Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոնաթան Լաքոտ
11:55 - 23 հուլիսի, 2021

Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոնաթան Լաքոտ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է օրեր առաջ կատարած իր գրառմանը․ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում։

«Ֆեյսբուքում այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն է։ Երկուշաբթիից երեքշաբթի գիշերը, գիշերը 2-ին բոլորը օնլայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է, ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են 4 պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ խաչմերուկը, որ նա եղել է ժամանակին»։

Անդրադառնալով 44-oրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դերին և կարծիքներին, որ ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները, դեսպանը նշել է, որ պետք է հայացք նետել ներկա իրողություններին․ «Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթացը»։

 Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցությանը, Լաքոտը նշել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել