Այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում․ Արամ Սարգսյան
13:43 - 05 հունիսի, 2021

Այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում․ Արամ Սարգսյան

Եթե մենք հետևություններ չանենք տեղի ունեցածից, մեզանից անընդհատ տանելու են, շատ բանական է և սրանից ավելի վատ վիճակներ կան։ Օրինակ Սիրիան ավելի վատ վիճակում է քան մենք, ու ես չեմ կարող ասել, թե մեզ մոտ նման բան չի կարող լինել։ Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը, գտնում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք այս վիճակ հաղթահարելու։ Այս մասին Ալիք Մեդիայի «Զրույց Թաթուլ Հակոբյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ 

«Մենք պետք է հասկանանք, որ նաև պարտությունն է կարելի պատվով ու արժանապատվությամբ տանել, մենք ինքներս մեզ չխարազանենք։ Ճիշտ հետևություններ անենք կարող ենք դուրս գալ այս վիճակից։ Ես նաև տեսնում եմ, որ  3-4 տարվա ընթացքում մենք կարող ենք այնքան ուժեղանալ, որ մեր հետ կապված խնդիրներում խոսենք որոշակի պայմաններով։ Մենք պարտադրված ենք դա անել, Արցախի հարցը պահել օրակարգում և լուծել այդ հարցը»,- հավելեց Սարգսյանը։

Վերջինս խոսելով անվտանգային համակարգի մասին, նշեց, որ անվտանգություն ասվածն իր համար ունի երկու ատրիբուտ, առաջինը բանակն է, մյուսը՝ Արտաքին գործերի նախարարությունը։ Սարգսյանը հավելեց, որ փոքր երկրները, ովքեր ունեն 80-90 միլիոնանոց հզորությամբ հարևաններ, իրենց պաշտպանության համար ունենում են օրինակ գերժամանակակից սպառազինություն՝  միջուկային զենք, այնպես ինչպես Իսրայելը։ Սարգսյանն ավելացրեց․

«Իսրայելին այդ զենքը տվել է ԱՄՆ-ն, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մեզ այդ զենքը չի տալիս։ Մենք դա չունենք, որ Թուրքիային զսպենք, որ ինքը մեր տարածքների վրա աչք չունենա։ Ավելին մեր ռազմավարական գործընկերը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանին մենակ բռնացրեց, ու պարտադրեց եռակողմ հայտարարության փաստաթղթում 9-րդ կետ գրել, որով միջանցք է ուզում, որ կապ հաստատի Ադրբեջանի հետ ու սա ակնհայտ փաստ է։ Արտաքին քաղաքական դաշտում բազմաթիվ ուղղություններից մեզ փորձում են ձեռք մեկնել և մենք պարտավոր ենք այդ մեկնած ձեռքից օգտվել, որովհետև այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում։ Երբ մենք ասում ենք՝ չենք կարողանում մեր սահմանը պահել, դա մեր կողմից  ստորագրված ՀԱՊԿ փաստաթղթից է։ Դուք պատկերացնում եք զինվորը կանգնած է սահմանին, իր թշնամի երկրի զինվորը գալիս է, ինքն ինքնաձիգով է, բայց չի կրակում, գալիս են ձեռնամարտի են բռնկվում։ Պատճառն այն է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը մեզ ասում են՝ հենց կրակեցիք, մենք ձեզ մենակ ենք թողնելու, չպետք է կրակեք։ Ադրբեջանն էլ գիտի, որ չենք կրակելու, իրեն էլ ասում են քո համար առաջ գնա, չեն կրակելու։ Հակառակ դեպքում, ինչպես կարող են կիլոմետրերով առաջ գալ ու չկրակեն, եթե այդ մարդիկ վախկոտ են, ապա ինչու են գնում և բռունցքներով պաշտպանում մեր սահմանը, իրենք խիզախ տղերք են»։

Խոսելով Մեղրիի միջանցքի մասին, Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի վարչապետին պարտադրել են՝ եռակողմ հայտարարության մեջ ավելացնել 9-րդ կետը, քանի որ Ղարաբաղյան պատերազմը որևէ կապ չունի Մեղրիի միջանցքի հետ։ 

«Ու ապրեն ՀՀ իշխանությունները, որ գոնե միջանցք չեն գրել, այլ գրել են տարանցիկ ճանապարհներ։ Վարչապետը միջանցքի տարբերակին չի համաձայնել, որովհետև իմ կարծիքով հասկացել  է, թե հոկտեբերի 27-ը ինչումն էր։ Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ միջանցքը չկայանա:   Մենք շատ լավ հասկանում ենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասաց չի լինելու միջանցք,  Սյունիքում խնդիր առաջացավ նաև նախկին սովետական սահմաններով դելիմիտացիայի և դեմարկացիայի»,- հավելեց Սրագյանն, ընդգծելով, որ տարանցիկ ճանապարհների հարցը պետք է քննարկվի առանձին հարթության մեջ և պետք  է քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի կարծիքով, եթե այդ տարանցիկ ճանապարհներին կանգնեն  ՄԱԿ խաղաղարարներ, ադրբեջանցիններն էլ  անցնեն այդտեղով, այդ դեպքում անվտանգությունը  ապահովված կլինի։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել