Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
19:59 - 07 մայիսի, 2024

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարները: Ընդգծվել են այդ ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջոցով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակով նախաձեռնված ճանապարհին և վերջին շրջանում կայացած քննարկումների արդյունքում նկատելի է երկուստեք վճռականությունը էական խթան հաղորդել երկկողմ կապերին, որոնք հիմնված են պատմական ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա:

Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային, գիտության ու կրթության ոլորտում, մարդկանց միջև շփումների խորացման հարցերին, նշվել է Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկի, ինչպես նաև Stipendium Hungaricum կրթաթոշակային ծրագրի օգտակարությունը: Որպես երկու ժողովուրդների միջև ամուր կապերի վկայություն՝ նշվել է նաև Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի հանդեպ հունգար ժողովրդի և Հունգարիայի կառավարության հոգածությունը:

Արարատ Միրզոյանը և Իշտվան Յակաբը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ներդրվող ջանքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել