Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|
11:38 - 28 հոկտեմբերի, 2021

Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|

armenpress.am: Համայնանքերի ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքում անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն՝ օրենքի ուժով, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չի սահմանվի:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Մենք ՏԻՄ օրենքում ամրագրել ենք, որ համայնքն իր պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Երկրորդ փոփոխությամբ առաջարկում ենք, որ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնային եղանակով տրամադրվի: Երրորդը՝ մենք արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նախատեսել ենք հնարավորություն՝ հրավիրելու ավագանու նիստերը նաև հեռավար եղանակով»,-ասաց Տերտերյանը:

Առաջարկվում է նոր կետով լրացնել համայնքի ավագանու լիազորությունները սահմանող հոդվածը, որով համայնքի ավագանին կհաստատի նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը:

Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է, որ բոլոր համայնքները, որոնք դարձել են բնակավայր, պետք է ունենան վարչական ղեկավարներ: 500-ից պակաս հաշվառված բանկիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հնարավորություն է տրվել խոշորացված համայնքի ավագանուն: Նաև ավագանին կորոշի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը:

«500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտությունը հանել ենք: Այսինքն՝ 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են և չունենալ բարձրագույն կրթություն»,-ասաց Տերտերյանը:

Անհարգելի պատճառով ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքերն արձանագրվում էին գործող օրենքով, ավագանու կազմած արձանագրությամբ: «Մենք առաջարկել ենք դա փոխարինել՝ սահմանելով, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով: Հաճախ այդ արձանագրությունը կազմել չի հաջողվում՝ այս կամ այն պատճառներով, և իրավական փակուղի ենք մտնում, որևէ բան չենք կարողանում անել՝ այդ խնդիրը լուծելու համար»- ասաց Տերտերյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել