Ղազախստանը չի ճանաչում «Թալիբան» շարժմանը |hetq.am|
21:46 - 20 օգոստոսի, 2021

Ղազախստանը չի ճանաչում «Թալիբան» շարժմանը |hetq.am|

hetq.am: Ղազախստանի իշխանությունները չեն ճանաչել «Թալիբան» շարժմանը՝ Աֆղանստանի նկատմամբ թալիբների վերահսկողության հաստատումից հետո: Այդ մասին ուրբաթ օրը՝ օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ական Ռահմետուլինը։ 

««Թալիբան»-ին մենք չենք ճանաչել։ Ինչպես հայտնի է, երեկ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է արել Աֆղանստանում առկա իրավիճակի վերաբերյալ, որը հրապարակվել է մեր ազգային լրատվամիջոցներում։ Ղազախստանում մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել այդ երկրում իրավիճակի զարգացմանը»,- նշել է Ռահմետուլինը՝ պատասխանելով «Թալիբան» շարժման նկատմամբ Ղազախստանի դիրքորոշման հարցին։ 

Նա նշել է, որ Ղազախստանն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությանը՝ ներառական և ներկայացուցչական կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, որը նաև կապահովի կանանց ու փոքրամասնությունների իրավունքների իրացումը, թույլ չի տա այլ երկրների համար սպառնալիք հանդիսացող խմբերի առկայություն և կպահպանի միջազգային իրավունքը։ 

Ռահմետուլինը պնդում է, որ Ղազախստանը որևէ քաղաքական շփում չունի թալիբների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել