ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Մարաղայում տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցի կապակցությամբ
13:43 - 10 ապրիլի, 2019

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Մարաղայում տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձևով կտտանքների ենթարկելով և սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամներ:

Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց գյուղի նկատմամբ՝ այս անգամ հիմնովին ավերելով այն: Մինչ օրս, Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո, իսկ գերեվարվածներից շատերը համարվում են անհետ կորած:

Մարաղայի բնակչության զանգվածային սպանության փաստերը հաստատվել են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում Human Rights Watch-ի and Amnesty International-ի: Ավելին՝ հակամարտության ընթացքում գերեվարվածների հետ աշխատանքներ իրականացրած Physicians for Human Rights կազմակերպության կողմից հրապարակված ուսումնասիրությունում հստակ արձանագրվել է, որ 1990-1996թթ. ընթացքում ադրբեջանական իշխանությունները և քաղաքացիական անձինք մասնակցություն են ունեցել ազգությամբ հայ երեխաների և ծերերի գերեվարման և կտտանքների ենթարկելու ինստիտուցիոնալացված գործընթացում:

Ի լրումն Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հակահայկական ջարդերի` Մարաղայի բնակչության դեմ կատարված հանցագործությունն իրականացվել է արդեն իսկ անկախ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի տարածքում, իսկ այդ կոտորածն իրականացրած ջոկատի հրամանատարը` Տագիև Շահին Տալիբօղլուն պաշտոնապես դարձել է Ադրբեջանի առաջին ազգային հերոսը:

Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված համակարգված զանգվածային ոճրագործությունները՝ դրանց անպատժելիությունը և հերոսացումը Ադրբեջանի հետևողական քաղաքականության մաս կազմեցին և նոր դրսևորումներ ստացան Մարաղայի դեպքերից 24 տարի անց` Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ:

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին՝ միաժամանակ վերահաստատելով մեր հաստատակամությունը կանխարգելելու նմանօրինակ կոտորածների կրկնությունը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը և ապահովությունն իր հայրենիքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել