ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է առաջիկա գագաթնաժողովի հիմնական թեմաները |hetq.am|
10:24 - 03 հունիսի, 2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է առաջիկա գագաթնաժողովի հիմնական թեմաները |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը վստահ է, որ հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ մասնակից երկրների առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի հետ կապված հարցերն ու Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ պատահարը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ 

Հունիսի 1-ին Սթոլթենբերգը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ «Ես վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները հանդիպման ժամանակ կքննարկեն այդ հարցը։ Դա մաս կլինի Բելառուսի անընդունելի վարքագծի արձագանքին, ինչպես նաև պատասխան համառ Ռուսաստանին, որովհետև այդ ամենի հետևում մենք տեսնում ենք նրա վարքագիծը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը սերտ համագործակցում են»,- Ջոնսոնի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Սթոլթենբերգն իր աջակցությունն է հայտնել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը և ընդգծել, որ ներկայումս «կարևոր է համոզվել, որ այդ պատժամիջոցներն ամբողջությամբ իրագործվում են»։

«Միանգամայն անընդունելի է այն, ինչ արել է Բելառուսը՝ ստիպելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի մայրաքաղաքից՝ Աթենքից ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկրի մայրաքաղաք՝ Վիլնյուս թռչող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք կատարի։ Ես ողջունում եմ Մեծ Բրիտանիայի, ՆԱՏՕ-ի գործընկերների և Եվրամիության պատժամիջոցները։ Դա հզոր ուղերձ է այն մասին, որ կան հետևանքներ, եթե ռեժիմը շարունակում է այդպիսի վարքագիծ… Հիմա կարևոր է, որ ընդունված պատժամիջոցներն ամբողջությամբ իրագործվեն։ Ինչքանով ես գիտեմ, մյուս դաշնակից պետությունները կարող են ավելին գնալ»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել