Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» ՊՈԱԿ-ի տնօրենին
11:02 - 19 մարտի, 2019

Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» ՊՈԱԿ-ի տնօրենին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով արձանագրված թերություններն ու խախտումները, ինչպես նաև՝ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի եզրակացությունը, հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում էր իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում վերհանված թերությունների և խախտումների մասին ամփոփ վերլուծությունը հրապարակվել է զանգվածային լրատվամիջոցներում և ներկայացվել նախարարություն:

Երկու շաբաթ առաջ օմբուդսմենը ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները: Հատուկ դպրոցներում արձանագրվել են առանց օրինական հիմքերի երեխաների հայտնվելու դեպքեր, երեխաների միջև բռնության, աշխատանքի շահագործման մասին տվյալներ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝

— երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, ինչպես նաև աշխատանքի շահագործման մասին տվյալներ,

— դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ,

— խոհանոցային տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված խնդիրներ
հայտնաբերվել է ժամկետանց սնունդ, ինչպես նաև դեպքեր, երբ երեխաներին չի տրամադրվել բավարար քանակությամբ ձկնեղեն, կաթնամթերք և միրգ
հաստատությունների ննջասենյակներում եղել են գերբնակեցման դեպքեր
հայտնաբերվել են թերություններ՝ կապված գրեթե բոլոր հաստատություններում ընդունելության փաստաթղթերի հետ (օրինակ՝ առկա չեն եղել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրեր, ծնողների դիմումներ, ուղեգրեր),

— հատուկ նպատակով նախատեսված մեկուսարանները օգտագործվել են որպես պահեստ, իսկ մեկուսարաններում գտնվող անկողնային պարագաները եղել են սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում: Անգամ մեկ դեպքում հայտնաբերվել են կրծող կենդանիների արտաթորանքներ,

— մի շարք հաստատությունների գործունեությունը չի համապատասխանում այդ հաստատության համար սահմանված տիպին․

— արձանագրվել են լոգարանների պատուհանների թափանցող ապակիներ, որի պատճառով լոգարանի ներսի հատվածը տեսանելի է եղել նույն հարթության վրա գտնվող բակից,

— արձանագրվել են դեպքեր, երբ զուգարանակոնքերն առանձնացված չեն եղել միջնորմերով,

— սանհագույցներում հիմնականում բացակայել է զուգարանի թուղթ, հեղուկ օճառ և այլ սանիտարահիգիենիկ պարագաներ,

— մի շարք հաստատությունների ննջասենյակներում վարագույրներ կախված չեն եղել, բացակայել են ներքնակներ, անձնական հիգիենայի պարագաներ, հայտնաբերվել են աղտոտված անկողնային պարագաներ, անբավարար քանակությամբ կողապահարաններ,

— աշխատանքային ժամերից հետո հաստատություններում բուժանձնակազմ, որպես կանոն, չի լինում,

— շենքային պայմանները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար,

— որոշ հաստատություններում բացակայել են բողոքարկման արկղեր և բողոքարկման ընթացակարգեր նախատեսված չեն եղել և այլն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել