Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի
15:20 - 09 հունիսի, 2021

Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է ներկայացրել հունիսի 9-ին համացանցում տարածված «Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում» հրապարակումների կապակցությամբ:

«Ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները՝ չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին: Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են կուտակումներ, ինչը կապված է ինչպես առօրյա գործառութային, այնպես էլ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված պարտականությունների միաժամանակյա կատարման հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների կողմից ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումների ընդունման ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 10-ին, ուստի բոլոր դիմումատուներին ժամանակին սպասարկելու և օրենքով սահմանված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով հունիսի 9-ին և 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն առանց ընդմիջման, իսկ որոշ ստորաբաժանումներում (Նոր Նորքի և Արաբկիրի անձնագրային ծառայություններ) ավելացվել են սպասարկող աշխատակիցները:

Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի»,- ասված է պարզաբանման մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել