Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն երեք նախագահներին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա. Ն․ Փաշինյան
12:46 - 19 մարտի, 2019

Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն երեք նախագահներին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա. Ն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում անհրաժեշտություն լինելու դեպքում պատրաստ է խոսել ՀՀ երեք նախագահների հետ։

«Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա»,-մամուլիսի ասուլիսին այսպես արձագանքեց վարչապետ Փաշինյանը, հարցին, թե արդյոք պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ։

«Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունն, անկեղծ ասած, չի ծագել: Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել և ինքը ներկայացրել է բանակցային գործընթացը: Եթե դրա արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնեինք, բնականաբար, իրենից էլ կհարցնեիք: Կարողա վաղը ծագի տենց անհրաժեշտություն, կհարցնեմ, կարող է մյուս օրը 2004 թվականից հետ կապված անհրաժեշտություն ծագի, Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ, կարողա մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթաժողովի մասին, Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ:

Կարողա անհրաժշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել և հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե չգիտեմ՝ նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումներին՝ Փաշինյանն ասաց, որ դրական է համարում այն երկխոսությունը, որ դեռ պիտի գա:

«Երբ միջազգային հանրությունն ասում է՝ հանրություններին պիտի պատրաստել խաղաղության, ո՞վ պիտի դա անի: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի վարչապետը պետք է Հայաստանի հանրությանը խաղաղության պատրաստի, Ադրբեջանի նախագահը՝ Ադրբեջանի հանրությանը: Ես կարծում եմ, որ այդպես հնարավոր չէ:

Ինչպես Ստեփանակերտում ասացի՝ ես կարծում եմ, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում և Ադբեջանի ղեկավարն էլ պետք ա մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու դեպքում: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի և Ղարաբաղի հանրությանը որևէ ասելու բան ունի՞, որ ուղիղ կարող է նրանց հետ խոսել: Ես, օրինակ, շատ բան ունեմ Ադրբեջանի հանրությանն ասելու», - ասաց Փաշինյանը։

hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել