Բրազիլացի գիտնականը մարդկանց  չի հորդորել որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով, որ դրանք կազատեն կորոնավիրուսից
20:55 - 11 սեպտեմբերի, 2021

Բրազիլացի գիտնականը մարդկանց չի հորդորել որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով, որ դրանք կազատեն կորոնավիրուսից

News.am կայքում սեպտեմբերի 6-ին հրապարակվել է «Բրազիլական իժի թույնն օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է՝ Սան Պաուլոյի գիտնականները պարզել են, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը 75%-ով։

«Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջուզեպե Պուորտոն, կոչ է արել մարդկանց որսալ օձերին՝ հույս ունենալով, որ վերջիններս կազատեն նրանց կորոնավիրուսից»,- գրված է հոդվածում։

News.am-ը նյութում հղում է անում lenta.ru-ին։ Lenta.ru-ում սեպտեմբերի 5-ին հրապարակվել է նույն վերնագրով հոդված, որի բովանդակությունը ևս գրեթե նույնությամբ համընկնում է news.am-ի հոդվածին։ 

Lenta.ru-ում, սակայն, մի հատված տարբերվում է․ «Հետազոտության հեղինակների մեկը՝ Ջուզեպպե Պուորտոն, մարդկանց կոչ է արել չորսալ օձերին՝ հույս ունենալով, որ վերջիններս կազատեն նրանց կորոնավիրուսից»։

Lenta.ru-ն, իր հերթին, հղում է անում «Reuters» գործակալությանը։ Այսպիսով, reuters.com-ում սեպտեմբերի 1-ին հրապարակված հոդվածում ևս խոսվում է Սան Պաուլոյի գիտնականների բացահայտման մասին։

Ի տարբերություն news.am-ի և lenta.ru-ի, reuters.com-ը նշել է, որ բրազիլացի հետազոտողների գիտական հոդվածը հրապարակված է «Molecules» ամսագրում։

Բացի այդ՝ երեք լրատվամիջոցները տարբեր են ձևակերպել իրենց նյութերի առաջին պարբերությունները։

News.am-ը գրել է․ «Սան Պաուլոյից գիտնականները պարզել են, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը 75 տոկոսով»:

Lenta.ru-ն գրել է․ «Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները հայտարարել են՝ պարզվել է, որ բրազիլական իժի թույնը 75%-ով  արդյունավետ է օրգանիզմում կորոնավիրուսը ճնշելու համար»:

Այժմ ընթերցենք «Reuters»-ի նյութի առաջին պարբերությունը․ «Բրազիլացի հետազոտողները օձերի տեսակներից մեկի թույնում հայտնաբերել են մոլեկուլ, որն արգելել է կապիկի բջիջներում կորոնավիրուսի վերարտադրությունը․ հնարավոր է, որ սա COVID-19-ի դեմ պայքարելու համար դեղամիջոց ստեղծելու առաջին քայլն է»:

Ինչպես տեսնում ենք, «Reuters»-ը տվել է Սան Պաուլոյի համալսարանի հետազոտողների ուսումնասիրության ճշգրիտ նկարագրությունը և չի պնդել, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը։ Նման պնդում, ի դեպ, չի արել նաև lenta.ru-ն․ կայքը միայն նշել է, որ բրազիլական իժի թույնը արդյունավետ է օրգանիզմում կորոնավիրուսը ճնշելու համար, չնայած որ սա էլ լիովին ճշգրիտ ձևակերպում համարել չենք կարող։

Երբ կարդում ենք «Molecules» ամսագրում հրապարակված գիտական հոդվածը, տեսնում ենք, որ այնտեղ էլ ոչ մի խոսք  չկա այն մասին, թե բրազիլական իժի թույնն է ճնշում կորոնավիրուսը։ Հոդվածում նշվում է, որ  «Bothrops jararacussu» անունով օձի թույնից անջատված մոլեկուլը, ըստ իրենց հետազոտությունների արդյունքների, կարող է SARS-CoV-2-ի դեմ նոր դեղամիջոցների մշակման համար նախատիպ դառնալ։

Ինչպես տեսնում ենք, միայն «Reuters»-ի տված նկարագրությունն է լիովին համապատասխանում գիտական հոդվածում ներկայացված տվյալներին։

Բացի այդ՝ «Reuters»-ին տված հարցազրույցում հետազոտության հեղինակներից Ջուզեպպե Պուորտոն նշում է, որ պետք չէ գնալ ու որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով այդ կերպ փրկել աշխարհը, և հավելում․ «Թույնն ինքնին չի բուժում կորոնավիրուսը»։

Այսպիսով, news.am-ը, lenta.ru-ից թարգմանելով Սան Պաուլոյի գիտնականների հետազոտության մասին լուրը, այն ոչ լիարժեք ու սխալներով է ներկայացրել։ Նախ, news.am-ի թարգմանությունից տպավորություն է ստեղծվում, որ օձի թույնն է ազդում COVID-19-ի վրա, մինչդեռ խոսքը թույնից անջատված մուլեկուլի մասին է։ Բացի այդ՝ հետազոտողներից մեկը մարդկանց կոչ չի արել որսալ օձերին, ավելին՝ ասել է, որ իրենք զգուշանում են դրանից, քանի որ օձի թույնը չի բուժում կորոնավիրուսը։

 

Գլխավոր լուսանկարը՝ reuters.com-ի

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել