Փոփոխություններ «Հարկային օրենսգրքում». անշարք գույքն օտարելիս հարկման բազայի համար հիմք կընդունվի մոտարկված արժեքի 80 տոկոսը |1lurer.am|
12:31 - 20 մայիսի, 2021

Փոփոխություններ «Հարկային օրենսգրքում». անշարք գույքն օտարելիս հարկման բազայի համար հիմք կընդունվի մոտարկված արժեքի 80 տոկոսը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանության արժանացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: Անշարժ գույքի իրացման օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման նպատակով, որպես հարկման բազա, հիմք կընդունվի ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը: 

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է լուծել այն խնդիրները, որոնք ծագել են կառուցապատող տնտեսվարողների շրջանում՝ կապված անշարժ գույքի հարկման համակարգը կադաստրային շուկայականին մոտարկված արժեքների կիրառման հետ: Ըստ նրա՝ այդ խնդիրները երկու բնույթի են:

«Առաջինը գործարքի գնի չափի որոշմանն է վերաբերում, և երկրորդը՝ գործարքի պահի ճանաչմանը: Առաջին դեպքում, քանի որ կիրառվում է անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային շուկայականին մոտարկված արժեքը՝ ըստ գնահատականի այն արդեն իսկ իր մեջ պարունակում է ավելացված արժեքի հարկեր: Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի բազայի ձևավորման տեսակետից կստացվի, որ երկու անգամ է հաշվարկվում այս մեծությունը:

Առաջարկվում է, որ կիրառվի կադաստրային մոտարկված արժեքի 80 տոկոսը հարկման բազայի հաշվարկման նպատակով, իսկ երկրորդ դեպքում առաջարկվում է հաշվի առնել, որ շատ հաճախ անշարժ գույքը օտարվում է ոչ թե պատրաստ լինելու ժամանակ, այլ գնման իրավունքի օտարմամբ է սկսվում գույքի օտարման գործընթացը: Առաջարկվում է, որ գործարքի կատարման պահ ճանաչվի գնման իրավունքի գրանցման օրը, և դրանով պայմանավորված՝ նաև այդ ժամանակ գնահատվի կադաստրային մոտարկված արժեքը, որը հետագայում ՊԵԿ-ին հնարավորություն կտա ներկայացված հաշվետվությունները համադրել տվյալների այն բազայի հետ, որը կադաստրում առկա կլինի, և դրանով պայմանավորված՝ նաև որոշել, թե որքանով է հաշվետվությունը համապատասխանում սահմանված կարգավորումներին»,- ասաց Ջանջուղազյանը: 

Օրինագիծը ճանաչվեց անհետաձգելի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել