«ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը փոփոխություն չէր տա». Բայդենը մեկնաբանել է թալիբների մուտքը Քաբուլ |tert.am|
15:08 - 15 օգոստոսի, 2021

«ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը փոփոխություն չէր տա». Բայդենը մեկնաբանել է թալիբների մուտքը Քաբուլ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է թալիբների մուտքն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, գրում է Al Arabiya-ն:

«Եվս մեկ տարի, կամ ևս հինգ տարի, ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը փոփոխություն չէր տա, եթե աֆղանստանցի զինվորականները չեն կարող կամ չի կարողանալու պահել սեփական երկիրը: Եվ մեկ այլ երկրի քաղաքացիական հակամարտության մեջ ամերիկյան անվերջ ներկայությունն ինձ համար ընդունելի չէր»,-ասված է Բայդենի հայտարարությունում:

Հայտնի է, որ թալիբների՝ մայրաքաղաք Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Երկրի ներքին գործերի նախարարն ասել է, որ իշխանության փոխանցումը կլինի խաղաղ՝ առանց կռվի:

Աֆղանստանի բանակի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել քաղաքի հարավային և հյուսիսային ծայրամասերում, թեև թալիբների խոսնակը ասում է, որ խմբին հրահանգ է տրված չգրոհել քաղաքը, որը երկրում կառավարության վերջին հենակետն է: Մամուլի խոսնակը հավելել է, որ խումբը մտադիր չէ վրեժ լուծել որևէ մեկից, և պնդում է, որ բոլոր նրանք, ովքեր ծառայել են կառավարությանը և բանակին, կներվեն:

Աֆղանստանի նախագահությունը պնդել է, որ իրավիճակը Քաբուլում դեռ վերահսկելի է: Քաղաքացիները հերթ են կանգնել՝ իրենց խնայողությունները բանկերից հանելու համար, քանի դեռ դրանց դռները չեն փակվել իրացվելիության բացակայության պատճառով:

Ամերիկացի դիվանագետները դեսպանատնից տարհանվել են ուղղաթիռով. քաղաքում կմնա 50-ից պակաս պաշտոնյա: Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, ԵՄ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ նույնպես տեղափոխվել են Քաբուլում ավելի անվտանգ վայր: Մյուս կողմից, Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ իր պաշտոնյաներին հեռացնել Քաբուլից: «Թալիբան»-ը երաշխավորել է դեսպանատան անվտանգությունը:

Հիշեցնենք, որ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը: Նշվում է, որ այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները գրավել են Մազարի Շարիֆը` Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող Բալխ նահանգի կենտրոնը և երկրի հյուսիսում ամենամեծ քաղաքը: Բացի այդ, արմատական շարժման ուժերն առանց դիմադրության գրավել են Ջալալաբադը՝ արևելյան Նանգարհար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին:Այսպիսով, խոշոր քաղաքներից միայն Քաբուլն է մնացել կառավարության վերահսկողության տակ:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել