Անհետ կորածների ծնողները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում |armenpress.am|
19:02 - 28 հունիսի, 2021

Անհետ կորածների ծնողները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները հունիսի 28-ին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից անցել է 8 օր, բայց ոչ մի դրական փոփոխություն չկա։

«Վերջին անգամ մենք հավաքվել էինք ՌԴ դեսպանատան մոտ, որ ռուսական կողմն աջակցի մեզ, քանի որ գիտեինք, որ այն մարդիկ, որոնք գնացել են եռակողմ բանակցություններին, կոմպետենտ չէին բանակցություն վարելու: Մի քանի օր հետո իմացանք, որ այդ բանակցությունները մեր օգտին չէին եղել: Մենք արդեն 1 ամսից  ավելի է չունենք ոչ մի ինֆորմացիա, չէինք էլ կարողանում հավաքվել, որովհետև նախընտրական քարոզարշավ էր: Ինչ-որ թվեր են ասում հավանական գերիների, մենք ուզում ենք կառավարությունից հստակ պատասխան ստանալ՝ ինչ է արվում և ինչ է արվել մինչև հիմա: Այսօր հավաքվել ենք, որ մեզ ընդունեն և տան մեր հարցերի պատասխանները»,- նշեց անհետ կորածներից մեկի հարազատը։

Նա նաև հավելեց, որ բողոքի ակցիային մասնակցում են անձինք ՀՀ տարբեր տարածքներից՝ Լանջիկից, Շամշադինից, Ապարանից, Արթիկից, ինչպես նաև քաղաքացիներ կան Արցախից։

«Այս պահին մենք սպասում ենք, որպեսզի մեզ պատասխան տան։ Վարչապետի օգնականը մեզ հետ հանդիպել է այսօր, հստակ չի ասել, կընդունեն մեզ, թե ոչ, պետք է ճշտեր։ Ցանկանում ենք, որպեսզի մեզ ասեն, թե երբ են մեր երեխաների վերադարձնելու հայրենիք, ինչ ճանապարհներով և երբ սպասենք նրանց»,- նշեց մեկ այլ անհետ կորածի ծնողը։

Անդրադառնալով բողոքի ակցիան շարունակելու հարցին, նա ասաց, որ այդ ամենը կախված է վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումից և նրա պատասխանից։ Նրանք նստացույց անելու որոշում դեռևս չեն կայացրել։

Ծնողները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի պատասխանն իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել