Արսեն Բաբայանը Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը համարում է քաղաքական ճնշում «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ |armenpress.am|
15:03 - 14 հունիսի, 2021

Արսեն Բաբայանը Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը համարում է քաղաքական ճնշում «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է դաշինքի անդամ, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կալանավորմանը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել իրենց դաշինքի նկատմամբ  քաղաքական ճնշումների շրջանակներում:

Այս մասին Բաբայանն ասաց հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ տևական ժամանակ է տարբեր պատրվակներով իրենց փորձում են հրավիրել քննչական մարմիններ, վեր են հանում ինչ-որ քրեական գործեր, որոնցով մինչ օրս որևէ գործողություն չէր իրականացվում: «Այս ամենի ապացույցն է վերջերս Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, թե իբր Խլղաթյանն ընտրակաշառք է բաժանել: Այս գործով ձեռք բերված ապացույցները քարուքանդ են լինելու: Ձերբակալություն իրականացրել է իրավապահ այն մարմինը, որը չուներ դրա իրավունքը և Խլղաթյանի պաշտպանական թիմն այդ գործողությունները վիճարկել է դատարանում:

Մենք օրեր առաջ սրա մասին հայտնեցինք, ինչից հետո Հատուկ քննչական ծառայությունը Քննչական կոմիտեից վերցրեց այս գործը: Առաջին դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հաջորդն էլ ասել էր, որ ինքն այդ գործը չի կարող քննել, քանի որ ՀՔԾ-ում է, ինչից հետո միայն գործն ուղարկվել է Երևան: Այս ձգձգումները հանգեցրել են նրան, որ Ռուբեն Խլղաթյանը մնացել է անազատության մեջ: Այժմ վերջինս կալանավորվել է, և այդ որոշումը կայացրել է մեկ այլ՝ երրորդ դատավոր»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել