armenpress.am: Հայաստանում 2020-ին, չնայած համավարակի և պատերազմի առաջացրած դժվարություններին, հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը, թեև պետությունը վճարել է գին՝ պարտքի ավելացում:
Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:
Նա հիշեցրեց, որ ինչպես աշխարհի շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը տարվա ընթացքում վերանայել է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին: Ջանջուղազյանը խոսեց իրականացված հակաճգնաժամային միջոցառումների մասին:
«Պետք է նկատել, որ այս ամենը չէր կարող գին չունենալ, որը պետք է վճարվի: Գինը, ըստ էության, պետական պարտքի փոփոխությունն էր»,- ասաց Ջանջուղազյանն ու առաջարկեց օբյեկտիվ գնահատել իրավիճակը:
Կառավարության պատկերացմամբ՝ հաջողվել է վճարել համեմատաբար համարժեք գին՝ նախանշված արդյունքներին հասնելու համար: «Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63.5 տոկոս, պետական բյուջեի դեֆիցիտը եղել է շուրջ 5 տոկոս, որը տրամաբանական է հարկաբյուջետային վերանայված քաղաքական համատեքստում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Ըստ նրա՝ այսպիսի հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու համար կանխատեսվածից ավելի պարտքի ներգրավմանն այլընտրանք պարզապես չկա: «Իրականացվել են հավասարակշռված վերանայումներ, հակաճգնաժամային միջոցառումներ, ինչի արդյունքում հաջողվել է ապահվել և բացասական ազդեցության հնարավորինս մեղմում և մարկրոտնտեսական կայունությունը, որն այլընտրանք չունի հետագա զարգացման տեսակետից»,- ասաց նա:
Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ին արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական անկում: Նրա վստահեցմամբ՝ պետական բյուջեի պակասուրդը և կառավարության պարտքը Հաաստանի համար չի ունեցել բացառիկ զարգացում, աշխարհի բոլոր երկրները գործնականում ունեցել են համանման իրավիճակ, զարգացող երկրների հետ համադրելի դրսևորումներ են եղել:
comment.count (0)