Եթե հարցին լուծումը չտրվի, երկուշաբթի օրվանից մենք անցնում ենք գործադուլի․ Ավշարի  դպրոցի փոխտնօրեն
13:41 - 15 մարտի, 2019

Եթե հարցին լուծումը չտրվի, երկուշաբթի օրվանից մենք անցնում ենք գործադուլի․ Ավշարի դպրոցի փոխտնօրեն

Մենք անվստահություն ենք հայտնել նոր տնօրինեն, ներկայացրել ենք մարզպետարան և զգուշացրել ենք՝ եթե մինչև այսօրվա վերջ հարցին լուծումը չտրվի, երկուշաբթի օրվանից մենք անցնում ենք գործադուլի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավշար համայնքի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը՝ հավաստիացնելով, որ փոխզիջման չեն գնալու ոչ մի ձևով, թող հաշտության եզրեր չփնտրեն:

Փոխտնօրենն ընդգծեց՝ իրենց որոշումն անփոփոխ է:

Ռեգինա Սիմոնյանը նշեց, որ 4 օր է, ինչ դասադուլը շարունակվում է, իսկ նոր տնօրենն առհասարակ դպրոց չի գալիս, չգիտեն, թե որտեղ է: «Տնօրենը դպրոց չի գալիս, կրթության բաժինը տեղյակ չէ, թե որտեղ է նա: Հարցնում ենք, թե ուր է տնօրենը, ոչ ոք տեղյակ չէ, 4 օր է՝ դպրոցում դասընթաց չկա, ոչ մի բան չեն անում բացարձակ»,- նշեց Ռեգինա Սիմոնյանը:

Նա հավելեց, որ պատրաստ են գումար հավաքել կոլեկտիվով, տնօրենի 5 տարվա աշխատավարձը տան, միայն թե նա լքի դպրոցը: «Առաջին օրով դասարաններ է մտել ամուսնու ուղեկցությամբ, առանց ուսուցչին ներկայանալու, ուսուցչին արհամարհելով աշակերտներին ասում է՝ եթե խնդիր ունենաք, կդիմեք ինձ, ես ձեր հարցերը կլուծեմ: Սխալը սխալի հետևից անելով բարձրացրել է այս բողոքի ակցիան»,- ասաց նա:

Նշենք, որ նորանշանակ տնօրենը փորձել է աշխատանքից ազատել փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին: «Փորձել է հեռացնել փոխտնօրենին, ով իր տարիքի չափ աշխատանքային ստաժ ունի, ես՝ որպես փոխտնօրեն, փորձեցի նրան բացատրել, որ սխալ է իր որոշումը, բայց նա ասաց, որ ամուր է, ուժեղ է, որոշումն էլ փոփոխման ենթակա չէ:

Դե եթե ինքն ամուր է, և իր որոշումը փոփոխման ենթակա չէ, մենք էլ 35 հոգով, կարծում եմ, ավելի ուժեղ ենք, և մեր որոշումն էլ փոփոխման ենթակա չէ»,- ասաց Սիմոնյանը և հավելեց, որ եթե տնօրենն իր ձեռքով դիմում չգրի դուրս գալու, երկուշաբթի առավոտյան դա չլինի, ուսուցչական կազմն է գործադուլ սկսելու:

tert.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել