tert.am: Եվրոպական միությունը փորձում է կրակի դադարեցման հասնել պաղեստինա-իսրայելական հակամարտության շրջանակում։ Այս մասին քննարկումներ կընթանան միության անդամ 27 պետությունների առցանց հանդիպման ընթացքում, հայտնում է Al Jazeera լրատվականը։
«Մենք հանդիպել ենք տեսնելու, թե ինչպես կարող ենք նպաստել բռնության այս շատ վտանգավոր և մտահոգիչ ալիքի կասեցմանը», - ասել է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն։
ԵՄ-ն Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն ու միևնույն ժամանակ պաղեստինցիներին մեծ քանակությամբ օգնություն տրամադրող կառույց է, սակայն տրամադրված չէ Իսրայելի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերը շարունակվում են, մինչդեռ զոհերի և վիրավորների թիվն ամեն պահ աճում է։
Գազայում Al Jazeera-ի թղթակից Յումնա ալ Սայյեդն ասել է, որ տեղի Ալ Շիֆա հիվանդանոցում իրավիճակը վատթարանում է։
«Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազան պայքարում է բժշկական պարագաների և դեղերի խիստ պակասի դեմ և կամավորներին կոչ է անում արյուն հանձնել», - ասել է թղթակիցը՝ հավելելով, որ հիվանդանոցը նաև հոսանքի և ջրի պակաս ունի։
comment.count (0)