Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երևան քննարկելու հանրային և մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները և կայուն ներդրումային լուծումները:
«Հայաստանում էներգիայի ընդհանուր սպառման մինչև 40 տոկոսը բաժին է հասնում շենքերին՝ զգալիորեն ներազդելով ընտանեկան բյուջեների և շրջակա միջավայրի վրա: Մենք՝ հիմնական ֆինանսական կառույցների հետ միասին այստեղ ենք, որպեսզի Հայաստանի նոր կառավարության հետ քննարկենք, թե որ ուղղությամբ համատեղել օժանդակությունը, որպեսզի զգալի կերպով բարելավվի շենքերի էներգետիկ արդյունավետությունը, ինչպես նաև մարդկանց կենսակերպի մակարդակը՝ վերջնական արդյունքում», նշել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով Եվրահանձնաժողովի պատասխանատու Լոուրենս Մերեդիթը՝ Եվրամիության անունից:
«Եվրամիության բանկը՝ Եվրոպական հանձնաժողովի և գործընկեր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանում իրականացվող ծրագրերին, նպաստելով քաղաքացիների առօրյա կյանքի բարելավմանը: Շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը կարևոր է մարդկանց բարեկեցության, էներգիայի և ծախսերի խնայողության, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեսանկյունից: Հայաստանում առկա է էներգաարդյունավետության բարձրացման զգալի ներուժ», մեկնաբանել է ԵՄ բանկի Արևելյան հարևանության բաժնի ղեկավար Լիոնել Ռապեյը:
comment.count (0)