«Նոր Հայաստան հասկացողությունը ընդհանրապես մերժում ենք». «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Ա. Գալստյան |hetq.am|
15:34 - 11 հունիսի, 2021

«Նոր Հայաստան հասկացողությունը ընդհանրապես մերժում ենք». «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Ա. Գալստյան |hetq.am|

hetq.am: «Իշխանության գալուց հետո մեզ համար առաջնային խնդիրն է կազմաքանդված գործադիր իշխանության վերականգնումը, որ այսօրվա դրությամբ ամբողջովին տապալված է հանրապետությունում»։

Այս մասին հայտնել է «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը «Երկիր մեդիա»-ի Ազգային օրակարգ հաղորդման եթերում։

«Երկրորդ ամենակարևոր քայլը, որ կարելի է ասել առաջինին զուգահեռ է գնալու՝ բացատրել ժողովրդին, որ որոշակի ժամանակ վատ են ապրելու և վերականգնել Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքային ամբողջականությունը։ Որովհետև ես կարծում եմ՝ եթե մենք էդ խնդրին լուծում չտվեցինք, մոտակա մի քանի տարի հետո Հայաստանն ընդհանրապես գոյություն չի ունենա, գոյություն չունեցող Հայաստանում սահմանադրության կարիք չի լինի»:

Թեկնածուի կարծիքով, Հայաստանը պետք է վերականգնի բանակը և ունենա «գոնե 5-րդ և 6-րդ սերնդի արդյունաբերություն կամ գումարներ, որ կարողանաս էդ զենքերը բերես»։

Գալստյանը ընդգծեց բանակում ծառայող սպայական անձնակազմի և զինվորների պրոֆեսիոնալ վերապատրաստման խնդիրը։ «Պատկերացրեք (պատերազմի ժամանակ-խմբ.) վրիպումները էնքան շատ են եղել, որ հատուկ էն մեր հերոսները, որ կարողացել են ճիշտ կրակեն, իրոք հերոսացել են, բայց կարծում եմ պիտի լիներ հակառակը»։

Գալստյանի պնդմամբ, շատ կուսակցություններ այսօր խոսում են նոր Հայաստանի և նոր սահմանադրության մասին, կարծես համակերպվել են այն մտքի հետ, որ այսպես էլ պիտի լինի, որ պիտի ստիպված կառուցենք նոր Հայաստան։

«Մենք կարծում ենք, որ իմաստ ունի հինը վերականգնել։ Ընդհակառակը, դեռ մի բան էլ էս հնից էլ հին իջնել»,- առաջարկում է թեկնածուն։

Տիգրան Մեծի Հայաստանը ավելի է դուր գալիս կուսակցությանը։ Գալստյանի խոսքով, կարիք չկա «նոր Հայաստան կոնցեպտը մտցնել մեր ուղեղների մեջ, որ արդեն սա է մեր Հայաստանը՝ առանց Արցախի, առանց Շուռնուխի, առանց նրա, առանց նրա»։

Գալստյանի խոսքով, եթե նա գա իշխանության, առաջին հայտարարությունը, որ կանի, կլինի այն, որ ավարտվել է «սև»-ի և «սպիտակ»-ի ժամանակաշրջանը։

Կուսակցությունը նաև առաջարկում է քրեականացնել ատելության խոսքի քարոզը (բռնության կոչերը, բռնությունն արդարացնելն ու բռնության քարոզը քրեականացվել է դեռ անցած տարի-խմբ.) և վերացնել ատելության մթնոլորտը։

«Երկու-երեք հոգու անձնական ատելության կամ ինչ-որ մի տեղ նաև թատերական ներկայացման արդյունքում ազգը պառակտվեց մի քանի մասնիկների, արդյունքում եղավ սա»,- ասել է Գալստյանը։

Գնահատելով «Հայոց հայրենիք» կուսակցության շանսերը գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Գալստյանը ասաց «Власть дается от бога – աստված ցանկանա՝ կստանանք։ Ճիշտ է կա նաև երկրորդը, ասում է՝ на бога надейся, сам не плошай։ Երկուսը համատեղել ենք, արդյունքը կտեսնենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել