Պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք․ Սամվել Բաբայան
21:36 - 12 հունիսի, 2021

Պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք․ Սամվել Բաբայան

Մենք ընտրում ենք օրենսդիր մարմին, մենք խոսում ենք օրենքներից, Սահմանադրության փոփոխություն պետք է լինի։ Այս մասին «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտարարել է «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը։

«Քաղաքացին՝ ցանկացած մեկը, պետք է կարողանա այդ Սահմանադրությունը ապահովի, այդ մարդը իր պոտենցիալը, դրական լիցքերը պետք է ներդնի իր երկրում, ստեղծի, ստեղծագործի, արարի, և պետությունը, օգտվի, հարկի։ Պետք է Սահմանադրությունը այդ ճանապարհը ապահովի, մեր Սահմանադրությունը դա չի ապահովում, դրա համար այդ պոտենցիալը ունեցող հայերը դուրս են գալիս արտասահման, ցանկացած երկիր, կարողանում են ստեղծել, ստեղծագործել, արարել»։

Անդրադառնալով անվտանգային հարցերին, ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքում լինելու հանգամանքին, Սամվել Բաբայանն ասաց, որ Հայաստանը ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները։

«Մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Ասում էին՝ ՄԱԿ-ին դիմենք։ Պետք է Ադրբեջանը թույլ տա իր տարածքում այդ կողմերը հետ քաշվեն,  եթե Ադրբեջանը ցանկանում է՝ այդ խնդիրը լուծվի, Ադրբեջանին պետք չի Հայաստանի սահման մտնի, հետո այլ ուժեր բերի, իր տարածքում տեղակայի։ Մի քիչ լրջանալ է պետք։ Մենք պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք։ Մեզ այլընտրանք չունենք»։

Սամվել Բաբայանը անդրադարձավ նաև Արցախյան առաջին պատերազմին ու հայկական կողմի հաղթանակին։ «Մտովի հետ գնացեք 1992 թ․։ Ի՞նչ վիճակում եք եղել և ինչ պարտություն էր ձեր ճակատին գրված, և դրանից հետո ինչ փոխվեց Արցախում, որ մենք հաղթեցինք։ Եթե այդ պերիուդը հստակեցնեք ամենքդ ձեր համար, հասկանալի կլինի՝ ինչ է կատարվել։ Քանի որ ես բնավորությունով այսքան տարի չեմ խոսել, չեմ ասել իմ դերը կամ մյուսի դերը, մնացածը կարողացել են իրենց ներկայացնել, որովհետև պետությունը, լրատավական միջոցները, գումարները, իրենց ձեռքին են եղել։ Ներկայացրել են, որ դա իրենք են, փրկել են, հաղթող են։ Մարդը ՀՀ տարածքում չի եղել այդ տարիներին, այդ տարածքները ազատագրելուց, մարդիկ կան, որ ներկայացնում եք հերոս, 1993 թվականի մայիսից 1993 թվականի օգոստոսի վերջ ՀՀ տարածքում չի եղել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել