Հոկտեմբերի 20-ին Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի թեկնածու, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գևորգ Ռազմիկի Փարսյանի և ավագանու թեկնածուների հանդիպումը համակիրների հետ։ Այս մասին հայտնում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։
Հանդիպման ընթացքում ավագանու թեկնածուները հակիրճ ներկայացրել են համայնքի առանցքային՝ անվտանգության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը։
Համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Փարսյանը ներկայացնելով 3 տարվա կարևորագույն ձեռքբերումները, ինչպես նաև ավագանու ընտրություններին առաջադրվելու կարևորությունը, նշել է, որ ծանոթ է համայնքում առկա խնդիրներին, գիտի դրանց լուծման ճանապարհները և ունի թիմ, փորձառություն՝ դրանք լուծելու համար։ «Կապան համայնքն ու կապանցիներն առավել քան երբևէ սրտացավ վերաբերմունքի և անձնուրաց աշխատանքի կարիքն ունեն: Իմ թիմը կրկին պատրաստ է ստանձնելու այդ կարևոր առաքելությունը՝ Կապանի կառուցման, շենացման ու հզորացման տեսլականով»– ասել է Գևորգ Փարսյանը։
Նշենք, որ քարոզարշավի մեկնարկը ավագանու թեկնածուները տվել են Բաղաբուրջի հուշահամալիրից՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
comment.count (0)