Գյումրիում ծորակներից պղտոր ջուր է հոսում. որոշ դպրոցներում դասերն ընդհատվել են |armtimes.com|
15:33 - 11 ապրիլի, 2019

Գյումրիում ծորակներից պղտոր ջուր է հոսում. որոշ դպրոցներում դասերն ընդհատվել են |armtimes.com|

armtimes.com: Վաղ առավոտից Գյումրու գրեթե բոլոր թաղամասերի բնակարանների ծորակներից պղտոր եւ հողոտ ջուր է հոսում: Սա խուճապ է առաջացրել դպրոցներում, նախակրթարաններում, բնակչության շրջանում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանի հետ զրույցում պարզվեց, որ խնդիրը ծագել է Ղազանչի 1 ջրագծի վթարի հետեւանքով:

«Վթարը երեկ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում է եղել: Խոշոր ջրագիծ է վթարվել, հող է լցվել խողովակաշարի մեջ, բայց հիմա մեր ուսումնասիրությունները, որոնք արել ենք այսօր ժամը 10:00-ից մինչեւ 12:30-ի սահմաններում մինչեւ ժամը 13:00-ը, լրիվ նորմալ էր: Մենք ուսումնասիրել ենք ամբողջ Գյումրու ջրամատակարարումը, նմուշառում ենք արել, մնացորդային քլորի քանակը նորմայի սահմաններում է: Դրանից բացի ուսումնասիրել ենք նաեւ Գյումրին եւ հարակից համայնքները սնող քլորակայաններից դուրս եկող ջրերը: Այսինքն Մայիսյան, Մարմաշեն, Հովունի, Կապս, Վարդբաղ: Այդ տարածքներում եւս մնացորդային քլորի քանակությունը բավարար է: Առավոտյան են նկատել պղտորվածություն, որը կապված է վթարավերականգնման աշխատանքների հետ: Ահազանգեր ենք ստացել ե՛ւ մարզպետարանից, ե՛ւ բնակիչներից, ե՛ւ դպրոցների տնօրեններից: Անմիջապես երկու աշխատանքային խումբ, ես էլ հետները զբաղվել ենք էդ խնդրով: Այս պահին անհանգստանալու կարիք չկա»,- ասաց Վարդան Ուռուտանը:

Գյումրու որոշ դպրոցներ ընդհատել են դասերը, նախակրթարանները երեխաներին տուն են ճանապարհել:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել