hetq.am: «Մենք դառնագույն պարտություն ենք կրել, առաջին դժբախտությունն է, երկրորդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, որովհետև տեսնում ենք ՝ ինչպիսի ուժեր են ներգրավված այս ընտրություններում, ինչ միջոցների են դիմում, պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ։ Ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն»,- այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը քարոզարշավի ամփոփման ընթացքում։
«Լրջանալու պահն արդեն հնացած է։ Այժմ եկել է արդեն սթափվելու պահը, որովհետև նախորդ պարտությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել՝ հետևյալը՝ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը»,- նշեց առաջին նախագահը։
Նրա խոսքով՝ կար դուրս գալու հեշտ, քաղաքակիրթ լուծում, դա երկու նախագահներին արված իր առաջարկն էր, թեև Տեր-Պետրոսյաի խոսքով՝ իրենց շարքերում ևս եղել են մարդիկ, որոնք չեն հասկացել իրենց առաջարկը․ «Այս քայլով կարող էին երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համաձայնեին իմ առաջարկին, պայմանները գիտեիք, ոչ ես, ոչ իրենցից մեկը չէինք հավակնում պետական որևէ պաշտոնի, ստեղծում էինք տեխնոկրատների մի կառավարություն, լուրջ մի կառավարություն, և հնարավորություն էր ստեղծվում 1-2 տարում ոտքի կանգնեցնել պետությունը»,- նշեց առաջին նախագահը՝ հավելելով, որ դրանից հետո «Նիկոլի ֆենոմեն» չէր լինի։
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ իրենց հայտնվելը խորհրդարանում կլինի զսպող, կկատարեն արբիտրի դեր։ Նա կոչ արեց պայքարել մինչև վերջ։
comment.count (0)