«Հայոց հայրենիք» կուսակցություն

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ստեղծվել է 2018-ին, նախագահն Ահանիտ Եղոյանն է։ «Հայոց հայրենիք»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Արտակ Գալստյանը։

Կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրություններին ստանալով 13 130 ձայն (1.03%)

 

Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

civilnet.am: Վահե Գրիգորյանը որպես Սահմանադրական դատարանի դատավոր կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու  հարցով ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանի դատավորները որոշեցին չքննարկել համապատասխան միջնորդությունը, որը ներկայացվել էր «Զարթոնք» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։ Վերջիններս բարձրացրել էին Գրիգորյանի՝ նիստին մասնակցելու անհնարինության հարցը։  Ըստ դատավորների՝ դատաքննության ներկա փուլում նման միջնորդություն լինել չի կարող։ Դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը, իսկ նման հարց չի քննարկվել. «Մենք չենք կարող ներկա փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց քննարկել»,- ասաց նա։  «Հայաստան» և «Զարթոնք» դաշինքները իրենց միջնորդությամբ նշում էին, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք։ «Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վկայակոչել էր այն փաստը, որ Մարտի 1-ի գործով Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի դեմ։ Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։
12:07 - 09 հուլիսի, 2021
Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՍԴ`կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով․ «Հայոց հայրենիք»

Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՍԴ`կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով․ «Հայոց հայրենիք»

«Հայոց հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ավարտվեցին 20.06.2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք իրենց անօրինականությամբ և ապօրինությամբ կարելի է որակել որպես ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները։  Տոտալ ընտրակաշառքների բաժանում, նախընտրական շտաբերի պետերի ապօրինի ձերբակալություններ, Հանրապետության գրեթե բոլոր մարզերում հոսանքի տոտալ անջատումներ, ԶՈՒ ուղղորդված և բաց քվեարկություն, տեղամասերից չմարված քվեաթերթիկների դուրս բերում, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, նախընտրական քարոզարշավի կոպիտ խախտումներ, երկրի բարձրագույն իշխանության փաստացի յուրացման պայմաններում անցկացված ընտրություններ և այլն։Այս խախտումներն էական են և անմիջականորեն ազդել են ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ` ներքոստորագրյալ կուսակցություններս հայտարարում ենք՝1.Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող; 2. Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՀՀ ՍԴ` 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայտարարությունը բաց է միանալու համար»:
16:02 - 21 հունիսի, 2021
Քաղաքական ուժերի մի մասը կողմ է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը. որ ուժերը միմյանց հետ կհամագործակցեն |armtimes.com|

Քաղաքական ուժերի մի մասը կողմ է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը. որ ուժերը միմյանց հետ կհամագործակցեն |armtimes.com|

armtimes.com: Հանրային ՀԸ-ի՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարաշվի շրջանակներում իրականացվող բանավեճի ընթացքում մասնակցող քաղաքական թիմերի առաջնորդները հայտնեցին, թե որ ուժի հաղթանակի դեպքում են պատրաստ համագործակցել: «5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ բացառում է այժմյան իշխանությունների հետ համագործակցությունը. «Բացառում եմ նաև նախկին իշխանությունների հետ կոալիցիայի կազմումը: Մենք կառաջարկենք ազգային համաձայնության կառավարության ձևավորում և չենք համաձայնի վարչապետի թեկնածուներից և ոչ մեկի հետ»: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ վստահություն հայտնեց, որ ընտրությունները լինելու են ազատ և անկախ. «Այդպիսի ընտրությունների դեպքում ես շնորհավորելու եմ հաղթող ուժին: Համագործակցելու մասին էլ կարող ենք խոսել ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո»,-ասաց Սարգսյանը: Էդմոն Մարուքյանն էլ բացառեց կոալիցիայի կազմումը և նախկին, և ներկա իշխանությունների հետ. «Մենք առաջարկում ենք ազգային միասնության կառավարություն: Եթե դա չլինի, ապա երկիրը շարունակաբար մնալու է ցնցումների մեջ»: «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն էլ հայտնեց, որ ընդունելու է իր պարտությունը, եթե տեսնի, որ բացահայտ պարտվել է. «Պետք է ուժերի միավորում, խնդիրը հիմա բարդ է, մեկ մարդու խելքի բան չէ»: ՔՊ առաջին համար Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ ժողովրդի կամքն իրենց համար անբեկանելի է. «Մենք չենք ասում՝ կընդունենք ժողովրդի այն որոշումը, որը մեր ճաշակով է: Մենք ասում ենք ժողովուրդը բարձրագույն տեր է ՀՀ-ում: Եթե ժողովուրդը գտնի, որ մենք պետք է գնանք, մենք կգնանք»: «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գլաստյանն էլ է այն մտքին, որ այս հարցին կարելի է պատասխանել ընտրություններից հետո. «Մեծ մտավախություն ունեմ, որ իշխանությունների կողմից հնաավոր է ընտրությունները կեղծվեն: Բայց այդ պրոցեսներին կանդրադառնանք ընտրություններից հետո»: «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ նկատեց, որ ՀՀ քաղաքացիները այս օրերին պառակտված են. «Մի մասը մոլորված է, մի մասը՝ անտարբեր, մենք չունենք այնպիսի էլեկտորատ, որը կողմնորոշվելու է ոչ թե անձի միջոցով, այլ ընտրելու է գաղափարախոսությունը, ծրագիրը: Եվ մենք չգիտենք, թե ինչպիսի ընտրություններ կանցնեն: Եթե չլինեն կեղծիքներ, մենք կընդունենք ընտրությունների արդյունքները , բայց մենք համոզված ենք, որ մեր քաղաքական ուժը հաղթահարելու է այն շեմը, որը կա»,-եզրափակեց Սարգսյանը:
09:24 - 18 հունիսի, 2021
Եթե մարդու հետ 26 ուժ խոսի, նա հոգեկան տվայտանքների կենթարկվի. «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու |armtimes.com|

Եթե մարդու հետ 26 ուժ խոսի, նա հոգեկան տվայտանքների կենթարկվի. «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու |armtimes.com|

armtimes.com: «Կազմաքանդված պետական համակարգի վերականգնում, գերիների վերադարձ, 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրերի պարզում, Արցախի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում». ահա սա է «Հայոց Հայրենիք» կուսակցությունն առաջարկում իր ընտրողներին: Նախընտրական քարոզարշավը կուսակցությունը իրականացնում է դեպի մարզեր այցելությունների միջոցով: Կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանի խոսքով՝ կուսակցությունը ստանդարտ հավաքներ չի կազմակերպում, թիմակիցները բուկլետների և գյուղից գյուղ, տնից տուն հանդիպումների միջոցով են մարդկանց ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը: «Հայոց Հայրենիք»-ն իր նախընտրական ծրագրում առաջարկում է Հայաստանի և Սփյուռքի ներուժի ամբողջական միավորում, գործընկեր-բարեկամական հարաբերությունների խորացումը ՌԴ-ի հետ, ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների հաստատում, քրդերի, եզդիների մասսայական ոչնչացման ու հայրենազրկման ճանաչումը՝ որպես ցեղասպանություն:  Արտակ Գալստյանի հետ մեր զրույցը՝ ստորև. - Պարոն Գալստյան, արդեն 5-րդ օրն է, ինչ քարոզարշավը մեկնարկել է: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի մթնոլորտը: Ձեր կուսակցությունը այս ընթացքում որևէ խոչընդոտի հանդիպել է: - Մեր կուսակցությունը հավաքներ չի կազմակերպում, քանի որ դրա կարիքը չկա: 26 ուժ է մասնակցում ընտրություններին, պատկերացրեք ցանկացած մարդու հոգեվիճակ, երբ որ միանգամից 26 ուժ է իր հետ խոսում, այդ մարդը ընկնում է հոգեկան տվայտանքների մեջ: Այդ պատճառով մենք աշխատում ենք այցելությունների միջոցով հանդիպել մարդկանց հետ: Միջադեպի արդեն հանդիպել ենք. երբ Լոռու մարզում իրականացնում էինք քարոզարշավ, միկրոավտոբուս եկավ՝ «Ապագա կա պաստառով», մի անձնավորություն իջավ և հարձակվեց մեր կին թեկնածուներից մեկի վրա: Ոստիկանները ժամանակին արձագանքեցին, և այդ մարդը տեղափոխվեց բաժին: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
18:46 - 12 հունիսի, 2021
Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ․ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյան

Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ․ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյան

«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ «Հայոց հայրենիք» կուսակցությունն այն ուժն է, որը երկար տարիներ պայքարել է հանուն Հայաստանի պետականության, հանուն երկրի ու Արցախի տարածքային ամբողջականության, ինչն, ըստ նրա, ոմանց դուր չի գալիս, որովհետև վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ պետության անվտանգության մասին իրապես մտածող չկա, և տարածքային ամբողջականության հարցը ոմանց չի էլ մտահոգում։ «Մեր նախընտրական կարգախոսն է` «Միասին փրկենք Հայոց հայրենիքը»։ Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ։ Իշխանության գալու պարագայում շատ կարճ ժամանակահատվածում պատրաստ ենք ծրագիրը կյանքի կոչել։ Հիմնական դրույթները վերաբերում են ուժային կառույցների համակարգին»,- նշել է «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահը։ Կարևորելով համաներման ինստիտուտը` Անահիտ Եղոյանն ընդգծել է, որ իրենք կողմ են, որ մինչև 2021 թվականի ավարտն իրականացվի համաներում, որը պետք է տարածվի մինչև յոթ տարի և ցմահ դատապարտված անձանց վրա։ Ըստ նրա` կուսակցությունը կարևորում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը և այդ համատեքստում նախկին իշխանությունների օրոք թալանված միջոցների վերադարձը պետբյուջե։ «Հայոց հայրենիքը» պնդում է, որ նախկինում կոծկված քրեական աղմակահարույց գործերն անհրաժեշտ է վերաբացել և մեղավորներին արժանիորեն պատժել, ինչպես և անհրաժեշտ է վերանայել անարդարացիորեն կայացված դատական որոշումները։ «Մենք կարևորում ենք նաև ագրոարդյունաբերության զարգացումը։ Պատրաստ ենք ազգայնացնել հանքարդյունաբերության ողջ համակարգը, մարզերում վերականգնել մեքենատրակտորայի կայանները, իրականացնել վարելահողերի իրական վիճակի ուսումնասիրություն։ Իհարկե, ուշադրության կենտրոնում ենք պահում սոցիալ–տնտեսական խնդիրները։ Պատրաստ ենք նվազագույն սպառողական զամբյուղը հասցնել 150 հազար դրամի, պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողներին ցմահ տրամադրել նպաստ, միայնակ մայրերին նույնպես հատկացնել նպաստ»,- նշել է «Հայոց հայրենիքի» ղեկավարը։
12:12 - 12 հունիսի, 2021
«Նոր Հայաստան հասկացողությունը ընդհանրապես մերժում ենք». «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Ա. Գալստյան |hetq.am|

«Նոր Հայաստան հասկացողությունը ընդհանրապես մերժում ենք». «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Ա. Գալստյան |hetq.am|

hetq.am: «Իշխանության գալուց հետո մեզ համար առաջնային խնդիրն է կազմաքանդված գործադիր իշխանության վերականգնումը, որ այսօրվա դրությամբ ամբողջովին տապալված է հանրապետությունում»։ Այս մասին հայտնել է «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը «Երկիր մեդիա»-ի Ազգային օրակարգ հաղորդման եթերում։ «Երկրորդ ամենակարևոր քայլը, որ կարելի է ասել առաջինին զուգահեռ է գնալու՝ բացատրել ժողովրդին, որ որոշակի ժամանակ վատ են ապրելու և վերականգնել Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքային ամբողջականությունը։ Որովհետև ես կարծում եմ՝ եթե մենք էդ խնդրին լուծում չտվեցինք, մոտակա մի քանի տարի հետո Հայաստանն ընդհանրապես գոյություն չի ունենա, գոյություն չունեցող Հայաստանում սահմանադրության կարիք չի լինի»: Թեկնածուի կարծիքով, Հայաստանը պետք է վերականգնի բանակը և ունենա «գոնե 5-րդ և 6-րդ սերնդի արդյունաբերություն կամ գումարներ, որ կարողանաս էդ զենքերը բերես»։ Գալստյանը ընդգծեց բանակում ծառայող սպայական անձնակազմի և զինվորների պրոֆեսիոնալ վերապատրաստման խնդիրը։ «Պատկերացրեք (պատերազմի ժամանակ-խմբ.) վրիպումները էնքան շատ են եղել, որ հատուկ էն մեր հերոսները, որ կարողացել են ճիշտ կրակեն, իրոք հերոսացել են, բայց կարծում եմ պիտի լիներ հակառակը»։ Գալստյանի պնդմամբ, շատ կուսակցություններ այսօր խոսում են նոր Հայաստանի և նոր սահմանադրության մասին, կարծես համակերպվել են այն մտքի հետ, որ այսպես էլ պիտի լինի, որ պիտի ստիպված կառուցենք նոր Հայաստան։ «Մենք կարծում ենք, որ իմաստ ունի հինը վերականգնել։ Ընդհակառակը, դեռ մի բան էլ էս հնից էլ հին իջնել»,- առաջարկում է թեկնածուն։ Տիգրան Մեծի Հայաստանը ավելի է դուր գալիս կուսակցությանը։ Գալստյանի խոսքով, կարիք չկա «նոր Հայաստան կոնցեպտը մտցնել մեր ուղեղների մեջ, որ արդեն սա է մեր Հայաստանը՝ առանց Արցախի, առանց Շուռնուխի, առանց նրա, առանց նրա»։ Գալստյանի խոսքով, եթե նա գա իշխանության, առաջին հայտարարությունը, որ կանի, կլինի այն, որ ավարտվել է «սև»-ի և «սպիտակ»-ի ժամանակաշրջանը։ Կուսակցությունը նաև առաջարկում է քրեականացնել ատելության խոսքի քարոզը (բռնության կոչերը, բռնությունն արդարացնելն ու բռնության քարոզը քրեականացվել է դեռ անցած տարի-խմբ.) և վերացնել ատելության մթնոլորտը։ «Երկու-երեք հոգու անձնական ատելության կամ ինչ-որ մի տեղ նաև թատերական ներկայացման արդյունքում ազգը պառակտվեց մի քանի մասնիկների, արդյունքում եղավ սա»,- ասել է Գալստյանը։ Գնահատելով «Հայոց հայրենիք» կուսակցության շանսերը գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Գալստյանը ասաց «Власть дается от бога – աստված ցանկանա՝ կստանանք։ Ճիշտ է կա նաև երկրորդը, ասում է՝ на бога надейся, сам не плошай։ Երկուսը համատեղել ենք, արդյունքը կտեսնենք»։
15:34 - 11 հունիսի, 2021
14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

hetq.am: 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողով գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում նաև կուսակցությունները և դաշինքները: Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հայտարարագրերն ըստ գրանցման հերթականության: Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ընտրությանը մասնակցում են 26 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Առանձին մասնակցող կուսակցություններից և դաշինքներում ընդգրկված կուսակցություններից 14-ի հայտարարագրերը դատարկ են. ոչ եկամուտ են հայտարարագրել, ոչ դրամական միջոց ու գույք: 1. «Արդար Հայաստան» կուսակցություն Կուսակցությունը վերջերս՝ 2021թ. մայիսի 21-ին է ստացել պետական գրանցում: Այդ իսկ պատճառով կուսակցության հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Վերը նշված ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 11 մլն 478 հազար 500 դրամ, որը գոյացել է անդամավճարներից և նվիրատվություններից: Հաշվին առկա դրամական միջոցները համեմատաբար քիչ են՝ 506 հազ. 482 դրամ: Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ անշարժ գույք, որը Սարյան փողոցի վրա գտնվող կուսակցության շենքն է: Տարածքը կազմում է 297 քմ: 3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Եկամուտները կազմում են մոտ 69 մլն դրամ, որից 39 միլիոնը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացած մասը՝ անդամավճարները և նվիրատվությունները: ՔՊ կուսակցությունը հայտարարագրել է նաև ֆինանսական միջոցներ, որը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 22 մլն 240 հազար դրամ:  4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է: Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 19-ին: Այդ պատճառով հայտարարագիրը դատարկ է: Չի հայտարարագրվել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ: 5․ «Ազատություն» կուսակցություն Կուսակցությունը որևէ գույք չի հայտարարագրել՝ ոչ շարժական, ոչ անշարժ: Եկամուտները կազմել են 10 մլն 565 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար, որը գոյացել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և ընտանիքի անդամի վճարումներից: 6․ «Պատիվ ունեմ» դաշինք Դաշինքի մեջ մտնում է երկու՝  «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները: «Հանրապետական» կուսակցությունը հայտարարագրել է 78 միավոր անշարժ գույք՝ հողատարածքներ և շենք-շինություններ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Կուսակցությունն ունի մեկ ավտոմեքենա՝ 1993թ. արտադրության «Վազ 2121»: Հանրապետական կուսակցության եկամուտները կազմել են մոտ 211 մլն 200 հազար դրամ, որից 5 մլն 208 հազար դրամը՝ պետական բյուջեից ստացած օրենքով նախատեսված ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից, նվիրատվություններից, վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստացած վճարումներից ստացած գումարներն են: Կուսակցությունը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է դրամական միջոց՝ 2 մլն 784 հազար դրամ: «Հայրենիք» կուսակցությունը ոչ եկամուտ է հայտարարագրել, ոչ դրամական միջոց: Ըստ հայտարարագրի՝ կուսակցությունն ունի 3 անշարժ գույք, որից երկուսն օգտագործում է վարձակալության հիմունքներով, մեկը՝ անհատույց: 7․ «Միասնական Հայրենիք» ուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է պետական գրանցում ստացել՝ 2021թ. մայիսի 25-ին: Այդ իսկ պատճառով ոչինչ հայտարարագրված չէ: 8․ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 21-ին: Հայտարարագրված որևէ գույք չկա: 9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 61 մլն 914 հազար դրամ, որից 7 մլն 57 հազարը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից և նվիրատվություններից ստացածը: Կուսակցության հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 32 մլն 500 հազար դրամ: «Լուսավոր Հայաստան»-ը վարձակալական հիմունքներով օգտագործում է 5 միավոր շենք-շինություն՝ Երևան, Գյումրի, Մարտունի, Հրազդան, Եղեգնաձոր համայնքներում: 10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Կուսակցությունը թեև պետական գրանցում ստացել է 2018թ. սեպտեմբերի 28-ին, սակայն որևէ գույք, դրամական միջոց, եկամուտ չի հայտարարագրել: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 11․ «Հանրապետություն» կուսակցություն Կուսակցության եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը գոյացել է անդամավճարներից: Իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 1 մլն 30 հազար դրամ: Կուսակցությունը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել: 12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն Կուսակցությունը գրանցվել է 2018թ․, սակայն որևէ գույք, դրամական միջոց և եկամուտ չի հայտարարագրել: 13․ «Ազատ Հայրենիք» Դաշինք Դաշինքի մեջ մտնում են 5 կուսակցություն՝ Պահպանողական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների Դաշինք կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը, Հայ կառուցողական կուսակցությունը և Հայաստանի կանաչների կուսակցությունը: Պահպանողական կուսակցությունը թեև գրանցվել է 1991թ․, սակայն, ըստ հայտարարագրի, ոչ գույք ունի, ոչ եկամուտ ու դրամական միջոցներ: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Նույնը նաև 2003թ․ պետական գրանցում ստացած Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության դեպքում: Հայտարարագրի բոլոր սյունակները դատարկ են: Հայ կառուցողական և Հայաստանի կանաչների կուսակցությունները դարձյալ ոչինչ չեն հայտարարագրել: Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը միայն եկամուտ է հայտարարագրել՝ 120 հազար դրամ: Կուսակցության եկամուտը գոյացել է երկու նվիրատվություններից: 14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է միայն կառավարության կողմից պետբյուջեի միջոցներից հատկացրած աջակցությունը՝ 9 մլն 151 հազար դրամ: Իսկ կուսակցության հաշվին եղել է 573 հազար դրամ:  «Բարգավաճ Հայաստանը» ոչ գույք, ոչ էլ այլ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ կուսակցությունը նույնիսկ անդամավճար չի հավաքել: 15․ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտը գոյացել է միայն անդամավճարից՝ 3 մլն 685 հազար դրամ: Կուսակցության հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1 մլն 565 հազար դրամ: «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության հայտարարագրի մնացած տողերն ազատ են: 16․ «5165 Ազգային Պահպանողական Շարժում» կուսակցություն Կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2005թ․: Կուսակցությունը չի հայտարարագրել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ ու եկամուտ:  Շարունակությունը՝ hetq.am-ում
11:11 - 09 հունիսի, 2021
«Հայոց հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսել է Տավուշի մարզից |1lurer.am|

«Հայոց հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսել է Տավուշի մարզից |1lurer.am|

1lurer.am: «Հայոց հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսեց սահմանամերձ Տավուշի մարզից: Ընտրական ցուցակում ընդգրկված գործիչները, կուսակցության անդամները և համակիրները շրջեցին Նոյեմբերյան, Այրում և Կողբ խոշորացված համայնքների գյուղերում, բնակիչների հետ հանդիպումներ ունեցան և քարոզչական թերթիկներ բաժանեցին։Այնուհետև խմբերի բաժանվելով՝ քարոզարշավն ավարտեցին Բերդ քաղաքում՝ այստեղ ևս անցորդներին, առևտրի, սպասարկման կետերի աշխատողներին, քաղաքում ճանապարհին հանդիպող ահել ու ջահել բնակիչներին «Հայոց հայրենիք» կուսակցության մասին իրազեկելով և բուկլետներ բաժանելով, հընթացս էլ ներկայացնելով նախընտրական ցուցակը գլխավորող պատգամավորի թեկնածուներին և ծրագիրը:Անահիտ Եղոյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Հայոց հայրենիք» կուսակցություն) - Մենք ունենք շատ լավ ծրագիր, թղթի վրա գրված չէ, ուղղակի լավ ծրագիր, որը կյանքի կոչվելուց հետո իրոք երկիր կունենանք, չենք կորցնի մեր երկիրը:
21:00 - 08 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

22:37- «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարել է Ասրյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել։ |tert.am|22:00- Հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ կարևոր նախապայման է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Նախեւառաջ իրավաքաղաքական գնահատական պետք է տալ նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝  դրանից բխող անցումային արդարադատությունն է, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը:  Հավաստիացնում ենք, որ կոալիցիա չենք կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ: [Ազգային-ժողովրդավարական բևեռ] |Armtimes.com|21:42- Իմ խոսքի տերն եմ և ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ: Իմ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է, որ ունենամ մեծ թվով ձայներ: Ես պայքարել եմ, միակ մարդն եմ եղել, որ ասել եմ՝ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա, ինձ ձերբակալել են: Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիա է կազմելու: Նման խոսակցությունները խայտառակություն են, սուտ լուրեր են։ Ժողովուրդ ջան, ով որ իր խոսքը գործ է դարձրել, նրան էլ ընտրեք։ [Գագիկ Ծառուկյան] |factor.am|21:28- Ընտրողներին իմ անձնական ուղերձն է՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ [ՔՈ ՍԴԿ առաջին համար Սուրեն Սահակյան]21:14- Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է: Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի, հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ: [Փաշինյանը՝ ի պատասխան Տեր-Պետրոսյանի խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել] |hetq.am| 21:07- Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն։ Էդ հաղթանակով գլուխ գովացող շատերը` Հայաստանի երեք նախկին ղեկավարների գլխավորությամբ, մսխեցին էդ հաղթանակը քյաբաբնոցներում, խաշանոցներում և իրենց բանկային հաշիվներում… Թույլ չենք տալու ամեն ստահակ մեզ մեղադրանք առաջադրի, էս պատմության մեջ մենք մեղադրվող չենք, մեղադրող ենք։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիր գյուղում] |hetq.am|20:50- Տուրիզմը հասել է մինչև Գորիս և մինչև Կապան չի շարունակվել, այն պետք է հասցնել Կապան։ Պետք է կառուցենք ճանապարհներ, Հյուսիս-Հարավ մայրուղին պետք է սկսվեր կառուցվել Սյունիքում։ Իրատեսական եմ համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, բայց եթե ուզում ենք՝ մեզ հարգեն, պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Կապանում]20:42- Մեր կուսակցությունը քարորզարշավի նորամուծություններ Է արել՝ միկրոֆոններով չենք խոսելու, բակեր չենք մտնելու, մարդկանց անդորրը չենք խաթարելու։ Մարդկանց հրավիրում ենք` Հյուսիսային պողոտայի մեր շարժական շտաբում ներկայացնելու քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը: Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է, իսկ բուկլետի փոխարեն քաղաքացիներին ենք տալու մեր թերթոնները: [«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան]20:17- «Վերելք» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է պահեստազորի զինվորականների հետ հանդիպումով: Մեկ ամիս առաջ ստեղծված ուժը ռազմաքաղաքական ուղղվածություն ունի: Քաղաքականություն են մտել առաջին հերթին բանակի ու անվտանգության հարցերը լուծելու համար: Առաջնային ծրագրերում են նաև ռազմարդյունաբերության ու զինվորականների սոցիալական հարցերը: Կուսակցությունը նաև առաջարկելու է երկարօրյա դպրոցների ստեղծումը: |1lurer.am|20:14- Նախընտրական քարոզարշավի իրենց մեկնարկը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները տվեցին Երևանի կենտրոնում՝ քաղաքացիներին նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության առաջին համարը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ չնայած նորաստեղծ քաղաքական միավոր են, սակայն պատրաստ են գրավել ընտրողի ուշադրությունը, և որ իրենց համար նպատակ է ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը, ինչի համար պետք է ունենալ քաղաքական լծակ: Ընտրություններն էլ միջոց է, և որ ինչպես իրենց անվանումն է՝ «Զարթոնք», փորձելու են արթնացնել մարդկանց: |1lurer.am|20:08- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները, որպես նախընտրական քարոզարշավի մեկնարկ, երթ են անցկացրել Երևանի կենտրոնում՝ անցորդներին բաժանելով վարդեր ու կուսակցության թռուցիկները: |1lurer.am|19:51- Մենք երբեք չենք ընդունելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Մենք պահանջելու ենք, որ Կապանի, Գորիսի նաեւ Սոթքի հատվածում նրանք հետ գնան, մենք ավելին ենք տվել: Նրանք 5-10 կմ ավել են եկել առաջ: Այս գյուղերը տալու թուղթը դեռ ի կատար չի ածված: Ընտրեք ինձ կամ մեկ ուրիշին՝ ոչ Նիկոլին, եւ ես գալու եմ, ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա: Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի: Թքած ունեմ, չեմ տալիս եւ վերջ: Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ: Չի կարող, որովհետեւ պարտվել է, դարձել է Ալիեւի հարճը բառիս բուն իմաստով: [ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյան] |news.am|19:33- Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Մեր խնդիրը ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ [Սերժ Սարգսյան] |tert.am|19:26- Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սյունիքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն։ Նա նշել է, որ խիստ կարևոր է քարոզարշավի օրինական, պատշաճ ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները: Ըստ Դավթյանի՝ իրավապահները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն՝ պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, հեղինակությունների գործադրման և որևէ այլ եղանակով։19:12- Հանրային հեռուստաընկերությունը արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր։ Դրանք անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի  հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ, իսկ հունիսի 16-ին և 17-ին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին:18:04- Մեր ազգի մեծամասնությունը, բոլոր  քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չեն հասկացել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ գործակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես։ [Լևոն Տեր- Պետրոսյան]17:54- Շարունակվում են քննարկումները «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի շուրջ: Դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանն ու ծրագրի աշխատանքային խմբի համակարգող Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդիպել են արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտների փորձագետների հետ, քննարկել նշված ոլորտներին առնչվող ծրագրային դրույթներ: [«Հայաստան» դաշինք]17։41- Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար։ [Լևոն Տեր-Պետրոսյան]   17։36- Մի հետաքրքիր դրվագ էլ կա, որն ամենաշատն է քննարկվում, թե ինչու ես ու Քոչարյանը մերժեցինք Փաշինյանի՝ բանավեճի հրավերը։ Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009թ․-ին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   17։34- Ինձ համար իսկապես հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը ում է իրեն մրցակից համարում՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ամբաստանյալ Սերժ Սարգսյանի՞ն, մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի՞ն։ Ո՞վ է իր մրցակիցը։ Արդյո՞ք սա այնպիսի ընտրական գործընթաց է, որտեղ գիտակցված ընտրության միջավայր է ձևավորվել։ Կարծում եմ՝ մեր ժամանակահատվածի ամենադժգույն ընտրություններն են լինելու, երբ իշխանության պայքարի մեջ ընդգրկված են գողեր, ավազակներ, հանցագործներ, որոնք չեն պատժվել, մարդիկ, որոնք ամբաստանվում են։ [«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյան]   17։24- Քարոզարշավի առաջին օրը «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: |tert.am|   17։03- Ոչնչի առջև չեն կանգնելու, որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի․ մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող  եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։58- Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։39- «Ազատ Հայրենիք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, որը դաշինքում երկրորդ համարն է, պարզաբանեց, որ քարոզարշավը հուշահամալիրից սկսելու խորհուրդը հետևյալն է. «Ծիծեռնակաբերդը մեր ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից է, որը ոչ միայն հավերժացնում է մեկուկես միլիոն մահացած հայերի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այլ դեպի ապագա մեր հավատքի և վստահության հենարանն է, և մենք որոշեցինք այս խորհրդանիշով սկսել մեր քարոզարշավը»: |armtimes.com|   16։33- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում։   16։24- Մեր ծրագիրը քաղաքական իրատեսությունն է, որովհետև գիտենք, որ բոլոր հաղթանակները ձեռք են բերվում, եթե քո պետական քաղաքականությունը խարսխված է իրատեսական, ստրատեգիական հաշվարկների վրա, աշխարհաքաղաքական իրողությունների ճիշտ գնահատականի վրա։ Այսինքն, հաշվի են առնվում և՛ երկրի ռեսուրսները, և՛ նրա շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային նորմերը ու քաղաքականությունը կառուցվում է համաձայն այդ իրավիճակների։ Մենք նաև գիտենք, որ մեր պետությւոնը պարտվում է այն ժամանակ, երբ շեղվում է այս ճիշտ ճանապարհից, երբ բռնում է արկածախնդրության ճանապարհը, սին, ազգայնական երազանքների ճանապարհը, ցնորամտության ճանապարհը, երբ մենք աշխարհից պահանջում ենք ավելին, քան կարող է տալ։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան]   16։19- Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության, թե ինչ խոստումներ են տվել, ինչ կարգախոսներով են եկել և ինչ են արել փաստերով։ Օրինակ ասեն՝ գործազրկությունը, աղքատությունը եղել են այսքան տոկոս, մենք սարքել ենք այսքան։ Ես ասում եմ, որ ես դարձել եմ նախագահ ծայրահեղ աղքատությունը եղել է 21 տոկոս, երբ ես պաշտոնաթող եմ եղել՝ 3․1 տոկոս է եղել։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   15։39- Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ԶԼՄ-երը լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։ Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։ [ՀՀ Ոստիկանություն]   15։14- Մեր ուժը Արշակունիների դամբարանի մոտից է սկսում շարժումը. այն մեր արմատների, հայկական թագավորության հզորության խորհրդանիշն է: Սկսում ենք հենց այդտեղից, իրազեկելու ենք քաղաքացիներին: Ժամանակ շատ չունենք, այդ պատճառով փորձելու ենք լինել բոլոր մարզերի և Երևանի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու ենք մեր քաղաքացիներին և ընտրողներին։ Առավոտյան ժամը 9-ից տասը հոգուց բաղկացած խմբեր արդեն իսկ մեկնել են ՀՀ տարբեր մարզկենտրոններ և քաղաքներ: [«5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյան] |armtimes.com|   15։10- Մենք չունենք «զոմբիներ», մենք չունենք «ժեխ» և այլն, մերժում եմ ես նման կատեգորիաները, նման որակումները։ Մենք ունենք մոլորված ժողովրդի մի զանգված, որոնց հետ պետք է աշխատել, որոնց պետք է համոզել, որոնց պետք է բերել մեր դաշտ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   14:35- Այսօր տալիս ենք մեկնարկը խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն հանրապետության և կայսրության միջև: Եվ մեր՝ բոլոր քաղաքական միավորներիս պարտքն է կարողանալ ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, հօգուտ Հայաստանի և հօգուտ պայծառ հայրենիքի։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյան] |factor.am|   14:31- Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի: Այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին․ այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում։ Ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու ենք միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը մոտ է: [«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան] |armenpress.am|   13։40- ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ [ՔԿ]   13։26- Քարոզարշավ օր 1. հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը։   13։21- Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։ Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։ [ՀՀ Ոստիկանություն]   12։44- Մենք գիտենք, որ առաջնային խնդիրը, որը այսօր ծառացել է ՀՀ-ի, մեր բոլորի առջև, անվտանգությունն է, որը պետք է ցավով նշենք, այօրվա Հայաստանում նվազագույնը շատ վատ վիճակում է։ Բոլոր համակարգերը, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին ՀՀ անվտանգությունը, քայքայված են։ Առաջնայինը պետք  է վերականգնենք հարաբերությունները մեր դաշնակից, ինչու ոչ մեր զինակից, եղբայրական գործընկերոջ՝ ՌԴ հետ։ Նաև անհրաժեշտություն ենք տեսնում ՌԴ հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր, որը ավելի լավ կհամապատասխանի իրավիճակներին, որի առջև այսօր կանգնած է ՀՀ-ն։ Պետք է դադարել խաղալ անվտանգության հետ, պետք է շատ հստակ հասկանալ, որ եթե մենք ուզում ենք ապրել անվտանգ երկրում, ապա ՌԴ հետ մեր հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է։ [ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյան]   12։32- Մինչև քարոզարշավը մեր բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին ժողովրդին հուզող երկու հիմնական հարց․ առաջինն անվտանգություն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Հաջորդ հացը տնտեսական իրավիճակն է։ Ունենք խոր անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] |tert.am|   12։17- Ոչ մի քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին, ուղղակի քննարկում է եղել գնալ ԱԺ։ Աշխարհում պետական կառավարման համակարգում կա 2 անընդունելի վիճակ․ առաջինը կոռուպցիան է, որ պետք է զրոյական վիճակում լինի, երկրորդը պաշտոնյայի անարդյունավետ լինելն է։ Իսկ ՀՀ-ում կան կիրթ, բանիմաց, փորձ ունեցող, բարի, ազնիվ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն օղակում ի նպաստ ՀՀ-ի աշխատել։ Դա վերաբերում է ինձ, Ձեզ, բոլորին։ Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, իր հետ չեմ շփվել։ [«ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին]   12։09- Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար են, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն: [«Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Միսկարյան] |lragir.am|   12։05- Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։58- Այս թիմը հասնելու է նրան, որ ստի համար քրեական պատասխանատվություն սահմանվի Հայաստանում, որովհետև արդեն հասկացանք, որ պաշտոնյայի սուտը անշառ, կենցաղային սուտ չէ, այն ունի ծանր հետևանքներ երկրի համար, և դա պետք է քրեորեն պատասխանատվության ենթարկվող արարք լինի մեր օրենսդրությամբ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   11։51- Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է խախտում ԲՀԿ կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է լուսանկարի հայտարարությունը։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունից նման առաջարկ կատարելը ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խոստում։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։50- Մեզ համար հունիսի 21-ը այն գիծն է, որից հետո միասնականությունը պետք է վերականգնվի, ավելին՝ լարվածությունը այն մակարդակի է, և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետևորդներին տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։ Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։42- Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետև մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, որովհետև դա պետք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կա անելու, և այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լծվի այս մեծ խնդիրը լուծելու գործին։ [«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] 11։40- Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է։ Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։ Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ։ [«ՔՊ» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Փարաքարում քարոզարշավի ժամանակ՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների]   11։35- Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով: Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]   11։30- «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը սկսում է Երևանում և Սյունիքի Մեղրի-Ագարակ քաղաքներում, այնտեղ է մեր քարոզչական թիմը՝ Գևորգ Գորգիսյանի, Տարոն Սիմոնյանի, Անի Սամսոնյանի գլխավորությամբ, և այլ պատգամավորներ։ Մենք այստեղ ենք մյուս խմբով։ Առավոտյան ժամը 8-ից մետրոյի «Երիտասարդական» կայարանից սկսել ենք բուկլետներ բաժանել, հիմա շարունակում ենք մեր քայլարշավը Երևան քաղաքի կենտրոնով։ Մեր հիմնական ուղերձը երկրի ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։27- Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ ՀՀ ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները՝ իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ։ Ուստի խնդրում ենք ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով: Ինչու «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ․ ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից՝ մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի: [«Արդար Հայաստան» կուսացկության նախագահ Նորայր Նորիկյան]   10։56- Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին․1.  Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։2.  Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։3.  Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։4.  Մի´ տրվեք որևէ սադրանքի [«Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   10։43- Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն: Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: [Գլխավոր դատախազություն]   10։38- Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին  բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը։ [ԿԸՀ]   10։00- Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները: Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են։ [Դանիել Իոաննիսյան]   09։40- ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման համար: ԱԱԾ-ն հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկելու է իրադրությունից բխող համարժեք գործողություններ՝ նկարագրված հանցավոր արարքները բացահայտելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: [ՀՀ ԱԱԾ]   09։19- Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն:   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2
23:10 - 07 հունիսի, 2021