Ուզում ենք Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը զարգացնել և օգտագործել հանուն ՀՀ-ի․ Տարոն Սիմոնյան
17:06 - 04 հունիսի, 2021

Ուզում ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը զարգացնել և օգտագործել հանուն ՀՀ-ի․ Տարոն Սիմոնյան

Մեր ամբողջ գաղափարախոսությունը, նպատակը կարելի է նեղացնել և հանգեցնել մեկ կարեւորագույն կետի, որ մենք ուզում ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը նախ զարգացնենք և երկրորդը՝ դա օգտագործենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս մասին Շիրակի մարզում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

«Ինչպե՞ս է դա հնարավոր։ Դա հնարավոր է ընդհանրապես քաղաքական համակարգը առողջացնելու միջոցով, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ոչ թե հուզական դաշտով, ոչ թե ռացիոնալիզմից հեռու գտնվող դաշտով սկսեն մարդկանց նյարդերի վրա ազդել, չար ու բարի խաղալ, այլ մարդկանց կյանքը կազմակերպեն և կառավարեն այնպես, որ մարդիկ անգամ չզգան, թե ովքեր են իրենց կառավարում»։

Նա ասաց, որ «Լուսավոր Հայաստան»-ը անընդհատ խոսում է լուսավորչականության մասին, որովհետև լուսավորչականությունը ոչ այլ ինչ է, քան կրթություն ու գիտելիք։ «Մարդուն տաս կրթություն, գիտելիք և խնդրես նրան այդ գիտելիքն օգտագործել հանուն իր ընտանիքի, հանուն իր ըկերության և հանուն իր հայրենիքի, և, եթե հնարավոր է, հանուն մարդկության։ Լուսավորչականությունը նշանակում է հասուն հասարակություն, երբ հասարակությունը գիտի՝ ինչ է ուզում իր կառավարիչներից, պահանջ է ներկայացնում նրանց, ասում է՝ ես քեզ տալիս եմ իշխանություն, և իմ գրպանից էլ հարկ եմ վճարում, որ դու աշխատավարձ ստանաս, որ իմ կյանքը լավը դարձնես»։

Սիմոնյանի խոսքով՝ քաղաքականությունը մարդու կյանքը ավելի լավը դարձնելու արվեստ է։ «Եթե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ամեն անգամ պրակտիկայում ավելի վատն են դարձնում մարդու կյանքը, ուրեմն նրանք լավ կառավարիչներ չեն, ուրեմն այդ արվեստին լավ չեն տիրապետում։ Եթե լուսավորչականության միջոցով մենք կարողանում ենք հասունացնել հասարակությանը, քաղաքական մակարդակը, յուրաքանչյուր քաղաքացու մոտ ավելի բարձր մակարդակի ենք բերում, ես վստահեցնում եմ, որ  հինգ, տասը տարի հետո մենք մեզ նախանձելու ենք, որովհետև մեր ազգի տաղանդը ուղորդելու ենք ճիշտ ճանապարհով, իսկ այսօր մեր ազգի տաղանդը օգտագործում են այլ ազգեր»։ Մեր մարզերից մարդիկ գնում են այլ երկրներ մասնակցում են այդ երկրների տնտեսության, քաղաքական կյանքի զարգացմանը և այդ երկրները ծաղկում են, ինչու մենք չենք կարողանում օգտագործել մեր պոտենցիալը, որովհետև մենք վախենում ենք  քաղաքականապես չափահաս դառնալ, որովհետև   քաղաքականապես չափահաս դառնալ նշանակում է որոշում ընդունել և պատասխանատվություն կրել այդ որոշման համար։ Մենք սովորաբար գործողություն ենք անում և ասում ենք՝ մենք մեղավոր չենք, պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ»։

Նա ասաց նաև, որ տեսության մեջ երկու դեպք կա, երբ մարդը պատասխանատու է լինում կամ մեղավոր չի լինում։ «Դա տիեզերական իրավունքում է՝ արբանյակների հետ կապված հարցերում է, և առավել վտանգի աղբյուրում ՝ մեքենա է, շուն է և այլն։ Եթե դուք ձեր մեքենան տալիս եք ձեր բարեկամին, նա գնում է ու դրանով վնասում մեկ այլ անձի, դուք պատասխանատուն եք, որ ձեր մեքենան տվել եք այդ մարդուն,  նույնը, եթե տիեզերքում տիեզերագնացը մեկ այլ արբանյակի վնաս է տալիս, մեղավորը տիեզերագնացը չէ, այլ այն պետությունը, որն ուղարկել է նրան տիեզերք։ Հիմա, եթե մեզանում քաղաքական գործիչները պատասխանատու են,  բայց մեղավոր չեն, ուրեմն նրանք կամ տիեզերագնաց են, կամ առավել վտանգի աղբյուր։ Դրա համար, երբ քաղաքական չափահասությունից ենք խոսում, նշանակում է  որոշում և այդ որոշման հետևանք, լավը կլինի այդ որոշման հետևանքը քաղաքական զարգացում կապրենք, տնտեսությունը կզարգանա, շնորհակալ կլինենք , վատը կլինի պետք է ասենք՝ հարգելիս, լավ չկարողացար կառավարես, հաջողություն, մյուսը թող գա»։

Ըստ նրա՝ քաղաքական հասունությունը տանում է նրան, որ պետք է քաղաքական գործիչները անընդհատ փոխվեն, սա կարևոր գործ է։ «Եթե քաղաքական գործիչներին շատ ենք պահում իշխանության, նրանք դառնում են անարդյունավետ։ Այնպես որ մեր ամբողջ գաղափարախոսությունը երբ նեղացնենք, պետք է հանգենք սրան՝ հասունության, քաղաքական համակարգի առողջացման և մեր ներուժի լավագույնս օգտագործման»։

Լուսանկարը՝ «Լուսավոր Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել