Դեռ 2001-ին հասկացա, որ Պուտինի հետ կան լուրջ տարաձայնություններ․ Մերկել |azatutyun.am|
15:51 - 23 հոկտեմբերի, 2021

Դեռ 2001-ին հասկացա, որ Պուտինի հետ կան լուրջ տարաձայնություններ․ Մերկել |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե դեռ 2001 թվականին է հասկացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունի լուրջ տարաձայնություններ:

Ըստ Մերկելի, նա դրանում համոզվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ երբ Պուտինը ելույթ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագում:

«Ռուսաստանի ղեկավարի համար Խորհրդային Միության փլուզումը տխուր իրադարձություն էր, մինչդեռ, մենք ուրախությամբ ենք ընդունել սառը պատերազմի ավարտը և գերմանական ու եվրոպական միասնությունը»,- ասել է Մերկելը:

Պաշտոնավարումն ավարտող կանցլերն այսօր հրապարակված հարցազրույցում անդրադարձել է նաև Ուկրաինայի իրավիճակին:

«Ստանձնելով կանցլերի պաշտոնը, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, թե մի օր Պուտինը կգրավի Ղրիմը, և Ուկրաինայի արևելքում՝ փաստորեն Եվրամիության սահմանի մոտ, տեղի կունենան այդպիսի ռազմական բախումներ»,- ասել է Մերկելը:

Նա նշել է նաև, թե այսօր Գերմանիայի դերակատարությունն աշխարհում հետզհետե նվազում է, թեպետ Գերմանիան հարուստ պետություն է: Նրա խոսքով, պատճառն ուժերի հաշվեկշռի ամբողջական փոփոխությունն է:

«Երբ ես դարձա կանցլեր, Չինաստանի ներքին համախառն արդյունքը 2 տրիլիոն 300 միլիարդ դոլար էր, Գերմանիայինը՝ 2 տրիլիոն 800 միլիարդ, մինչդեռ, այսօր Չինաստանի ՀՆԱ-ն 14 տրիլիոն 700 միլիարդ է, իսկ Գերմանիայինը՝ 3 տրիլիոն 800 միլիարդ»,- ասել է կանցլերը:

Մերկելի խոսքով, Գերմանիըան պետք է ռազմավարական առումով ճիշտ կառուցի հարաբերություններն աշխարհի հետ և պայքարել աշխարհում դիրք ունենալու համար : Կանցլերն ասել է նաև, որ հարկ է ամեն ինչ անել և գտնել այն ուղին, որը թույլ կտա պահպանել Եվրոպայի միասնությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել