tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ընտրական ցուցակներում ընդգրկելուն և նշեց՝ գործող իշխանության կողմից դա ևս մեկ խոստման դրժում է:
«Եթե գործարարներ բերեն կստացվի, որ նրանք դրժում են իրենց խոստումը և հետընթաց ենք ապրում: Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ նա նշեց, որ իրենց խմբակցության ցուցակը դեռ սևագիր փուլում է և չի կարող հիմա հրապարակվել, ապա ընդգծեց՝ անակնկալներ անդամների մասով չկան և ներկայանալու են խմբակցության թիմով՝ օգտագործելով իրենց ռեսուրսները:
«Կլինեն ոչ միայն մեր կուսակցության անդամները, ես միշտ տեղ եմ տվել մարդկանց, ովքեր կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են և ունեն լավ գիտելիքներ, փորձ, որ կարող են ներդնել մեր գործում, բայց այդ մարդիկ հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Հիմա արդեն կարող եմ ասել, որ մեր ցուցակում գործարարներ չկան»,- նշեց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ քարոզարշավները նաև փոխելու են ընտրությունների ընթացքը:
comment.count (0)