armenpress.am: Պետբյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում 2020-ին ամենամեծ կշիռն ունեցել է ավելացված արժեքի հարկը՝ շուրջ 472 մլրդ դրամ: այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Մեր եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռը, ինչպես նախկինում, այնպես էլ 2020-ին ունեցել է ավելացված արժեքի հարկը: ԱԱՀ-ի գծով մուտքերը 2020-ին կազմել են մոտ 472 մլրդ դրամ: Հարկային եկամուտների տեսակետից հաջորդն իր նշանակալիությամբ եկամտային հարկն է, որի մասով պետբյուջեն համալրվել է շուրջ 412 մլրդ դրամով՝ հարկային եկամուտների գրեթե 30 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանը:
Շուրջ 149 մլրդ դրամ են կազմել շահութահարկի գծով մուտքերը: Ջանջուղազյանը նշեց, որ տվյալ դեպքում պետբյուջեի հարկային եկամուտների շուրջ 11 տոկոսի չափով համալրումը շահութահարկի հաշվին, ըստ էության, հետևանք է 2019-ի տնտեսության շահութաբերության համեմատաբար բարձր մակարդակի, ինչն իր արտացոլումն էր գտել տնտեսության իրական աճի ցուցանիշում:
Ակցիզային հարկից ստացված մուտքերը ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 8.9 տոկոսն են կազմել կամ գերեթե 124 մլրդ դրամ:
comment.count (0)