Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին
10:05 - 19 մարտի, 2019

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար՝ հատկապես կրթության համակարգում առկա է մեծ ներուժ»: Ընդգծելով, որ կրթությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է՝ ԿԳ նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կրթության ոլորտի առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգը, որն ընդգրկում է հանրակրթությունից մինչև ՄԿՈՒ ոլորտ, բարձրագույն կրթությունից մինչև գիտության ոլորտ:

Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում ջանքերը հիմնականում պետք է ուղղվեն հանրակրթության ծրագրերի, չափորոշիչների և ռազմավարության մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման ուղղությամբ: ԿԳ նախարարը կարևորել է նաև ՄԿՈՒ-աշխատաշուկա կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող բարեփոխումները:

Անդրադառնալով, համընդհանուր ներառականության գործընթացին՝ նախարար Հարությունյանը կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ներկայում իրականացվող ծրագրի շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 100 հանրակրթական դպրոց հարմարեցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին: 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել