիկոլ Փաշինյանին, դրանով նրան կուժեղացնեն: Իսկ եթե խոսքը լինի ռեալիստական, նորմալ պահանջների մասին, օրինակ, որ մերժելով այս անգլուխ, հտվածային սահմանազատումը, առաջարկեն ամբողջական սահմանազատում, բայց չմերժեն սահմանազատման գաղափարը կամ Ադրբեջանի հետ հաշտության գալու գաղափարը: Եթե մոտեցումները դա լինեն, դա կհավաքի ժողովուրդ: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, շատ մեծ է հավանականությունը, որ կարելի է հասնել արդյունքների: Բայց ոչ մի բան երաշխավորված չի կարող լինել»,- ասաց Զուրաբյանը:
13:22 - 09 մայիսի, 2024
Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան

Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան

Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին բերեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրա մեջ մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախորդող օրերին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «իրական» և «պատմական» Հայաստանի մասին հայտարարություններին։ «Նիկոլ Փաշինյանը երեկ` ապրիլի 10-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, հայ հանրությանը ներկայացրեց մի նոր «հայեցակարգ», ըստ որի իբր գոյություն ունի «Իրական Հայաստան» եւ «Պատմական Հայաստան», որոնք «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։ Փաշինյանը նաեւ խոստովանեց, որ երկար ժամանակ եղել է «Պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող» եւ «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո «բոլորիս աչքի առաջ» տեղի է ունեցել իր «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան», որի շնորհիվ նա «աներկբա և միանշանակ համոզվեց», որ Հայաստանի անվտանգության ապահովման համար կարեւորագույն գործոնը «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է»։ Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է», որի միջազգայնորեն ճանաչված տարածքը «մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել» եւ որ «եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»: Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը պարզունակ գրագողություն է անում Վանո Սիրադեղյանից, որը, քննադատելով քաղաքական հայդատականությունը, ժամանակին ասել էր. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»: Խորքային խնդիրն այստեղ այլ է։ Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին բերեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրա մեջ մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։ Այս կապակցությամբ ասելիքս կուզեի արտահայտել հետեւյալ արձանագրումներով. 1․ Հայաստանը ի սկզբանե իր անկախության ձեռքբերման գործընթացը անցկացրել է Խորհրդային Միության Սահմանադրության շրջանակներում, անկախության հանրաքվեն կազմակերպել է բացառապես Խորհրդային Հայաստանի տարածքում, եւ առաջին իսկ պահից, ստորագրելով 1991 թվականի Մինսկյան (Բելավեժյան) հայտարարությունը, հռչակել է, որ ընդունում է իր սահմանները որպես նախկին Սովետական Հայաստանի սահմաններ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը դիտարկում է որպես Ադրբեջանի եւ խորհրդային ժամանակաշրջանում նրա կազմում ինքնավարություն եղած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ հակամարտություն։ Հայաստանի Հանրապետությունը նաեւ պաշտոնապես հայտարարել էր, որ համաձայն է այդ հակամարտության ցանկացած լուծմանը, որին համաձայն կլինեն եւ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն, Հայաստանը երբեք իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որեւէ հավակնություն չի հայտնել։ Նիկոլի լեզվով ասած, Հայաստանն ի սկզբանե իրեն հաստատել է, որպես միջազգայնորեն ճանաչված «Իրական Հայաստան» եւ դիվանագիտության մեջ երբեք չի կիրառել պատմական «իրավունքի» հետ կապված փաստարկներ (Վանո Սիրադեղյանը հենց այդ դիրքորոշումն էր պաշտպանում հայդատականներից)։ Հետեւաբար, Նիկոլի այն պնդումը, որ 1991 թվականից ի վեր «մենք ենք, որ չենք ճանաչել մեր միջազգայնորեն ճանաչած տարածքը», հերթական լկտի նիկոլական սուտ է։ 2․ «Պատմական Հայաստանի» տեսլականով, մինչդեռ, հանդես է եկել ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», Մյունխենում Ալիեւի հետ ներգրավվեց պատմության մասին Տիգրան Մեծին վկայակոչող վիճաբանության մեջ, եւ իր բազմաթիվ ելույթներում խոսեց Սարդարապատի ոգու ու Սեւրի պայմանագրի մասին, ոգեկոչեց Տիգրան Մեծին, Արտաշեսին, Աշոտ Երկաթին եւ հայոց այլ թագավորներին։ Պատմության մասին հենց այս կենացներով Փաշինյանն առաջնորդեց մեր երկիրը դեպի ամենամեծ աղետներից մեկը Հայոց պատմության մեջ։ Այսինքն, հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ 1991 թվականին հիմնադրած իրական Հայաստանը կազմաքանդեց պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով։ 3․ 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ եւ չորս խաղաղ տարվա ընթացքում բոլոր հնարավորություններն ուներ ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խորհրդապահական բանակցությունների բովանդակությանը եւ պատմությանը, դիվանագիտական խողովակներով ստանալու տեղեկություններ գլխավոր միջազգային խաղացողների դիրքորոշումների եւ ծրագրերի, տարածաշրջանում ստեղծված ռազմա֊քաղաքական բալանսի մասին։ Այդ ժամանակն անգամ անփորձ, բայց պետական կառավարմանն ընդունակ ցանկացած ղեկավարին պետք է որ բավարարեր հասկանակու համար, որ պատմության ընկալման վրա հիմնված ցնորքները սպառնալիք են մեր անվտանգության համար։ Բայց Նիկոլ Փաշինյանին այդ «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան» անցնելու համար այդ չորս տարին բավարար չեղան։ Իր իսկ խոստովանությամբ, այն տեղի չունեցավ անգամ 44֊օրվա կործանարար պատերազմից հետո եւ կատարվեց «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո»։ Այսպիսով, իշխանության մեջ անցկացրած 7 տարիներից 5 ու կես տարիներին Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել «Պատմական Հայաստանի» աղետաբեր ցնորքի սպասարկման գործով եւ միայն վերջին մեկուկես տարին է, որ «հասկացել» է իր գործունեության վնասները ու «տրանսֆորմացվել» դեպի «Իրական Հայաստան»։ Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել։ Միեւնույն ժամանակ, համաձայնվե՜ք, որ եթե երկիրն ունի այդ ծավալի բթություն խոստովանած ղեկավար, ապա այսօրվա մեր ձախողումների համար այլ բացատրություն փնտրելու կարիք պարզապես չկա։ 4․ Նիկոլ Փաշինյանն ինքն ընդունում է, որ 5 ու կես տարվա ընթացում մեր երկիրը առաջնորդել է ազգային անվտանգության եւ «Իրական Հայաստանի» համար կործանարար սպառնալիքներ առաջացնող «Պատմական Հայաստանի» տեսիլքի ուղղությամբ։ Հարց է ծագում. եթե այդքան երկար ժամանակ այդ մարդը, հակառակ բոլոր իրողություններին, համառորեն ցուցադրել է դատողության եւ տրամաբանության ակնհայտ արատներ եւ ոչ֊ադեկվատություն, ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ նրա դատողությանն ու տրամաբանությանը կարելի է վստահել մեր երկրի հետագա ճակատագիրը։ Իրականում, եթե ինչ֊որ բան եւ ապացուցվել է Նիկոլ Փաշինյանի մասին, դա այն է, որ քանի դեռ Փաշինյանի մտածողության (իսկ ավելի ճիշտ կլիներ ասել «անմտության») տեր մարդն է Հայաստանի համար ճակատագրական որոշումներ ընդունում, մեր երկիրը շարունակում է վտանգված լինել։ 5․ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պնդում է, որ Հայաստանը, ստորագրելով 1992 թվականի Ալմա֊Աթայի համաձայնագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, մյուս կողմից մեղադրում, որ Հայաստանը 1991 թվականից կառուցել է իր անկախության մոդելը սխալ՝ «Պատմական Հայաստանի» մոդելի վրա։ Թե ինչպե՜ս են կարող այս երկու իրարամերժ պնդումները միաժամանակ տեղավորվել Նիկոլ Փաշինյանի ուղեղի մեջ, թող ապագայում ուսումնասիրեն «Ակադեմիական քաղաք» տեղափոխված Բժշկական համալսարանում։ Այս պահին միայն արձանագրենք, որ անգամ ստախոսության գործում նա ապաշնորհ է»,- գրել է Զուրաբյանը։  
10:13 - 12 ապրիլի, 2024
Իմպուլսիվ և փնթի են Փաշինյանի ջանքերը. ՀԱԿ փոխնախագահը` ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին
 |armeniasputnik.am|

Իմպուլսիվ և փնթի են Փաշինյանի ջանքերը. ՀԱԿ փոխնախագահը` ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի իշխանությունները հետևում են նոր Սահմանադրության ընդունման հարցում Ադրբեջանի պահանջներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, բայց պաշտոնապես չի նշվում, թե ինչի համար է առաջացել այդ անհրաժեշտությունը: Դրա հետ մեկտեղ նա վստահ է` Հայաստանի համար ամենահարմար մոդելը խորհրդարանական կառավարման համակարգն է։ Այս ամենի հետ մեկտեղ, հասարակական ու քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի պահանջով։   Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր ասուլիսում նշել էր, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր` այդ առումով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններն էլ բացառություն չեն, բայց ասել, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, սխալ է։   Մայր օրենքի հնարավոր փոփոխության մասին Լևոն Զուրաբյանն ասաց, որ 1991 թվականին հայ ժողովուրդը բացարձակ կոնսենսուսով ընդունել է սահմանադրական օրենքներ, որոնցով Հայաստանում հիմնադրել է կիսանախագահական կառավարման մոդելը։ Կառավարման մոդելի անփոփոխ լինելը ենթադրում է քաղաքական խաղի կանոնների անփոփոխություն, և դա ժողովրդավարության հիմքերից է։ Նրա խոսքով` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականին փոխեց կառավարման մոդելը` կեղծելով հանրաքվեի արդյունքները։   «Այդ պատճառով, եթե սահմանադրական ռեֆորմի անհրաժեշտություն կա, ապա այն վերաբերում է միայն մի բանի` վերահաստատել սահմանադրական կառավարման կայունության սկզբունքը միակ լեգիտիմ կառավարման մոդելին, այն է` կիսանախագահական։ Իսկ այդ անհրաժետշությունը կա»,– նշեց Զուրաբյանը` նշելով, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար։   Ըստ Զուրաբյանի` պետք է ուշադրություն դարձնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, որը չի հերքում, թե նոր Սահմանադրության ընդունման հարցը կապված է նաև արտաքին հարցերի հետ: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «իշխանության քարոզիչները» սկսել են խոսել Սահմանադրության նախաբանի փոփոխության անհրաժեշտության մասին, որը հղում է անում Անկախության հռչակագրին։ Զուրաբյանը հիշեցրեց, որ բացի այդ, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը հնչեցրել է նաև Իլհամ Ալիևը։   «Դժվար չէ ենթադրել, որ փոփոխությունների իրական մոտիվը ոչ մի կապ չունի որևէ կոնցեպտուալ առաջարկի հետ։ Միակ խնդիրը, որն այսօր Փաշինյանին դրդում է անվտանգության այս բարդագույն իրավիճակում (պատերազմի և խաղաղության միջև) փոփոխությունների գնալ, հենց Ադրբեջանի նախագահի պահանջների բավարարումն է»,- ասաց Զուրաբյանը։   Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am-ում։   
22:07 - 25 հունվարի, 2024
Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան
 |azatutyun.am|

Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։ «Համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը։ Զրույցից մի հատված ստորև. «Ազատություն». - Փաշինյան-Ալիև վերջին հեռակա բանավեճը կարծես ցույց է տալիս, որ խաղաղության պայմանագիրն իրատեսական չէ, այնինչ հակառակի մասին պնդումներ էինք լսում տարեվեջին։ Այսինքն՝ Բաքուն չի՞ ուզում կնքել այդ փաստաթուղթը։ Լևոն Զուրաբյան. - Խաղաղության մասին պնդումները մենք լսում էինք հիմնականում Նիկոլ Փաշինյանին, որը, իմ խորին համոզմամբ, փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որն ավելի համապատասխանում է իր պրոպագանդիստական նպատակներին, բայց իրականության հետ որևէ կապ չունի։ Մեր իշխանությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում միջազգային քաղաքականության մեջ, նրանք չեն ըմբռնում տեղի ունեցող պրոցեսները, վտանգները։ Ասենք՝ երբ որ Ալիևն ասում է՝ դե լավ, մենք «Զանգեզուրի միջանցքն» էլ չենք դիտարկում, մենք այդ հարցը Իրանի միջոցով կլուծենք, անմիջապես մեր ամբողջ պրոպագանդան սկսում է ներկայացնել դա, որ տեսեք՝ հարցը լուծվեց, պրծավ, էլ խնդիր չկա։ Եթե հիշում եք՝ նաև Արայիկ Հարությունյանը Գրանադայից հետո գրել էր մի գրառում, որ ոչ մի վատ բան չի պատահել, մենք գնացել ենք Գրանադա, ստացել ենք այն ամեն ինչը, ինչ որ պետք է, Ադրբեջանը ոչ մի բան չի ստացել։ Այս մարդիկ ապրում են զուգահեռ աշխարհում, սա լուրջ խնդիր է։ Իրենք չեն հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև այն ժամանակ մենք միանգամից ասացինք՝ դա չի նշանակում, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցն Ադրբեջանը հանել է օրակարգից։ Այդ պահին իրենց պետք էր մարսել Ղարաբաղի դատարկումը, էթնիկ զտումը, և իրենք պատրաստ էին ինչ-որ կառուցողական հայտարարություններ անել մի քիչ թմրեցնելու, մի քիչ բթացնելու աշխարհի զգոնությունը և բարձրացրած ալիքը դատապարտման։ Իսկ Ալիևը, տեսեք, ինչ է հայտարարում, արտահերթ ընտրություններով նախանշվում է նոր դարաշրջան Ադերբեջանի համար, որտեղ կլինեն նոր նպատակներ, քանի որ նախկին նպատակներին իրենք արդեն հասել են։ Այսինքն՝ Ալիևի ասածն ի՞նչ է, համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն։ Իրականությունն այն է, որ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
18:38 - 16 հունվարի, 2024
Դեմ ենք կալանքը բռնաճնշում օգտագործելու ապօրինի պրակտիկային. Լևոն Զուրաբյանը պահանջեց Աշոտյանին կալանքի տակ չպահել  |aysor.am|

Դեմ ենք կալանքը բռնաճնշում օգտագործելու ապօրինի պրակտիկային. Լևոն Զուրաբյանը պահանջեց Աշոտյանին կալանքի տակ չպահել |aysor.am|

aysor.am: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ևս Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն է ներկայացրել։  Զուրաբյանն ասաց, որ խափանման հարցի խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է իրեն և ինքն էլ համաձայնվել է։ «Ինչը կարող է զարմանք հարուցել որոշ մարդկանց մոտ և հարուցել է, չէ՞ որ 2 տասնամյակի ընթացքում ես և իմ թիմը՝ ՀԱԿ-ը, անխնա քննադատության ենք ենթարկել ՀՀԿ-ին՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար»,-ասաց նա և թվարկեց իր որոշման հիմնավորումները։ Ըստ Զուրաբյանի՝ ինքն առանց վարնման միշտ բավարարել է քաղաքական և հասարակական գործիչների նման դիմումները։ «Քանի որ մենք միշտ դեմ ենք եղել կալանքը բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկային, ինչը դիտարկել ենք քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից», - ասաց նա՝ շեշտելով, որ, իհարկե, ոչ բոլոր մեղադրանքների դեպքում։ «Այս դեպքում խափանման միջոցի առաջարկված փոփոխությունը քաղաքացիների անվտանագությանը որևէ կերպ չի սպառնում, ոչ էլ սպառնում է բաց և արդար դատաքննությանը։ Հետևաբար, դատավարության կալանքի տակ պահելով Աշոտյանին՝ դատարանը կապացուցի՝ ի սկզբանե խախտում է անմեղության կանխավարկածի և անաչառության սկզբունքները», - ասաց նա։Ըստ նրա՝ ակնհայտ է, որ դատարանում քննարկվող այս գործի հիմքում ընկած չէ կոռուպցիայի դեմ պայքարի և իշխանության չարաշահման դեպք։ Ըստ նրա, Աշոտյանին հետապնդում են, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո Աշոտյանն աչքի է ընկել չափազանց սուր քննդատությամբ, հատկապես նրանց վարած ղարաբաղյան քաղաքականության հետ կապված։ «Որևէ կասկած չունեմ, որ գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն ու պատժումն է, այլ քննադատությունը լռեցնելը»,-ասաց նա։
16:49 - 08 հունվարի, 2024
Փաշինյանի ստախոսությունը սահման չի ճանաչում․ Տեր-Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանի ստախոսությունը սահման չի ճանաչում․ Տեր-Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանի դեմագոգիան եւ ստախոսությունը որեւէ սահման չեն ճանաչում։ Երկրորդ օրն է շարունակ, ինչ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ «Արցախի հայության համար իր աղետալի հետեւանքներով այդ քայլը հավասարազոր է հայ մելիքների դեմ Մելիք Շահնազարի դաշնակցությանը Փանահ֊խանի հետ եւ պատմության մեջ մշտապես կհիշվի որպես Արցախին հասցրած երկու դավաճանական եւ մահացու հարվածներից մեկը։    Գիտակցելով այս իրողությունը, Փաշինյանը իրեն հատուկ մտային աճպարարությամբ փորձում է ներկայացնել իրականությունն այնպես, թե իբր նա, ստորագրելով Պրահյան հայտարարությունը եւ ընդունելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք, որեւէ նոր քայլ չի կատարել։   Այդ ցնորքն ապացուցելու նպատակով նա երկու հայտարարություն է կատարում. - Որ Հայաստանը դեռ 1991֊1992 թվականներին ստորագրել է եւ վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, դրանով իբր ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազնում։ - Որ ռուսական թերթերից մեկում տված մի հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը հայտարարել է, թե իր համար ընդունելի է Արցախի ինքնավարության կարգավիճակը, դրանով իբր հաստատելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմք։ Քանի որ արդեն երկրորդ օրն է, ինչ այս անհեթեթությունը տիրաժավորվում է Հայաստանի հանրային լրատվամիջոցներով, նպատակահարմար եմ գտնում եւս մեկ անգամ արձանագրել հետեւյալ հանրահայտ փաստերը. 1. Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է Մինսկում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ ստորագրած հռչակագիրը։ 2. Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր միացումը ԱՊՀ֊ին, Հայաստանը վերոհիշյալ հռչակագիրը վավերացրել է համապատասխան վերապահումներով, ըստ էության, հայտնելով, որ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը չի տարածվում նախկին ինքնավարությունների վրա, որոնք ԽՍՀՄ օրենքների համաձայն, հայտարարել են իրենց անկախության մասին։ Դա Հայաստանի Հանրապետության համար այսօր էլ գործող օրենսդրական հիմք է։ 3. Հայաստանը չի վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, բավարարվելով Մինսկյան հռչակագրի ստորագրությամբ եւ վավերացմամբ ստեղծված իրավական հիմքերով եւ պարտավորություններով։ 4. Տեր֊Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք, հետեւողականորեն վետո կիրառելով ԵԱՀԿ֊ի որեւէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս հիշատակելու փորձերի դեմ եւ մերժելով նման լուծում առաջարկող որեւէ տարբերակ։ 5. «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթին 1992 թվականի մարտին Տեր֊Պետրոսյանն ասել է, որ իր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը կարող է «ընդունելի լինել եւ Ղարաբաղի, եւ Ադրբեջանի համար»։ Ես արդեն մեկնաբանել եմ այդ հայտարարությունը 2010 թվականին, երբ այդ որպես մեղադրանք նետվել էր այն ժամանակվա իշխանությունների կողմից։ Հայտարարությունից երկու ամիս անց մենք ազատագրեցինք Շուշին։ Ես բացատրել եմ, որ այդ ռազմական գործողությունն արդեն նախապատրաստված եւ արտոնված էր, եւ հայտարարությունը հնչել է ընդամենը որպես պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովման բաղադրիչ։ Հասկանում եմ, որ Նիկոլական տգետների համար դժվար կլինի հասկանալ հատկապես «պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովում» արտահայտության տակ թաքնված բովանդակությունը, բայց ավելին ասելու համար ստիպված պետք է լինեմ բացահայտելու պետական գաղտնիքներ, ինչը բնականաբար չեմ անի։ Ամեն դեպքում, նման բան երբեք չի ներկայացվել դիվանագիտական ատյաններում որպես Հայաստանի դիրքորոշում եւ երբեք չի եղել մեր քաղաքականության հիմքում, առավելեւս որեւէ կապ չի ունեցել Ալմա֊Աթայի հռչակագրի հետ։ Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանի ինքնարդարացման փորձերը եւս մեկ անգամ բացահայտոում են այն անմխիթար իրողությունը, որ մենք գործ ունենք ստախոս մի ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է փախուստը պատասխանատվությունից», - գրել է նա։
10:05 - 14 սեպտեմբերի, 2023
Փաշինյական սուտ համար 1. Լևոն Զուրաբյան

Փաշինյական սուտ համար 1. Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսում արված հայտարարություններին անդրադարձել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջի գրառման մեջ: Նա գրել է.  «Մայիսի 22-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե «եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ, դուք դրանով Արցախը ճանաչե՞լ եք Ադրբեջանի մաս, թե ոչ», պատասխանել է. «Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Փաշինյանը սուտ է ասում։ Հայաստանի միակ ղեկավարը, որը պաշտոնապես համաձայնել է հակամարտության այնպիսի լուծման, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը առանց վերապահումների ընդունել է 1998 թվականի «Ընդհանուր պետություն» ծրագիրը։ Հանուն ճշմարտության, սակայն, պետք է արձանագրել, որ այն ծրագիրը, որին համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանը, համեմատել անգամ հնարավոր չի Արցախի համար այն կործանարար պլանի հետ, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։ Բանն այն է, որ «Ընդհանուր պետություն» ծարգրի հիմքում ընկած էր Արցախի՝ «դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո անկախ» կարգավիճակի սահմանումը։ Այդ ծրագրով Արցախը ունենալու էր սեփական խորհրդարան, որը իրավասու էր լինելու արգելել Ադրբեջանի օրենքների գործածությունը Արցախի տարածքում, Ադրբեջանի ուժային կառույցները իրավունք չէին ունենա մտնել Արցախի տարածք առանց Արցախի համաձայնության, Արցախը կունենար սեփական բանակ և այլն։ Իսկ Փաշինյանը համաձայնել է, որ Արցախը ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ որպես Խանքենդիի և Ագդերեի ադրբեջանական շրջաններ, որոնց ամբողջ ղեկավարությանը, ներառյալ դատախազությունը և ոստիկանությունը նշանակվելու են Բաքվից։ Նման ընթացքի արդյունքը հայտնի է նախօրոք՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, եթե ոչ ջարդերով արտաքսումը։ Փաշինյանը սարսափում է այն արձագանքից, որին կարժանանա իր խայտառակ որոշումը, երբ բացահայտվեն այս բոլոր մանրամասները։ Հետևաբար, նա փորձում է հերթական Նիկոլական «կռուտիտով» իր որոշման պատասխանատվությունը դնել Հայաստանի նախկին ղեկավարների վրա՝ փորձելով համոզել մեր հասարակությանը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են իրենից առաջ եղած ղեկավարները։ Սուտասանը «մոռանում» է մեր հասարակությանը հայտնել մի «փոքր մանրուք»։ Բանն այն, որ Ալմա-աթյան հռչակագիրը Հայաստանը ստորագրել է և վավերացրել է 10 վերապահումներով, որոնցից հստակորեն հետևում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա՝ խորհրդային Ինքնավար մարզի սահմաններում։ Դե գնահատեք ստախոսին»։
11:19 - 23 մայիսի, 2023
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չհասավ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման․ Լևոն Զուրաբյան |news.am|

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չհասավ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման․ Լևոն Զուրաբյան |news.am|

news.am: Հաշվի առնելով այն, որ ՄԱԿ- ի ԱԽ մշտական հինգ անդամների շրջանում կար կոնսենսուս առ այն, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, ՀՀ ներկայացուցիչը պետք է հասներ բանաձևի ընդունման, ինչը լուրջ փաստաթուղթ կդառնար։ Այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա գնահատմամբ՝ դա Լաչինի միջանցքի հարցը կվերածեր միջազգային իրավունքի տարի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարևոր ազդեցություն կունենար, հնարավոր կլիներ հղում կատարել միակ իրական միջազգային փաստաթղթի։ «Սակայն ՀՀ իշխանությունը, չգիտես ինչու, դա չարեց։ Մինչ օրս պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչու դա չարվեց։ Պատճառը կարող է լինել իշխանության թույլ պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև այն, որ իշխանությունը որոշ երկրների հետ համաձայնության է եկել, և այդ երկրներն ասել են, որ նման ճնշումը չափազանց մեծ կլինի Ադրբեջանի համար, և, հնարավոր է, խոստացել են հարցի այլ լուծում։ Սակայն ոչ մի լուծում դեռ չենք տեսնում»,- նշեց Զուրաբյանը։ Նա համոզված է, որ կան լծակներ, որոնք միջազգային հանրությունը կարող է կիրառել Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ, այսինքն՝ դրանք կան և՛ ԱՄՆ- ի, և՛ եվրոպական երկրների մոտ։ Զուրաբյանը պարզաբանեց, որ Արևմուտքը կարող էր սպառնալ տնտեսական պատժամիջոցներով և Ադրբեջանի հետ պայմանագրերից հրաժարվելով, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ կան առավել խորը շահեր․ Արևմուտքը փնտրում է այլընտրանքային գործընկերներ էներգառեսուրսների շուկայում, և նման գործընկեր կարող է դառնալ Բաքուն։ «Իր հերթին, Ռուսաստանը չի կարող և չի ուզում կոշտ առճակատում Ադրբեջանի հետ և հասկանում է, որ դա կարող է ռազմական բախման հանգեցնել։ Իսկ դա կհանգեցնի նաև Թուրքիայի հետ բախման, որն այսօր կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար՝ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին։ Մենք կարող ենք դժգոհել Ռուսաստանից ու Արևմուտքից, սակայն կարևոր է հասկանալ այն պատճառները, թե ինչու աշխարհում չկան դաշնակիցներ և ուժեր, որոնք պատրաստ են մեզ հետ լուծել մեր ազգային շահերին վերաբերող հարցերը։ Սա իշխանության ոչ ադեկվատ քաղաքականության արդյունքն է։ Վստահության լուրջ կրեդիտ ունենալով՝ Փաշինյանը կարող էր ուժի դիրքից առանց պատերազմի լուծել հարցը։ Կարելի էր տալ հինգ շրջանները և այնտեղ խաղաղապահների տեղակայել։ Նման դեպքում անվտանգության տեսանկյունից իրավիաճակն ավելի բարենպաստ կլիներ, քան այսօր»,- հավելեց Զուրաբյանը։  
12:48 - 24 դեկտեմբերի, 2022
Մեզ բանակցությունների մասին տեղեկացնելու «հավաստի աղբյուրի» «հրապարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրագործմանը․ Լևոն Զուրաբյան

Մեզ բանակցությունների մասին տեղեկացնելու «հավաստի աղբյուրի» «հրապարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրագործմանը․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված հոդվածի մասին, որտեղ նշված է, թե ինչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հավաստի Աղբյուրի (հեղինակը հենց այդպես է ստորագրել հոդվածը) տեղեկություններն այն մասին թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար.«1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:3. Միջանցք Հայաստանի տարածքով:4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»:Իհարկե, մեր հանրության բավականի ստվար զագվածը շատ լավ հասկանում է, թե ո՜վ է այդ Հավաստի Աղբյուրը։ Մենք նաեւ գիտենք, որ հենց Հավաստի Աղբյուրի տիտանական ջանքերի շնորհիվ ենք հայտնվել այս վիճակում, երբ Ադրբեջանը համարձակվում է մեր առաջ նման պահանջներ դնել։Քանի որ սույն Հավաստի Աղբյուրը նաեւ հատուկ շեշտում է, որ պահանջները դասավորել է ըստ նրանց մերժման դեպքում՝ պատերազմի վերսկսման վտանգի մեծության, կարելի է ենթադրել, որ նա հանրային հող է նախապատրաստում իր նշած ցուցակում «ամենապատերազմավտանգ» պահանջները բավարարելու համար։ Ամեն դեպքում, այն հանգամանքը, որ Հավաստի Աղբյուրը նման «կրեատիվ» ճանապարհ է ընտրել Հայաստանի համար ճակատագրական, իսկ ավելի ճիշտ՝ էքզիստենցիալ քաղաքական որոշումների քննարկման համար, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն իրեն իրավունք է վերապահում սահմանագծման համար առաջ քաշել (իսկ Հավաստի Աղբյուրը՝ հնչեցնել) 1919, 1920 թվականների քարտեզներ, որոնցում բնականաբար Զանգեզուրը նշում են Ադրբեջանի կազմում, ահա՝ այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի։Ի դեպ, նորից որեւէ մանրամասներ չեն բացվում միջանցքի պահանջի վերաբերյալ, ինչպես նաեւ այլ հարցերում էական նյուանսների մասին, այնպես որ մեզ բանակցությունների մասին տեղեկացնելու այս «հրապարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրագործմանը։
16:55 - 03 հոկտեմբերի, 2022
«ՀԱԿ-ը չի կարող օգնել մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին»․ Զուրաբյան
 |azatutyun.am|

«ՀԱԿ-ը չի կարող օգնել մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին»․ Զուրաբյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի կարող լինել փողոցում և օգնել այն մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը։ Ընդգծելով, որ լավ կլիներ՝ Նիկոլ Փաշինյանի նման «ապաշնորհ, դիվանագիտությունից և աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացող աղետաբեր ղեկավարը» իշխանությունից գնար՝ Լևոն Զուրաբյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, թե ինչ պրոցեսով պետք է էդ մարդուն հեռացվի։ Էս գործընթացով հեռացնելը, ըստ ՀԱԿ փոխնախագահի, ոչ մի լավ ապագա չի խոստանում։ Զուրաբյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ -Պարոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսն անխնա քննադատում է իշխանություններին, բայց այս օրերին փողոցում չէ, ինչո՞ւ։ -Եթե փողոցում լինելը նշանակում է օգնել այն մարդկանց, որոնց սխալների պատճառով է էս ամեն ինչը կատարվել, իհարկե մենք փողոցում չենք լինի։ Ո՞նց կարող է մենք լինենք փողոցում և աջակցենք մարդկանց, որոնք էս հիմքը դրեցին՝ էս արկածախնդրության։ 98 թվականից սկսած էդ մարդիկ են էդ հիմքը դրել՝ էդ արկածախնդրության։ Սա մեկ, երկրորդը՝ մենք շատ լավ հասկանում ենք և Տեր-Պետրոսյանը դրա մասին գրեց, որ ցնցումներն իրականում շատ վտանգավոր են այսօր Հայաստանի համար և կարող են բերել ավելի ծանր վիճակների Հայաստանի համար և ցնցումներն, իսկապես, կարող են թուլացնել Հայաստանի դիրքերը բանակցություններում, հետևաբար մենք զերծ ենք մնում նման գործընթացներից։ Իսկապես լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի նման ապաշնորհ, դիվանագիտությունից և աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացող աղետաբեր ղեկավարը իշխանությունից գնար, բայց պետք է հասկանալ էդ ինչ պրոցեսով պետք է էդ մարդուն հեռացվի։ Էս գործընթացով հեռացնելը ոչ մի լավ ապագա չի խոստանում։  Ձեզ այդ հրապարակը չի՞ համոզել, որ աթոռի կռիվ չէ, գալիս ենք՝ ժամանակավոր կառավարություն, Արցախը փրկել։ -Ես Ձեզ անկեղծ ասեմ, եթե հրապարակում գոնե հնչեր մի քիչ քաղաքական միտք, էնպես չի, որ մենք ֆիքսված ենք անցյալի վրա, էդ անցյալի թշնամության, հակասությունների վրա, եթե հրապարակում հնչեր հստակ քաղաքական միտք, եթե առաջարկվեին լուրջ ալտերնատիվներ, մենք ճկուն ենք հանուն Հայաստանի, եթե մենք տեսնեինք, որ կա գործընթաց, որը խոստանում է ապագայում Հայաստանը ճիշտ ուղղությամբ տանել, և հիմա էլ այս գործընթացն այնպես կտանի, որ իսկապես կապահովի մեծ կոնսոլիդացիա, հանրության լայն շրջանակների ներգրավում, որը շատ կարևոր է, եթե ուզում ես, որ գործընթացը կայուն գնա՝ առանց արյունահեղության, առանց ցնցումների, շատ առանցքային է հանրության լայն շրջանակների ներգրավումը, դա ինքնին դառնում է երաշխիք, որ գործընթացները նորմալ են գնում։ Եթե մենք տեսնեինք, որ նման գործընթաց է գնում և հաշվարկված, ռացիոնալ քաղաքական մտքի շուրջ հնարավոր է լայն կոնսոլիդացիա, իհարկե մենք կմիանայինք այդ գործընթացին, կամ ինքներս կնախաձեռնեինք։ Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․  
14:34 - 18 մայիսի, 2022
«Վհատվել չկա». ՀԱԿ փոխնախագահը դիմել է թիմին

«Վհատվել չկա». ՀԱԿ փոխնախագահը դիմել է թիմին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին ու դիմել թիմին: «Սիրելի թիմ Կոնգրես 2021, Բոլորիդ հայտնում եմ խորին երախտագիտություն ընտրարշավի ընթացքում հոյակապ աշխատանքի համար, որի մեջ դուք ներդրեցիք ձեր ամբողջ եռանդը, նվիրվածությունը եւ սերը մեր երկրի նկատմամբ: Ընդամենը 30 օրվա ընթացում մենք կարողացանք ներկայացնել մեր հասարակությանը ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության պատմության մասին, Հայաստանի զարգացման մեր ծրագրերը, իրատեսական քաղաքականության վերադարձի անհրաժեշտությունը: Ցավոք, աղքատության եւ կախվածության մեջ գտնվող մեր ժողովրդի վրա ադմինիստրատիվ ռեսուրսի ու պետական/մասնավոր գործատուների ճնշումները, ինչպես նաեւ օլիգարխներին պատկանող փողն ու լրատվամիջոցները գերի են վերցրել մեր ընտրական եւ, լայն իմաստով, քաղաքական համակարգը: Նման համակարգում հաղթում են փող եւ լծակ ունեցող, հետեւաբար, նաեւ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների տեր քաղաքական ուժերը, եւ ոչ ռացիոնալիզմը կամ քաղաքական միտքը։ Վհատվել չկա։ Որեւէ ազգ միեւնույն է չի կարող առաջընթաց ունենալ առանց ռացիոնալ քաղաքական մտքի եւ սթափ հաշվարկի վրա կառուցած ծրագրերի։ Հենց այդ սկզբունքների եւ գաղափարների շնորհիվ մեզ հաջողվեց մեր կողմ բերել մտածող մարդկանց զգալի հատվածին եւ, ինչն ամենաոգեւորիչն է, ուսման, գիտության, արվեստի եւ գործարարության մեջ հաջողակ երիտասարդությանը: Մեզ ընդամենը պետք է պահպանել եւ ընդարձակել ընտրարշավի ընթացքում ստեղծված հոյակապ նոր թիմը եւ աջակիցների հենարանը հետագա քաղաքական մարտերի համար: Այս իշխանությունների երեք տարվա կառավարումն ապացուցել է, որ նրանք կատարյալ ձախողակ են պետական կառավարման եւ հաջողել են միայն դեմագոգիայի եւ հանրային կարծիքի մանիպուլյացիայի գործում: Կասկած չունեմ, որ շատ շուտով պետք է գալու մոբիլիզացնել մեր բոլորիս ջանքերը նրանց ձախողումների հետեւաքները հաղթահարելու եւ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար: Շնորհակալություն Կոնգրեսի բոլոր թեկնածուներին, աջակիցներին, ֆինանսական ներդրում կատարողներին, քարոզիչներին եւ շտաբային աշխատանք կատարողներին: Ռացիոնալիզմը եւ արդարությունը միեւնույն է կհաղթանակեն»:
16:20 - 24 հունիսի, 2021
ՀԱԿ-ը նախընտրական բանավեճին մասնակցության հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան |armenpress.am|

ՀԱԿ-ը նախընտրական բանավեճին մասնակցության հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան |armenpress.am|

armenpress.am: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակված նախընտրական բանավեճին իրենց ցուցակի անդամներից մեկի մասնակցությունը մերժելու հարցով, կուսակցությունը հարցեր ուներ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին ասուլիսում ասաց կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը: Նա նախ նախընտրական բանավեճը համարեց կարևորագույն իրադարձություն: «ՀԱԿ-ին, ըստ էության, մերժեցին այդ բանավեճին մասնակցելու իրավունքից»,-ասաց Զուրաբյանը: Նա շեշտեց՝ ընտրությունները ոչ թե նախագահական են, այլ խորհրդարանական, հետևաբար առաջին դեմքերի մասնակցությունը պարտադիր չէ, կուսակցություններին պետք է հնարավորություն տրվի  մասնակցել՝ իր ընտրած ներկայացուցչի միջոցով: ՀԱԿ-ը որոշել էր, որ այդ բանավեճում կուսակցությանը պետք է ներկայացնի Լևոն Զուրաբյանը: «Պատրվակով, որ միայն ցուցակների առաջին դեմքերը կարող են մասնակցել բանավեճին, մեզ մերժեցին»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց անընդունելի մոտեցում, որը խախտում է ընտրական իրավունքները: ՀԱԿ-ն անմիջապես դիմել է դատարան: Նրա խոսքով՝ դատարանը սկզբում մերժել է հայցը՝ «ձևական շարժառիթներով», թե լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն: «Հետո, երբ ճիշտ ձևակերպեցինք, հիմա շատ աբսուրդ որոշում են կայացրել, որոշել են, որ այն հայցը, որով մենք ներկայանում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց ակնհայտ կամայականություն՝ հավելելով, թե դա կատարվում է իշխանությունների հրահանգով: ՀԱԿ-ը պատրաստվում է շատ արագ դիմել Վերաքննիչ դատարան: Զուրաբյանը նշեց, որ իրենք այդ բանավեճին գլխավոր հարցերն էին ուղղելու, կարևոր հարցադրումներ ունեին թե Նիկոլ Փաշինյանին, թե Ռոբերտ Քոչարյանին:  Զուրաբյանը հնչեցրեց այն հարցերը, որոնք պետք է ուղղեին երկու գործիչներին էլ՝ խնդրելով լրագրողներին դա փոխանցել նրանց: Սկզբում նա ներկայացրեց այն հարցը, որը ՀԱԿ-ը բանավեճին պետք է ուղղեր Փաշինյանին. «Իմանալով, որ պետք է վերադարձվեր ընդամենը 5 շրջանը, լիներ արժանապատիվ հարատև խաղաղություն՝ նպաստավոր պայմաններով Հայաստանի և Արցախի համար, իմանալով մեր բանակի իրական վիճակը, ունենալով ԳՇ զեկույցները՝ բանակի վիճակի մասին և  պահանջը՝ հարցը լուծել հնարավորինս դիվանագիտական տարբերակով, ինչո՞ւ նա չգնաց արժանապատիվ խաղաղության պլանի ընդունմանը և հայ ժողովրդին տարավ միակողմանի սպանդ հանդիսացող պատերազմի՝ Ադրբեջանի հետ»: Ռոբերտ Քոչարյանի համար ՀԱԿ-ի հարցերը պետք է լինեին հետևյալը. «Ինչո՞ւ նա վիժեցրեց 1997-1998 թթ Ադրբեջանի կապիտուլյացիոն ակտը, Ադրբեջանը համաձայնել էր կապիտուլյացիա ստորագրել, իսկ հետո փոխարենը ոչ մի բան չբերեց՝ որպես խաղաղության պլան, որպես Հայաստանի և Արցախի համար ելք: Եվ իր իշխանավարության միակ արդյունքը այն եղավ, որ Արցախին դուրս շպրտեց բանակցությունների սեղանից: Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ նա չպատրաստվեց պատերազմի: Իրականում 1994 թվականից սկսած ոչ մի բան չի ավելացել՝ ռազմաճակատի ամրացված գծերին: Եվ երրորդը՝ ինչո՞ւ նա չի ցանկանում կրել պատասխանատվություն, որ հենց ինքն է ստեղծել Հայաստանում համակարգային կոռուպցիա, որի շնորհիվ կարողացավ մեր ժողովրդից թալանել միլիարդներ….Քոչարյանը ոչնչացրեց Հայաստանի տնտեսությունը՝ նրա արտահանման միակ հնարավոր պրոգրեսիվ մոդելը»:
15:48 - 18 հունիսի, 2021
Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա. Լևոն Զուրաբյան |armenpress.am|

Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա. Լևոն Զուրաբյան |armenpress.am|

armenpress.am: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի շատ համարում է ոչ թե ընտրապայքար, այլ՝ պետութունը փրկելու հատուկ օպերացիա: Այս մասին ասաց կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը: Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին ՝ նա  շատ տրամաբանական համարեց, որ այս ընտրությունները հիմնականում կենտրոնացան այն խնդիրների վրա, թե Հայաստանն անկախությունից ի վեր իր ճանապարհն արդյոք ճի՞շտ է անցել, ո՞ր ուղղություններով է սխալ գնացել: «Դա է պատճառը, որ այս ընտրություններում գլխավոր մրցակիցները դարձան այն ուժերը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ներկայացրել են ՀՀ իշխանություններին: Եվ արդեն կարելի է ասել, որ հենց այդ ուժերն էլ խորհրդարանում կունենան իրենց ծանրակշիռ ներկայությունը»,-ասաց Զուրաբյանը: Նա, սակայն հավելեց, որ սակայն դեմոկրատական ընտրություններում ամեն ինչ հնարավոր է: «Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա»,- ասաց Զուրաբյանը: Ընտրական ցուցակի անդամ Աննա Դավթյան-Գևորգյանն էլ նշեց.  «Քարոզարշավի շրջանում մեր կարևոր ուղերձներից մեկն էր նաև տեղ հասցնել այն մտայնությունը, որ այն, ինչ ունենք այսօր, ամենևին նույն խաղաղությունը չէ, ինչ կունենայինք, եթե արժանապատիվ խաղաղության գնայինք և ընդունեինք բանակցային ճանապարհով հարցը լուծելու տարբերակը»: Նա հավելեց՝ ներկա իշխանությունները անվերջ փորձում են հենց այդ ցույց տալ, որ այս գլխիկոր վիճակը խաղաղության հոմանիշ է: «Եվ այն ուժերն էլ, որոնք 1997-1998-ին վիժեցրեցին բանակցային ճանապարհով հարցի լուծումը, ուզում են ցույց տալ, որ իրենք այնքան էլ սխալ չէին, քանի որ այդ նույն արդյունքն էր լինելու»,-ասաց նա: Դավթյան-Գևորգյանը երկուսն էլ համարեց մոլորության տանող պնդումներ: «Ես վստահ եմ, որ քաղաքացիները մուրճի և մանգաղի այդ պարտադրված երկընտրանքից դուրս են գալու, որովհետև վստահ եմ՝ կա այն ընկալումը, որ միակ սառը զենքը, որ մեզ անհրաժեշտ է խորհրդարանում, սուր միտքն է, սառը դատողությունը և ողջախոհությունը»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
15:02 - 18 հունիսի, 2021
Ե՛վ Փաշինյանը, և՛ Քոչարյանը նույն մարդկանց միտինգից միտինգի են տանում. Լ․ Զուրաբյան |hetq.am|

Ե՛վ Փաշինյանը, և՛ Քոչարյանը նույն մարդկանց միտինգից միտինգի են տանում. Լ․ Զուրաբյան |hetq.am|

hetq.am: «Նկատում ենք, որ արդեն Երևանում Հայ ազգային կոնգրեսի ընտրարշավը լուրջ արդյունքներ է տվել։ Գյումրիում և Վանաձորում տեսնում ենք, որ ժողովուրդը կարծես ուզում է դուրս գալ Նիկոլ-Ռոբերտ երկընտրանքից, որովհետև այդ երկընտրանքը Հայաստանը որևէ տեղ չի տանում։ Տեսնում ենք, որ աստիճանաբար ժողովուրդը թեքվում է դեպի Հայ ազգային կոնգրես և սրտին ավելի մոտ է ընդունում այն գաղափարը, որ երկրի կայունացման լավագույն կառավարիչը կարող է լինել պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- Կոտայքի մարզի Քաղսի համայնքում քարոզարշավի ժամանակ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Վանաձորում իրենք պարզել են, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին վանաձորցիներից մասնակցել է 30-40 մարդ։ «Ե՛վ Փաշինյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը խաբեությամբ են զբաղվում։ Իրենք կազմակերպում են, նույն մարդկանց տանում են միտինգից միտինգ և տպավորություն են ստեղծում՝ իբր ժողովրդի հետաքրքրություն կա։ Իրականում նման բան չկա»,- հայտնեց Զուրաբյանը։ Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որ 15 գերիները վերադարձել են ականների ռազմական քարտեզների հետ փոխանակման շնորհիվ՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց․ «Հիմնավորելով այդ գործարքը՝ նա բերեց Իսրայելի օրինակը։ Փաշինյանն ասում է՝ բա էդպես է, Իսրայելը մի հոգու բերելու համար կարող է 300 կամ 1000 պաղեստինյան տեռորիստ ազատի, որոնք Իսրայելի դեմ ահաբեկչություններ են կազմակերպել։ Շատ լավ ես արել, որ հիշել ես Իսրայելի օրինակը, բայց մի քիչ շուտ հիշեիր»։  Զուրաբյանը հիշեցրեց՝ Իսրայելն այն երկիրն է, որ 1978 թվականին գնացել է իր թշնամու՝ Եգիպտոսի հետ խաղաղ կարգավորման և որպես խաղաղ կարգավորման հիմք վերադարձրել է ընդամենը դրանից 5 տարի առաջ գրավված Սինայի թերակղզին, որը շատ կարևոր ստրատեգիական հող էր։ «Եթե Իսրայելում ղեկավարները լինեին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի նման մտածողներ, կասեին ոչ մի թիզ էլ չենք տա։ Իսրայելը ցույց տվեց՝ երբ քաղաքական իրավիճակը և սեփական ռեսուրսների հաշվարկը պարտադրում է, որ դու ինչ-որ բան վերադարձնես՝ ստանալով շատ ավելի կարևոր բան՝ խաղաղություն, զինվորների կյանք, բարեկեցություն, ուրեմն էդպես էլ պետք է վարվել։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի բանակցությունների սեղանին դրվել է նման մի փաստաթուղթ Ռուաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից, և ասվել է՝ եթե էս 5 շրջանը վերադարձնում ես, պահում ես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքը, նաև Լաչինն ու Քարվաճառը, և էդ ամենը մնում է հայկական վերահսկողության տակ սերունդներ շարունակ։ Փաշինյանը սա մերժել է, հանցավոր որոշում է ընդունել՝ իր ժողովրդին տանելով դեպի կործանարար պատերազմ»,- ասաց նա։ Անդրադառնալով նաև երեկ հրապարակված՝ Էջմիածնի քաղաքապետի և Սուրեն Պապիկյանի ձայնագրությանը՝ Զուրաբյանը նշեց՝ թե՛ Դիանա Գասպարյանը, թե՛ Սուրեն Պապիկյանը Փաշինյանի մտերիմ ընկերներն են։ «Պարզվում է՝ էն, ինչ մենք կասկածում էինք, իր մտերիմ շրջապատն ուղղակի գիտի։ Նրանք հասկանում են, որ նման հոգեպես անհավասարակշիռ ղեկավարի գոյությունն այդ պաշտոնում ուղիղ վտանգ է Հայաստանի պետական շահերի համար։ Եթե հունիսի 20-ին ընտրությունների գլխավոր արդյունքը չլինի այդ մարդու հեռացումն իշխանությունից, ուրեմն մենք շատ վատ վիճակի մեջ ենք լինելու»։ ՀԱԿ փոխնախագահը կոչ արեց հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները չդիտարկել որպես սովորական ընտրություններ։ «Սա սովորական ընտրություն չի, մրցավազք չի, խոսքը մեր երկրի ճակատագրի մասին է, հունիսի 20-ը մեր պետականության փրկության հատուկ օպերացիա է, և դուք բոլորդ պարտավոր եք մեր պետության փրկության հատուկ օպերացիային մասնակցել»,- նշեց Լևոն Զուրաբյանը։
16:42 - 14 հունիսի, 2021