ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կարևորությունը |armenpress.am|
09:57 - 13 մարտի, 2019

ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կարևորությունը |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին նշեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«Ջերմորեն ողջունել եմ այն փաստը, որ բռնությունը մեծապես նվազել է սահմանին: Վստահ եմ, որ սա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը խաղաղ կարգավորման նպատակով: Բազմաթիվ են մարտահրավերները, բայց կան բոլոր հիմքերը՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին:

Կցանկանամ նաև ընդգծել, թե ինչքան կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավել վստահություն ամրապնդող գործընթացներ: Մեր նախագահությունը ԵԱՀԿ-ում մարդակենտրոն է, միտված է հակամարտությունների կանխարգելմանը, անվտանգ ապագայի կազմակերպմանը»,- շեշտեց ԵԱՀԿ գործող նախագահը`նկատելով, որ հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների քանակի նվազեցումը փաստում է, որ հակամարտությունը լուծված չէ, և փուլային, քայլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը կբերի փոփոխություններ մարդկանց կյանքում:

Լայչակը նշեց, որ Երևան է ժամանել՝ վերահաստատելու ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին: Միաժամանակ նաև իր լիակատար աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:

armenpress.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել